կարևոր
790 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-06-02 16:53
Առանց Կատեգորիա

Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

Կահիրեում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ։ Այս մասին հայտնում է իրանական IRNA  գործակալությունը։

Եգիպտոսի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Արաղչին նաև հանդիպել և բանակցություններ է վարել իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդ ալ-Ատիի հետ։

Եգիպտոսի նախագահի գրասենյակի տեղեկացմամբ՝ կողմերն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Նախագահ Սիսին հաստատել է Եգիպտոսի դիրքորոշումը՝ մերժելով հակամարտության շրջանակի ընդլայնումը տարածաշրջանում։ Նա ընդգծել է իրավիճակն ապաէսկալացնելու անհրաժեշտությունը՝ համապարփակ տարածաշրջանային պատերազմը կանխելու համար, որը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների անվտանգության համար։ Այս համատեքստում նա ընդգծել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցությունների կարևորությունը։

Եգիպտոսի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ նախագահ Սիսին ընդգծել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի և մարդասիրական օգնության տրամադրման անհրաժեշտությունը:

Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել Եգիպտոսի դերը տարածաշրջանային կայունության վերականգնման գործում՝ ընդգծելով իր երկրի պատրաստակամությունը՝ առաջիկայում շարունակելու խորհրդակցությունները երկու երկրների միջև։