Փոխարժեքներ
09 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 428.4 |
RUB | ⚊ | ₽ 4.447 |
GBP | ⚊ | £ 509.72 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։ Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։
«Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», - իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։
Պատգամավորն իր նամակը եզրափակել է՝ նշելով, որ այս ամենն, անշուշտ, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Եվրապատգամավորը խորապես հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը և կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել։