կարևոր
1372 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-21 15:38
Քաղաքական

40 օր է՝ ալկոհոլային խմիչքներ արտահանողները կրում են ահռելի ֆինանսական վնասներ․ իշխանությունը չի լուծում խնդիրը․ Դանիելյան

40 օր է՝ ալկոհոլային խմիչքներ արտահանողները կրում են ահռելի ֆինանսական վնասներ․ իշխանությունը չի լուծում խնդիրը․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է հայկական արտադրության խմիչքները արտահանելու խնդրին։

«Այսօր կոնյակագործները Վրաստանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին Կառավարության շենք՝ պահանջելով վերացնել Վրաստանի տարածքով հայկական արտադրության խմիչքները արտահանելու խոչընդոտները։

Մոտավորապես 1 շաբաթ առաջ, երբ կոնյակագործները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, ԱԺ ամբիոնից բարձրաձայնեցի այս հարցը, ինչին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավաստիացրեց, որ իրենք կապի մեջ են վրացական կողմի հետ և ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրն օր առաջ լուծվի։

Փաստացի, խնդիրը չի լուծվել, և արդեն 40 օր է՝ այս բիզնեսի ներկայացուցիչները կրում են ահռելի ֆինանսական վնասներ։ Մեքենաները տևական ժամանակ է՝ կանգնած են անցակետում։ Հարյուրավոր աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։

Գործարարները, միայնակ մնալով, ստիպված բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանի դեսպատանան առաջ, այն պարագայում, երբ հայկական կողմն ինքը պետք է ողջ ջանքերն ուղղեր ապօրինի և անհասկանալի արգելքը վերացնելու ուղղությամբ։

Նշենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, ալկոհոլային խմիչքներն արտահանվում են ԵԱՏՄ և Բալթյան երկրներ, և, այս պարագայում, Վերին Լարսի անցակետում ապրանքների կապարակնիքները պոկելն ու լաբորատոր փորձարկումներ իրականացնելը որևէ հիմնավորում չեն կարող ունենալ։

Խնդրի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որոնք, ունենալով բոլոր կապերն ու հնարավորությունները, բավարար քայլեր չեն ձեռնարկում տնտեսության այս կարևոր ճյուղը փրկելու ուղղությամբ։

Այս ամենը հետևանքն է ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարման։ Քաղաքացին իր հոգսերով օրվա իշխանություններին հետաքրքիր չէ։ Բոլոր ոլորտները տապալած այս խմբակը միայն կարողանում է հարստահարել և տուգանքներ սահմանել՝ դրանք ուղղելով իր բարեկեցության ապահովմանը»։

Հիշեցնենք՝ այսօր ալկոհոլային խմիչքներ արտադրողներն ու արտահանողները ակցիա էին իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Կարող եք դիտել՝ այստեղ։