կարևոր
1042 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-06-02 14:40
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը

ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը

Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Հանձնարարականներն անցյալ շաբաթ ուղարկել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Այս մասին հաղորդում է The Wall Street (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։

Հրապարակման մեջ նշվում է, որ հրահանգը փոխանցվել է Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ըստ պարբերականի՝ իրանական նավթի և սառեցված իրանական ակտիվների նկատմամբ ԱՄՆ-ի հիմնական սահմանափակումները կմնան անփոփոխ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտոնյաները չգիտեն՝ դադարեցումը վերաբերում է միայն նոր պատժամիջոցներին, թե՞ նաև արդեն գործողներին։ Որոշ բարձրաստիճան քաղաքական գործիչներ ընդհանրապես տեղյակ չեն եղել փոփոխությունների մասին և զարմացած են եղել հանկարծակի դադարեցումից։

WSJ-ի հարցմանն ի պատասխան՝ Սպիտակ տունը չի հերքել տեղեկատվությունը։ Նրանք նշել են, որ ցանկացած նոր որոշում կհայտարարվի համապատասխան գերատեսչությունների կողմից։ Սպիտակ տան որոշ պաշտոնյաների խոսքով, որոնց անունը չի նշվում, կասեցումը կապված է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին հետագա պատժամիջոցների մանրակրկիտ քննարկման հետ։ 

Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն փորձում է անտեղի չգրգռել Իրանին բանակցությունների ընթացքում։ Վաշինգտոնը մայիսի 21-ից ի վեր Թեհրանի դեմ նոր սահմանափակումներ չի կիրառել։