Փոխարժեքներ
17 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.34 |
EUR | ⚊ | € 427.93 |
RUB | ⚊ | ₽ 4.6774 |
GBP | ⚊ | £ 508.94 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
Ինձ էին դիմել պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող զինծառայողները՝ հայտնելով, որ անարդարացի որոշման հետևանքով չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարները։ Այս մասին գրում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Նշեմ, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների համար նախատեսված է 12000 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցների՝ 5000 դրամ։
Բանն այն է, որ ի տարբերություն պատերազմի մասնակից զինծառայողների, որոնք զինվորական կենսաթոշակի հետ միասին ստանում են այս պարգևավճարները, զինհաշմանդամները կենսաթոշակի անցնելիս կանգնում են ընտրության առաջ՝ կամ ստանալ հաշմանդամության կարգի համար նախատեսված գումարը, կամ 5000-12000 դրամ կազմող պարգևավճարը։
Նշեմ, որ այդ գումարների միջև տարբերությունը չնչին է՝ ընդամենը 3000 դրամ, և նման երկընտրանքը վիրավորական է զինհաշմանդամների համար։
Առաջարկը ներկայացվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Համաձայնելով, որ որոշումն իսկապես անարդարացի է՝ խոստացել էին, որ կքննարկեն հարցը և, ամենայն հավանականությամբ, կվերանայեն որոշումը։
Մինչդեռ, գրությանս ի պատասխան հայտնում են․
«Առաջարկը բազմակողմանի քննարկվել է և դրա արդյունքներով տեղեկացվում է, որ նպատակահարմար չէ ստեղծել իրավական հիմքեր՝ Հավելվածի 5-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պարգևավճարները միաժամանակ նշանակելու համար. Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածում խնդրո առարկա դեպքում նպատակահարմար չէ կատարել փոփոխություններ (լրացումներ)»։
Իսկ որտե՞ղ մնացին վարչապետի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոստումները, որոնք տրվել են դեռևս տարիներ առաջ՝ զինհաշմանդամների հետ հանդիպումների ժամանակ։
Ի՞նչ է նշանակում՝ նպատակահարմար չենք համարում փոփոխությունները։ Սա՞ է պետության վերաբերմունքը պատերազմի մասնակիցների նկատմամբ։
Խնդրի մասին առավել ճշգրիտ պատկերացում կազմելու համար նշեմ, որ մեր առաջարկով, շուրջ 1000-1500 անձի պետք է տրվի 12000 դրամ, իսկ 7000-ին՝ 5000 դրամ։
Սա, վստահաբար, ահռելի գումար չէ, և շարունակելու եմ պահանջել, որպեսզի գրպանելու փոխարեն հատկացվեն այս մարդկանց հասանելիք գումարները»։