| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանձնաժողովի նիստում հետաքրքրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից, թե ինչո՞վ նրանց չի բավարարում մշտական հանձնաժողովների ձևաչափը, որ կարծում են` ժամանակավոր հանձնաժողով պիտի ստեղծվի՝ քննարկելու ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ խորհրդարանի կանոնակարգ-օրենքը դա թույլ է տալիս, ապա նշեց, որ առանձին օրենքների, նախագծերի, ուղերձների, պատգամավորների էթիկայի վերաբերյալ առանձին հանձնաժողովներ կարող են լինել: Նա նշեց, որ իրենց չի բավարարում մշտական հանձնաժողովի կողմից տրվող եզրակացությունը:
Արմեն Աշոտյանը հետաքրքրվեց` ի՞նչ լիազորություն ունի ժամանակավոր հանձնաժողովը, որը չունի մշտականը:
Փաշինյանը պատասխանեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովը կարճաժամկետ է քննարկում հարցը, իսկ ժամանակավոր հանձնաժողովն ավելի երկար ժամանակ է տրամադրում հարցի քննարկմանը, կարող է նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել խորհրդարան:
«Ի՞նչ կա, պարզ, պրիմիտիվ գրված է: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել կանոնակարգը, ավելի ուշադիր կարդացեք, որ անպատեհ հարցեր չտաք: Ճիշտ է՝ նոր եք եկել խորհրդարան, բայց հանձնաժողովի նախագահի պաշտոնում պիտի տիրապետեք կանոնակարգին ու դրա նրբություններին»,- ասաց պատգամավորը:
Աշոտյանն էլ արձագանքեց, թե իր անմեղ հարցը հունից հանեց Փաշինյանին, ապա կոռեկտության սահմաններ վերադառնալու կոչ արեց: «Ավելի լավ կլիներ, որ ընտրարաշավի ժամանակ ներկայացնեիք, որ նման նախաձեռնություն եք անելու, և բարձրաձայնեիք «Քաղպայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև եղած հարցերը»,- ասաց նա:
Փաշինյանն արձագանքեց, որ իրենց նախընտրական ծրագրում գրված է, որ քաղաքական կոպիտ սխալ է ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին: Իսկ երբ ժամանակը լրանալուց հետո շարունակում էր խոսել, Աշոտյանն ասաց. «Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, ինչ մնաց` հայրենակցիս սադրանքներին տրվեմ»:
«Տպավորվել եք, զգույշ, տպավորության տակ չմնաք»,- ասաց Փաշինյանը: Աշոտյանն էլ պատասխանեց. «Ձեր ֆրակցիայից մարդ կար, հանգիստ եղեք»: