կարևոր
1585 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-10 14:32
Հասարակություն

Հավաքվել ենք արդարության համար, համոզված ենք, որ Նարեկ Սարգսյանն անմեղ է․ համագյուղացի

Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդի՝ Նարեկ Սարգսյանին ազատ արձակելու, արդար դատավարություն անցկացնելու պահանջով այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Նարեկի ընկերները, հարազատները, նաև փաստաբան Աննա Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022 թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդին է, որն, ըստ մեղադրանքի, խեղդամահ է արել կնոջը։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։

Երկու օր առաջ Շենգավիթի դատարանում, նիստի ժամանակ, իրավիճակը լարվել է, երբ դահլիճում ներկա մի տղամարդ հայտարարել է, որ ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին։ Նիստն ընդմիջվել է, իսկ այդ ընթացքում հայտնի է դարձել, որ դատական կարգադրիչներից մեկը մահացել է։

Ն. Սարգսյանի փաստաբան Աննա Ծառուկյանն ու մտերիմները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի ու իրավական ոլորտի պատասխանատուներից մեկի հետ՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումն ու հիմնավորումները։ Ակցիայի մասնակից տղամարդիկ նշում են, որ Նարեկ Սարգսյանը համայնքում հարգված, սիրված մարդ է, մասնակցել է Արցախյան պատերազմին։ Նրանք պնդում են՝ իրենց ընկերն ընդունակ չէր մարդ սպանելու։

Փաստաբան Ժաննա Ծառուկյանը հանցագործության մասին հաղորդումը նախ հանձնեց ՀՀ գլխավոր դատախազություն, այնուհետև՝ կառավարության դիմաց մի քանի ժամ սպասելուց հետո, նույն հաղորդումը հանձնվեց կառավարության ընդունարան։

«Որպես փաստաբան՝ անելու եմ անհնարինը, ինչը արգելված չէ օրենքով։ Դիմելու եմ ՄԻԵԴ՝ հարցը հրատապ քննելու հետ կապված»,- ակցիայի ավարտին ասաց փաստաբան Ժաննա Ծառուկյանը։