Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը խորհրդարանում․
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն քննարկում էր պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Հարցը խորհրդարանում ներկայացրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,
Խնդրում եմ խոսքս չընկալել որպես Հովիկ Աղազարյանի պաշտպանական խոսք։ Աղազարյանն ընդամենը առիթ է խոսելու այն արատավոր համակարգի, ձևավորված խայտառակ ավանդույթների, նաև այն արգահատելի բարքերի մասին, որոնց առերեսվում է մեր հասարակությունը, նաև անձամբ ես՝ սեփական փորձառությամբ։
Տիկին Վարդապետյան, ՀՀ Սահմանադրությամբ դուք և ձեր կողմից ղեկավարվող կառույցը լիազորված է լինելու մեր և մեր պետական շահերի գլխավոր պաշտպանը։
Այսպես է Սահմանադրությամբ և ցավոք՝ սոսկ թղթի վրա։ Իրականությունը բոլորովին այլ է։
Առիթ ունեցել եմ այս ամբիոնից հայտարարելու և նորից եմ կրկնում՝ որքան էլ փորձեք անկախ և անաչառ դատախազի իմիջ ձևավորել, ձեզ չի հաջողվում։ Նախ, ձեզ չի հաձողվի ձեր կենսագրությունից ջնջել այն վարկաբեկիչ իրողությունը, որ վարչապետի խորհրդականի կարգավիճակում դուք միջամտել եք հատկապես կարևոր գործերով քննիչների գործունեությանը՝ ընդհուպ խմբագրելով դատավարական փաստաթղթերը։ Ի դեպ, սա կատարվել է գաղտնիության պահանջների կոպիտ խախտումով։
Տիկին Վարդապետյան, կարո՞ղ եմ ես կամ՝ ՀՀ որևէ քաղաքացի հավատալ ձեր՝ որպես գլխավոր դատախազի անաչառությանն ու անկախությանը, երբ հրապարակային, կառավարության նիստում ինքնախոստովանական և հակասահմանադրական այսպիսի հայտարարութուն եք արել՝ «Մեծարգո վարչապետ, ես այդ գործով ձեզ զեկուցել եմ»։ Մինչդեռ դուք բոլորից լավ գիտեք, որ դատախազական համակարգի վստահության հիմնական աղբյուրը անկախությունն է։
Տիկին Վարդապետյանմ դուք, իհարկե, այս տպավորությունը խմբագրելու հնարավորություն ունեիք, սակայն գերադասեցիք օրվա ռեժիմին ծառայությունը, և, ցավոք, անկախություն ու սկզբունքայնությունը, այդպես էլ հեռու մնացին ձեր գործելաոճից։
Այսօր դուք փորձում եք պատրանք ստեղծել, թե պայքարում եք հանուն հանրային բարիքի և օրենքի գերակայության, ինչը սոսկ հռետորաբանություն է:
Դուք պարզապես վարչապետի խորհրդականի աթոռը փոխել եք գլխավոր դատախազի աթոռով՝ շարունակելով իրականացնել վարչապետի հանձնակատարի առաքելությունը։
Ավելի քան ակնհայտ է, որ ձեր նշանակումը քաղաքական է, պայմանավորված քաղաքական մեծամասնության շահերը սպասարկելու պատրաստակամությամբ, նաև այդ թիմի արժեքային համակարգի հավատարմությամբ։
Հանցավոր լռությամբ դուք աչք եք փակում ամենաթողությունների, ՀՀ Սահմանադրության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա։ Երևույթներ, որոնք որևէ առերս չունեն ո՜չ պետական, ոչ՝ ազգային շահի հետ։
Նիկոլ Փաշինյանը այս երկիրը վերածել է ոստիկանական բռնատիրության։ Անպատժելիությունը, ցինիզմն ու վայրագությունը դարձել են ոստիկանական վարքականոնի նորմ։ Կարմիր բերետավորներն արդեն վաշտերով, ուղիղ եթերով, զանգվածային տեսարաններով և անկաշկանդ խոշտանգում են ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների, դուք լուռ դիտորդ եք, դուք չեք տեսնում, դուք հավանաբար գործելու հրահանգ չունենք։ Այլապես ոչ նորմատիվ վարքի և լիազորությունների վերազանցման համար պատասխանատվության ենթարկված մի քանի տասնյակ ոստիկան կունենայինք։ Հանցակազմի բացակայության հիմնավորմամբ գործերը կարճվում են․ իսկ ոստիկանության անհամաչափ ուժի, սանձարձակությունների և խոշտանգումների փաստերը տեղ են գտնում միջազգային զեկույցներում ու մնում սոսկ յութուբյան տեսաերիզներ: Անպատժելությունը նոր հանցանքներ է ծնում. ինչպես Վանաձորի ոստիկանական բաժնում արձանագրված խոշտանգման վերջին դեպքը:
Սոցիալական ցանցերը ողողված են արցախահայության դեմ ատելության և թշնամանքի խոսքով, դուք էլի չեք տեսնում, դուք դարձյալ հրահանգ չունեք։
Ձեզ շարունակում է չմտահոգել կալանավորման ֆետիշացումը, հայ մարդու, ՀՀ քաղաքացու ճակատագիրն ու իրավունքը։ Իսկ անցնող մեկ տարում ՔԿՀ-ում 5 կալանավոր է ինքնասպան եղել, մինչդեռ հարկադրանքի միջոցների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելը Ձեր սահմանադրական գերակա խնդիրներից մեկն է։
Բայց, որպես գլխավոր Դատախազ, դուք աններելի, ավելի շուտ՝ դատապարտելի անգործություն եք դրսևորում մեր պետական-ազգային շահերի և իրավունքների նկատմամբ․
Դուք չեք տեսնում Բաքվին գոհացնող և ՀՀ ինքնիշխանությունը ոտնահարող գործող վարչախմբի գործողությունները, նիկոլ փաշինյանի միակողմանի բանավոր և գրավոր զիջումները։
Դուք լռում եք, երբ ապօրինի, հակապետական և հակասահմանադրական սահմանազատում է տեղի ունենում և թշնամուն է հանձնվում ՀՀ Կադաստրի վկայականով ՀՀ սեփականություն, երբ Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք հանդիսացող՝ չգաղտնազերծվող ականապատ դաշտերի քարտեզը, երբ Ադրբեջանական վերահսկողության են հանձնվում ՀՀ տարածքներ։ Սա պետական դավաճանություն է, իսկ Դուք լռում եք։ Լռում եք՝ օրվա իշխանության ճաշակով ու ծառայամտությամբ։
Տիկին Վարդապետյան, Ձեր քաղաքական լոյալությունը գին ունի՝ սա մեր Հայրենիքին ու պետականությանը հասցվող ահռելի վնասն է, անդառնալի վնասը։
Ձեր քաղաքական կախվածության և սելեկտիվ արդարադատության դրսևորումներից մեկն էլ այս օպերացիան է: Ֆեմիդայի կշեռքը հայտնվել է Հովիկ Աղազարյանի գլխին, ով մինչև վերջերս խաղում էր սեփական թիմի խաղի կանոններով և անպատժելի էր, քանի դեռ չէր հանդգնել է պոկվել թիմից կամ կոմֆորտ զոնայից։
Իրականում սա բոլորովին էլ Ֆեմիդայի կշեռք չէ, այլ պատժիչ գործողություն և ազդանշան բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն սպիտակ ագռավություն դրսևորել։
Իսկ իրականում Հայաստանը թաղված է կոռուպցիայի և հովանավորչության մեջ և դուք շատ լավ գիտեք այդ հասցեներն էլ, անձանց էլ, երկրին ու բյուջեին հասցված վնասի չափն էլ և անգամ հեռու գնալու կարիք էլ չկա։ Ձեզ, իհարկե չի հետաքրքրում, թե 6-7 տարում ինչ հանրային միջոցներ են մսխվել, թե ինչպես է ծախսվում 13 միլիարդ դոլարի շեմը հատող պետական պարտքը, կամ ինչ աղբյուրներից են գոյացել երեկ վարկով հեռուստացույց ու փոշեկուլ գնող, այսօր դղյակների սեփականատեր քպ-ականների միջոցները։
Ի դեպ, Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների մոնիտորինգի վերջին զեկույցն արձանագրել է Գլխավոր դատախազի ընտրության ոչ մրցակցայնությունը, քաղաքականացվածությունը, ինստիտուցիոնալ անկախության և թափանցիկության բացակայությունը։
Տիկին Վարդապետյան, ձեր անգործության, գուցե նաև անկարողության մի փաստ էլ։ Արդեն երրորդ, թե չորրորդ տարին շարունակ ձեզ եմ դիմում զրպարտության և ստի մեջ վարպետացած Արման Բաբաջանյանի հարցով։ Դաշնակցությունից ներողություն խնդրելու դատարանի որոշումը սա չի իրականացնում արդեն չորս տարի։
Ու ՀՀ անկարող ու խեղճ դատախազությունը նույնաբովանդակ նամակիս պատասխանում է նույն շաբլոնով, նույն անճարակ բառակույտով, թե զբաղվում եք…։ Սա արդեն զավեշտ չէ, սա պարզապես ոչ մի բանի մասին է, անգործություն, ոչ պրոֆեսիոնալիզմ, գուցե՝ քաղաքական կաշկանդվածություն.. կամ հատուկ գորովանք ունեք սույն անձի նկատմամբ։
Ի դեպ, տիկին Վաևդապետյան, երբ ուսումնասիրում էի Աղազարյանի միջնորդագիրը, հետաքրքիր բան արձանագրեցի՝ նկատեցի, որ ռուսերեն եք ստորագրում։ Այնուամենայնիվ ստորագրությունը ինքնության դրսևորում է և մի տեսակ դժվար է պատկերացնել, որ մեր պետական շահերի պաշտպանը օտարալեզու ստորագրություն ունի։
Եվ այնուամենայնիվ, անկախ այն բանից, թե որ լեզվով եք ստորագրում և ստորագրելու, որքան էլ փորձեք անցյալի ռևիզիայով կամ մեղավորներ նշանակելով շեղել հանրությանը, միևնույն է՝գալու է ձեր կայացրած և հատկապես՝չկայացրած որոշումների համար պատասխան տալու ժամանակը»։