Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ գաղտնալսումը վատ է, ապօրինի ու մտահոգիչ, փաստ է, երկու կարծիք լինել չի կարող, և ոչ թե ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն պետք է զարմանան, այլ մենք պետք է զարմանանք, թե ինչպես են մեր ուժային կառույցների հեռախոսազանգերը լսում, ինչու են իրենք այդքան անզգույշ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ համացանցում հայտնված` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը:
Նրա խոսքով՝ բոլորը պետք է մտահոգություն ունենան, քանի որ բոլորը երեկ վարչապետից ակնկալում էին հստակ գնահատական հեռախոսազրույցի վերաբերյալ: «Եթե նրանց լսում են, մեզ էլ կարող են լսել, էլ չեմ ասում, որ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, համաժողովներ կան, որ մենք պաշտպանված չենք: Մյուս կողմից` իհարկե, սա դատապարտելի էր՝ Մերկելին են լսում, Փաշինյանի անունից զանգում են եվրոպական պաշտոնյաների հետ են խոսում: Բայց ավելի դատապարտելի է խնդրի բովանդակությունը. երեկ վարչապետի կողմից տեղի ունեցավ մանիպուլյացիա, փաստերի մանիպուլյացիա: Որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը, միանգամից գոռացին, թե վատ է պետության համար: Հասկացանք՝ շատ վատ է: Շարմազանովը չէ մեղավոր դրանում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նշեց, թե բազմաթիվ անգամներ Փաշինյանն ասել է, որ դատական մարմինների աշխատանքներին չի միջամտում՝ ո'չ Քոչարյանի, ո'չ Մարտի 1-ի, ո'չ էլ մեկ այլ գործով, հիմա ինչպե՞ս եղավ, որ ԱԱԾ պետը դատավորի հետ կապի մեջ է մտնում և ասում՝ դուխով, ավելին՝ ասում է՝ ուզես-չուզես, պետք է կալանավորես: «Խաչատուրովի խափանման միջոցը որոշվում է ոչ թե փաստերի հիման վրա, այլ «ռուսների հետ նոր ենք բարիշել, կնեղանան, թե չեն նեղանան»-ի հիման վրա: Ասում է՝ «վարչապետն ասել է՝ փակեք, մի հատ վարչապետի հետ խոսենք»: Վարչապետն ի՞նչ կապ ունի այդ գործի հետ»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա` եթե գաղտնալսումը կատարվել է այստեղից՝ դավադիր ուժերի, հակահեղափոխականների կողմից, կամ ասենք՝ դրսից, դա թող պարզեն, բայց մի բան փաստ է՝ Հայաստանում քրեական գործերը զանգովի արդարադատությամբ են իրականացվում: Ըստ պատգամավորի՝ ձայնագրությունն ապացուցեց, որ Հայաստանում կա քաղաքական հետապնդում, քաղաքական պատվեր:
«Ի՞նչ կապ ունի ասֆալտի վրա պառկեցնելը, կամ այդ երկու ժամում ո՞ւմ պառկեցրեցին, երկու խեղճուկրակ «Նիվա»-ի վարորդի՞: Երեկ վարչապետն իր հայտարարությամբ Հայաստանում քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը հայտարարեց: Դա վարչապետի՞ ելույթ էր: Մուննաթ ինչո՞ւ է գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ն, մնացած երեք ուժերը: Ի՞նչ է սա նշանակում: Կոնկրետ հարց ենք տալիս՝ բովանդակության վերաբերյալ գնահատական տվեք, կոնկրետ, և' ԱԱԾ պետը, և' ՀՔԾ տնօրենը միջամտում են իրավական գործերին: Ավելին՝ սիրելի վարչապետ, քո անունն է շոշափվում, հերքի կամ հաստատի: Եթե իրենք ասել են միտումնավոր ու սուտ են ասել, ուրեմն պետք է պատժվեն: Իսկ եթե ճիշտ են ասել, որ դու հրահանգել ես «փակել», ուրեմն՝ այստեղ գործ ունենք ոչ թե արդարադատության համակարգի, այլ զանգովի արդարադատության հետ, որտեղ ամեն ինչ համաձայնեցվում է քեզ հետ: Իմանանք, էլի»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց նաև, որ երեկ էլ ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ եթե այդպես է, մեր երկրին ո'չ ԱԺ է պետք, ո'չ կառավարություն, այլ միայն մի պաշտոնյա է պետք, անունը` միապետ Նիկոլ Փաշինյան, ու թող նա էլ դատավոր, դատախազ, ՀՔԾ, ԱԺ ու կառավարությունը լինի: