կարևոր
1825 դիտում, 18 ժամ առաջ - 2025-06-13 20:38
Քաղաքական

Ռուբեն Վարդանյանի վիճակը մտահոգիչ է. փաստաբանը՝ «դատի» և Ալիևի «սողանցքների» մասին. Sputnik Արմենիա

Ռուբեն Վարդանյանի վիճակը մտահոգիչ է. փաստաբանը՝ «դատի» և Ալիևի «սողանցքների» մասին. Sputnik Արմենիա

Ռուբեն Վարդանյանի վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում՝ նա շատ է նիհարել, առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին APRI Armenia համաժողովի ընթացքում Sputnik Արմենիային հայտնեց Վարդանյանի իրավական հարցերով միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը։

«Ադրբեջանական բանտերում շատ դժվար է բոլոր հայերի համար։ Մտահոգիչ է, որ ԿԽՄԿ-ն միակ կառույցն էր, որը կանոնավոր հասանելիություն ուներ բանտարկյալներին, իսկ հիմա այն լքում է Ադրբեջանը», - ասաց Գենսերը։

Փասստաբանը պարզաբանեց, որ մտահոգիչ է հայ ռազմագերիների վիճակի անկախ մոնիթորինգի բացակայությունը։

Դատավարության մասին

Գենսերը հայտարարեց, որ Բաքվի դատավարությունը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին: Նախ՝ քաղաքացիական անձանց գործը քննում են ռազմական դատարանում, ինչը հակաօրինական է, ապա՝ բոլոր մեղադրանքներն ունեն քաղաքական շարժառիթներ, իսկ դատական նիստն ընթանում է բազմաթիվ դատավարական խախտումներով։

Նա համոզված է, որ բանտարկվածների նկատմամբ Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով մեղադրական դատավճիռ կկայացնի։ Իսկ այնուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իհարկե, միջազգային հանրության ճնշման դեպքում, կարող է մեծահոգություն խաղալ։

«Նա կարող է հայտարարել, թե իբր մտահոգված է մարդասիրական հարցերով, ականջալուր է մարդու իրավունքների հարցերով զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների կոչերին և որպես բարի կամքի ժեստ բաց է թողնում նրանց», - ասաց Գենսերը:

Փաստաբանի կարծիքով, Ալիևը ցանկանում է Բաքվում պահվող գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ և ռազմական հանցագործներ: Սակայն միջազգային հանրությունը հասկանում է՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները լեգիտիմ չեն, Բաքվի բանտում գտնվող հայերը քաղբանտարկյալներ են, իսկ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել։

Ուստի ինչպես էլ անցկացվի դատավարությունը, ոչ մի բան, այդ թվում՝ բանակցային գործընթացը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, չի կարող ազդել դրա ելքի վրա։

Գենսերը նշեց, որ Բաքվում պահվող գերիներին կարելի է ցանկացած պահի ազատ արձակել, առավել ևս, որ «խաղաղության պայմանագրում» նրանց վերաբերյալ կետ չկա: Ամենահավանական սցենարը, ըստ փաստաբանի, հետևյալն է. նրանց ազատ արձակման մասին համաձայնությունը կարող է ձեռք բերվել «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը զուգահեռ՝ չլինելով դրա մաս:

Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է գոնե խոսեն գերիների մասին, ասեն, որ չնայած Բաքվի հայտարարություններին, նրանց ազատ արձակումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է, որը ուղիներ կփնտրի նրանց վերադարձնելու համար:

Գենսերի խոսքով, հայրենակիցների առողջական վիճակին տեղեկանալու համար Երևանը կարող էր խնդրել երրորդ երկրներին աջակցությունը կամ խնդրել Ադրբեջանում Հայաստանի բարեկամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին՝ ներկա գտնվել դատական նիստերին և ելույթ ունենալ միջազգային կազմակերպությունների հարթակներում:

«Այո, այս ամենը չի ազդի դատավարության արդյունքի վրա, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունների նման գործողությունները, ինձ թվում է, կարևոր են», - ասաց Գենսերը:

Հայց ընդդեմ Բաքվի

Տեսականորեն Ռուբեն Վարդանյանը կարող է իրավունքների խախտման համար հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ, սակայն դա արդյունք չի ունենա։ Գենսերը պարզաբանեց, որ Ադրբեջանի դեմ առանց այդ էլ ՄԱԿ-ի միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում արդեն կան միջազգային հայցեր, որոնք «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո պետք է հետ կանչվեն:

«Քանի որ այդ հայցերը ներառում են նաև քաղբանտարկյալների հարցը, Փաշինյանը դրանց հետկանչից հետո չի կարողանա անգամ բարձրացնել նրանց առողջական վիճակի հարցը», - պարզաբանեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: