կարևոր
1477 դիտում, 1 ժամ առաջ - 2025-04-24 16:03
Քաղաքական

Ցեղասպան Էրդողանը կրկին լալահառաչ ուղերձով փորձել է մաքրվել

Ցեղասպան Էրդողանը կրկին լալահառաչ ուղերձով փորձել է մաքրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առնչությամբ հանդես է եկել ուղերձով՝ հերթական անգամ խուսափելով Ցեղասպանություն անվանել 1915 թվականին և դրանից հետո Օսմանյան կայսրության հայ բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները։

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ու տեղի հայ համայնքին հղված իր ուղերձում, որն ընթերցվել է Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում, Էրդողանը, կրկնելով նախորդ տարիների տեքստը, նշել է, թե «օսմանցի հայերը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում»։

«Նրանք, ովքեր փորձեցին պատմությունից թշնամանք ստեղծել, խզել մեր միջև եղած ուժեղ կամուրջներն ու կապերը, մինչ օրս չկարողացան հասնել իրենց նպատակին»,- ուղերձում ասել է Էրդողանը։ Նա նշել է՝ «մենք պետք է ապագան կառուցենք միասին՝ հավատացած լինելով, որ անցյալի հիշողությունները չպետք է գերի դարձնեն ներկան ու ապագան»։

Ի հեճուկս անցնող տարիների ընթացքում հայ համայնքի անդամների դեմ իրականցված հարձակումների ու խտրական վերաբերմունքի՝ Թուրքիայի նախագահը բացառել է հայ համայնքի անդամների նկատմամբ խտրականության դրսևորումները։

«Այս մտքերով ես վերստին անկեղծորեն կիսում եմ անցյալում հայ համայնքի կրած ցավերը և հարգանքով հիշում եմ օսմանյան քաղաքացիներին, ովքեր կորցրին իրենց կյանքը»,- ասվում է Էրդողանի ուղերձի եզրափակիչ հատվածում։