Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Երեկ իսկապես ծանր գիշեր էր․ երկու կողմն էլ օգտագործում էին իրենց ծանր զինանոցը՝ կարծես միմյանց ապտակ տալու խնդիր կար», – «Փաստինֆո»-ին հայտնել է Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ պայթյուն է տեղի ունեցել իր տան մոտ, սակայն, բարեբախտաբար, իրենք չեն տուժել։ «Համայնքում մեծ վնասներ չկան։ Պայթյուն եղավ Հայկական «Արարատ» մարզավանի մոտակայքում․ պայթյունի ալիքից՝ ինչպես «Ալիք»-ի խմբագրությունում, այնպես էլ մարզավանում, պատուհանների ապակիները փշրվեցին և երկու դուռ վնասվեց։ Դա է ամբողջ վնասը։ Այժմ հարաբերական անդորր է՝ պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվել, բայց դե ֆակտո հրադադար է։ Սպասում ենք՝ ինչ զարգացում կլինի։ Օրվա ընթացքը ցույց կտա՝ հրադադարը կպահպանվի, թե ոչ։ Ամեն դեպքում, Իրանը հայտարարել է, որ եթե մյուս կողմն անգամ խախտի, ինքը՝ չի խախտելու», – ընդգծել է Շահնազարյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ պատերազմի առաջին օրերին Իրանում սահմանվել էր վառելիքի վաճառքի սահմանափակում՝ յուրաքանչյուր վարորդ կարող էր գնել առավելագույնը 25 լիտր․ «Դա արվել էր ռեսուրսների կարգավորման նպատակով։ Խուճապ չկար, սակայն հոգեբանական լարվածություն առկա էր, և բենզալցակայանների մոտ հերթեր գոյացել էին։ Որպեսզի քաղաքացիները կարողանան անհրաժեշտության դեպքում արագ տեղափոխվել, փորձում էին բաքերը լիքը պահել։ Սակայն վառելիքի մատակարարումը երբեք չի դադարել։ Պետությունը կարողացել է ապահովել բենզալցակայանների գործունեությունը, անգամ քաղաքից դուրս շրջիկ տանկերներ էին տեղակայված՝ ճանապարհներին բենզին մատակարարելու համար»։
Շահնազարյանի խոսքով՝ Թեհրանի բնակչության մի մասը, հատկապես ամառանոց ունեցողները, նախընտրել է քաղաքից դուրս գնալ՝ ավելի ապահով վայրեր։ «Քաղաքը ռմբակոծվում էր, այդ պատճառով էլ մարդիկ հեռանում էին։ Սակայն վերջին երեք օրերին քաղաքը աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին։ Ոմանք ծովափ են մեկնել, հատկապես Գիլանի ու Մազանդարանի ուղղությամբ, իսկ այժմ՝ երբ միջոցները սպառվում են, մարդիկ վերադառնում են։ Կարծում եմ՝ վաղը Թեհրանը ամբողջությամբ կվերադառնա իր բնական ռիթմին»։
Պատասխանելով հարցին, թե ինչու դեպի Հայաստան մեծ հոսք տեղի չունեցավ, նա նշել է՝ «Օդային երթևեկությունը դադարեցված էր, իսկ ավտոբուսների տոմսեր դժվար էր ձեռք բերել։ Առաջիկա 10 օրվա բոլոր տոմսերն արդեն սպառված էին։ Իսկ անձնական մեքենայով մեկնելու դեպքում մարդիկ նախ ծախսերն էին հաշվում։ Իրանցիները նախընտրում են երկրի ներսում ավելի ապահով վայրեր տեղափոխվել, քան դուրս գալ։ Ի վերջո, եթե դուրս գաս, ո՞ւր պիտի գնաս, ու ինչքա՞ն մնաս՝ մի ամիս, երկու ամիս… սա հայտնի չէ, որովհետև պարզ չէ՝ որքան կշարունակվի պատերազմը»։
Նա հավելել է, որ համացանցը պատերազմի սկզբում դանդաղել է, ապա ամբողջությամբ արգելափակվել՝ անվտանգության նկատառումներով։ «Երրորդ օրվանից համացանցը ամբողջությամբ փակվեց։ Դա արվել է, քանի որ գործակալական մեծ ցանց էր ակտիվ Իրանում, և Իսրայելը այդ ցանցերի միջոցով էր հիմնականում հարվածներ հասցնում։ Համացանցի սահմանափակմամբ նաև դադարեցին ինտերնետի միջոցով վերահսկվող քվադրոկոպտորների պայթյունները»։