Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձը սեպտեմբերից բարձրանում է 10%-ով: Կառավարության ծրագրով նախատեսված՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման մասին որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 5-ի նիստում: Ըստ այդմ, հանրակրթության ոլորտի պետական հատկացումներն ավելացվել են 1 մլրդ 666 մլն 675 հազար դրամով` ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ` ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Անդրադառնալով մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ աշխատավարձի 10% աճը հեղափոխական բարձրացում չէ, սակայն գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի, եթե ազդեցություն ունենա որակի բարելավման վրա: «Եթե մենք համոզվենք, որ աշխատավարձերի բարձրացումը բերում է ուսուցչի և դպրոցի կողմից մատուցվող ծառայության որակի բարելավմանը, աշխատավարձի բարձրացումը կդառնա շարունակական գործընթաց: Այստեղ մեծ պատասխանատվություն է դրված ուսուցչի և դպրոցի վրա, որ նրանք կարողանան այս օրակարգը կենսունակ դարձնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նախագիծը ներկայացնելիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը դիտարկում է որպես կրթության որակի բարելավմանը միտված քայլ: Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍՆ մշակած առաջարկության համաձայն` նախատեսվում է փոփոխել դպրոցների ֆինանսավորման բանաձևը և սահմանել մանկավարժի նվազագույն աշխատավարձ, որը մեկ դրույքի համար կկազմի մոտ 108,000 դրամ: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձի իրավական դրույթը կգործի արդեն հունվարից, իսկ ֆինանսավորման նոր բանաձևում, ի տարբերություն գործող տարբերակի, հաշվի կառնվեն դասարանների թիվը, դպրոցների բեռնվածության աստիճանը և այլ հարցեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ որոշ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար կրճատումներ են լինելու, չեն համապատասխանում իրականությանը: Ուսումնական պլանների փոփոխություն չի եղել, հետևաբար, դրույքների կրճատում, ինչպես նախարարն է պարզաբանել, չէր կարող լինել:
Նշենք, որ մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը ՀՀ կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից է: Այդ նպատակով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում: Գործարկվելու է «Ուսուցիչ» նախագիծը, որը հնարավորություն կտա մանկավարժներին կամավոր մասնագիտական ատեստացիա անցնելու դեպքում աշխատավարձի 50% բարձրացում ունենալ:
Հավելենք, որ պետության կողմից ուսուցիչների աշխատավարձի բարձրացում տարիներ շարունակ չէր կատարվել։ Նշենք, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: