կարևոր
784 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-17 18:41
Հասարակություն

Գրական-մշակութային խաչմերուկ Արցախի ու Կանադայի միջև

Գրական-մշակութային խաչմերուկ Արցախի ու Կանադայի միջև

Հայրենաճանաչողական այցով Հայաստանում են Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա հայկական վարժարանի ավագ սաները։ Նրանց ուղեկցում է վարժարանի տնօրեն Րաֆֆի Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է Համազհային Երևանի գրասենյակը: 

«Ակն ընդ ական գրական ստեղծագործողների և վավերագրողների համայնքի ու Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ մարտի 16-ին կայացավ հանդիպում Կանադայից ժամանած խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Համազգայինի Արցախի գրասենյակի Մասիս քաղաքի սաները, Արցախի գրողների միության անդամներ, ինչպես նաև արցախցի լուսանկարիչ-վավերագրող Դավիթ Ղահրամանյանը։

Հանդիպումը բացվեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանի ողջույնի խոսքով։ Նա կարևորեց արցախցի սաների մասնակցությունը սույն հանդիպմանը և նշեց, որ այն կարող է դառնալ Կանադայի և Արցախի դպրոցականների համագործակցության, շփման ու բարեկամության գեղեցիկ ու ողջունելի սկիզբ։ Նա հակիրճ անդրադարձավ Համազգայինի Արցախի գրասենյակի գործունեությանը, ինչպես նաև ներկայացրեց հանդիպմանը ներկա արցախցի գրողներին։

Ներկաներին ողջունեց նաև վարժարանի տնօրեն Րաֆֆի Սարգսյանը։ Նա նշեց, որ կրթօջախը կարևոր դեր է խաղում հեռավոր Տորոնտոյում հայ սերունդներին իրենց արմատներին ամուր կապելու և ազգային արժեքներով դաստիարակելու գործում։ Սարգսյանը շեշտեց, որ վեց հարյուրից ավելի սաներ ունեցող վարժարանն ամեն տարի կազմակերպում է ավարտական դասարանի հայրենաճանաչողական այցը դեպի Հայաստան և այսուհետ ևս այն շարունակական է լինելու։

Րաֆֆի Սարգսյանը նաև ներկաների համար ընթերցեց իր հեղինակած ստեղծագործություններից։

Սփյուռքից ժամանած դպրոցականները շարժանկարների միջոցով ներկաներին պատմեցին Տորոնտոյի ՀՅԴ երիտասարդական միության գործունեության մասին՝ ներկայացնելով նրանց կողմից տարվող քարոզչական ու պահանջատիրական աշխատանքները՝ Հայոց ցեղասպանության, Արցախի էթնիկ զտման, Բաքվում պահվող հայ գերիների մասին օտարներին իրազեկման շուրջ։ Նրանք նաև հանդես եկան գրական ընթերցումներով։

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը խոսեց 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման ու Արցախի ժողովրդի բռնի տեղահանության օրերին իր գործունեության մասին և ներկայացրեց փաստավավերագրական մի շարք լուսանկարներ։

Համազգայինի Արցախի գրասենյակի սաները արտասանեցին արցախցի գրողների ստեղծագործություններից։

Հանդիպմանը ներկա արցախցի գրողներ Տաթև Սողոմոնյանը, Ալիսա Բաղդասարյանը, Զարինե Սառաջյանը, Ծովինար Բաղդասարյանը և Հերմինե Ավագյանը ընթերցեցին իրենց ստեղծագործություններից և վարժարանին նվիրեցին իրենց գրքերից։

Հանդիպումը փակվեց «Ձոն Արցախին» երգով։

Միջոցառումը կայացավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վերնատանը, ինչի համար շնորհակալ ենք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։