կարևոր
442 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-30 11:43
Հասարակություն

Կարապետյանին ճանաչող մարդիկ գիտեն՝ էսպիսի պայմանավորվածություն հնարավոր չի․ պայքարը շատ լուրջ է լինելու․ Ղազինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մամուլի ասուլիսի ընթացքում շեշտեց, որ ՀԷՑ-ի շուրջ ընթացող գործընթացներն իրականացվում են առանց որևէ նախնական քննարկման կամ շփման ընկերության հետ։ Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է իրավաբանորեն անգրագետ օրենքի նախագծի, որի նպատակները մնում են խիստ վիճահարույց։

Ղազինյանն ասաց, որ մինչ այս պահը իշխանությունների կողմից իրենց հետ որևէ կոնտակտ չի եղել՝ ոչ քննարկում, ոչ պարզաբանում, և ավելացրեց, որ գործընթացը նման է «առանց կանոնների մղվող պայքարի»։

Նա հրաժարվեց մանրամասներ հայտնել ՀԷՑ-ի ռազմավարության և իրավական քայլերի մասին՝ նշելով, որ ամեն ինչ արդեն նախապատրաստված է, ընթանում են բանակցություններ, և բոլոր իրավական ռեսուրսները գործի են դրվելու՝ այդ թվում միջազգային ատյաններում։
Ղազինյանն ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի դեմ ձեռնարկված գործողությունները ակնհայտորեն ազդել են նաև ՀԷՑ-ի վրա, սակայն որևէ «գործարք» կամ զիջում Կարապետյանի կողմից չի կարող լինել։ Նա վստահեցրեց, որ վերջինս այդպես չի գործում, իսկ իր ներկայիս կալանավորումը հենց ապացույցն է այդ անզիջում դիրքորոշման։

Անդրադառնալով աշխատակիցների վրա հնարավոր ճնշումներին՝ Ղազինյանը նշեց, որ չկան հաստատված փաստեր իշխանական միջամտության կամ կոմպրոմատների փորձերի մասին, սակայն շրջանառվում են խոսակցություններ, թե հնարավոր է ղեկավար կազմ փոխվի, աշխատավարձեր բարձրացվեն։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի եղբոր՝ ՀԷՑ-ում աշխատանքի ընդունմանը, նա չհերքեց, բայց հրաժարվեց մեկնաբանել՝ դա չկապելով որևէ հատուկ ծրագրի կամ սցենարի հետ։

Ղազինյանը եզրափակեց՝ ասելով, որ ՀԷՑ-ը պատրաստվում է պայքարել բացառապես օրենքի շրջանակում՝ հիմնվելով իրավական ուժի և գործընկերների աջակցության վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։