Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատվիրակության կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչված անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիվանագետներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի և Արցախի հետ հարաբերությունների զարգացման ջատագովներ են: Խոսելով Ստեփանակերտում առաջիկայում կայանալիք համաժողովի մասին՝ նա նշել է, որ Արցախի արտաքին գործերի նախարարության և ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպվելիք միջոցառման նպատակն Արցախի հետ միջազգային կապերի զարգացումն է:
Նախագահ Սարգսյանը ողջունել է Լատինական Ամերիկայի բարեկամ երկրների ներկայացուցիչների այցը Հայաստան ու Արցախ և շնորհակալություն հայտնել հյուրերին ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործունեության համար: «Ուրախ եմ, որ ձեր այցը կապված է Արցախի հետ: Բոլոր այն երկրներում, որոնք դուք ներկայացնում եք, հանդիպել եմ հայերի, որոնք, հատկապես Մեծ եղեռնից հետո, իրենց նոր հայրենիքն են գտնել ու դարձել այդ նոր հայրենիքի լավ քաղաքացիներ: Ի դեմս Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի՝ դուք ունեք լավ բարեկամներ: Բարձր եմ գնահատում ձեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,-նշել է նախագահը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նրանց արցախյան համաժողովում:
Հանդիպմանը ներկա՝ համաժողովի պատվիրակները նշել են, որ իրենց միավորում է հիացմունքն ու սերը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս շարունակել ակտիվ ջանքերն ի շահ Հայաստանի և Արցախի»: