կարևոր
1324 դիտում, 8 ժամ առաջ - 2025-05-23 11:58
Աշխարհ

Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, սակայն չի ցանկանում դա անել. Արաղչի

Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, սակայն չի ցանկանում դա անել. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն չունի դա անելու ցանկություն, քանի որ գոյություն ունի Իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվա, որն արգելում է նման զենքը: Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Մայիսի 23-ին Հռոմում ԱՄՆ-ի հետ նախատեսված միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլի նախօրեին Արաղչին Իրանի ազգային հեռուստատեսության եթերում ընդգծել է, որ երկիրը հետ չի կանգնելու իր միջուկային իրավունքներից:

Նրա խոսքով՝ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀԾԾ), դեռևս «մեռած չէ», բայց այն նաև «չի կարող վերականգնվել»: Ըստ Արաղչիի՝ ԳՀՀԾ-ի վերածնունդն Իրանին ոչ մի օգուտ չի տա։

«Մենք չենք նահանջի մեր իրավունքներից: Մեր միջուկային ծրագիրը, ներառյալ հարստացումը, պետք է շարունակվի: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք վստահության կառուցման և թափանցիկության միջոցներ ձեռնարկել և ընդունել ավելի լայն մոնիթորինգ, քանի որ վստահ ենք մեր ծրագրի խաղաղ բնույթի մեջ», - ասել է նա:

Արաղչին նաև նշել է, որ եվրոպացիները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին՝ սպառնալով գործարկել 2015 թվականի միջուկային համաձայնագրում ներառված հատուկ մեխանիզմը, որով նրանք կարող են վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։