կարևոր
2077 դիտում, 2 օր առաջ - 2025-06-03 19:21
Հասարակություն

Մի շարք պաղպաղակներում ՍԱՏՄ–ն խախտումներ է արձանագրել

Մի շարք պաղպաղակներում ՍԱՏՄ–ն խախտումներ է արձանագրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում և որոշ խախտումներ հայտնաբերել։

ՍԱՏՄ–ից հայտնում են, որ այս պահին հայտնի են 7 կազմակերպություններից վերցված նմուշների հետազոտության արդյունքները:

«Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ վանիլային» կաթնայուղի փոխարինիչով և «Պլոմբիր վանիլ» «Պլոմբիր կարամել» պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Թամարա»)։

«Արտսվիթ» ՍՊԸ-ի արտադրության «Ֆանտազիա վանիլային», «Սկյուռիկ վանիլային», «Բրիկետ վանիլային», «Բրիկետ շոկոլադե» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին 3 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Շանթ»)։

«Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի արտադրության «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն վանիլային», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Պլոմբիրկա», «Էսկիմո շոկ ջնարակ», «Էսկիմո վանիլայաին ջնարակ», «Բևեռ կոն» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով։ «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Էսկիմո վանիլայաին ջնարակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները չեն համապատասխանել նաև մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Սթար կոն վանիլային»-ը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»)։

«Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրության «Վանիլ Անիտա», «Վաֆլե բաժակ շոկոլադ», «էսկիմո շոկոլադե», «Բիսկվիտ վանիլ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով(ապրանքանիշը՝ «Անի»)։

«Մառնիկ» ՍՊԸ-ի արտադրության «Պլոմբիր վանիլային» և «Պլոմբիր շոկոլադե» պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով (ապրանքանիշը՝ «ՖիՆի»)։

«Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի արտադրության «Բուրբոն վանիլային», «Շոկո շոկոլադային», «Ելակի համով» և «Հատապտուղներով» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»)։

Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում արտադրվող շոկոլադե և վանիլային կաթնայուղի փոխարինիչով փափուկ պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս, մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։

Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

Խախտումներ գրանցած 6 արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։