կարևոր
307 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-04 17:34
Հասարակություն

Ներկայացնում եմ օրվա իշխանության խոստումների՝ փուչիկ լինելու մասին հերթական փաստը․ Կյուրեղյան

«Սիրելի Հայրենակիցներ, Այսօր Ձեզ եմ ներկայացնելու օրվա իշխանությունների խոստումների փուչիկ լինելու մասին հերթական փաստը: Կառավարության 21-26 թթ ծրագիրն ընդունելուց հետո ՔՊ ներկայացուցիչները՝ կառավարություն թե պատգամավորներ, առիթը չեն կորցնում թմբկահարելու 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի աննախադեպության մասին: Իրենց ծրագրում սևով սպիտակի վրա գրված է . մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց, 500 մանկապարտեզ և նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Իսկ ի՞նչ ունենք այսօր այդ համատեքստում: Ես ԿԳՄՍ-ից խնդրեցի այդ ծրագրի շրջանակներում արդեն ավարտված՝ դպրոցների և մանկապարտեզների ցանկը ըստ մարզերի, բնակավայրերի և դպրոցների համարների, ստացա հետևյալ պատասխանը. Ավարտված դպրոցների քանակը 37-ն է, և միևնույն ժամանակ ստացա հղում կառավարության 2093-Ն որոշմանը, ըստ որի՝ շինարարական աշխատանքներն ավարտված դպրոցների քանակը 27-ն է, մինչև օրս այդ թիվը չի փոխվել կայքում, ինչը 300-ի ընդամենը 9%-ն է և այսօր արդեն 2025թ մարտ ամիսն է:

Արդյո՞ք առաջիկա 9 ամիսներում կկառուցվեն, կվերանորոգվեն մնացած 273 դպրոցները: Հաջորդ նամակիս ի պատասխան ԿԳՄՍ-ն նշել է, որ մինչև 2026 թվականը ավարտին կհասցվեն ևս 65 դպրոցների շինարարություն, և ըստ էության , արդեն ավարտված են 45 դպրոցներում: Եթե նույնիսկ այս թվերը ճիշտ են, ապա մինչև 2026 թվականը ունենալու ենք ավարտված 110 դպրոց, ինչը խոստացվածի 1/3-ն է: Նույն իրավիճակն է նաև մանկապարտեզների և նախակրթարանների դեպքում: Նորից կառավարության կայքում ընդամենը 150 նման կազմակերպության շինարարական աշխատանքների ավարտի մասին է ֆիքսված, ինչը խոստացածի 1/3-ից էլ քիչ է:
Մի հետաքրքիր դիտարկում ևս . «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի ռազմավարության» օրենքից բխող գործողությունների ծրագրում ֆիքսված են հետևյալ նպատակադրումները.

Հիմնանորոգված, վերանորոգված, վերկառուցված նախադպրոցական հաստատությունների թիվը 2023 թվականին պետք է լիներ 198, 2024 թվականին ՝ 342  և համապատասխանաբար՝ դպրոցների թիվը պետք է լիներ 2023 թ.- 92, 2024 թ՝185: Նշենք, նաև որ նույն փաստաթղթում 2025 թվականի ավարտի նպատակադրումները ընդհանրապես բացակայում են: Ասել է թե, ի սկզբանե իրենք իրենց համար հնարավորություն են ստեղծել 2026 թվականի ընտրություններից առաջ խուսափել կոնկրետ խոստումների ու կատարման անհամապատասխանության արձանագրումից:

Այս իշխանությունները հանրային կյանքի ոչ մի ոլորտում չեն կատարել իրենց խոստումները. Անվտանգությունից մինչև կրթություն, առողջապահությունից մինչև կյանքի որակի մակարդակի բարձրացում, Արցախի երաշխավորը լինելուց մինչև ՀՀ սուվերեն տարածքների պաշտպանում:

Երկիրը փրկելու համար այլ ելք չունենք, բացի այս իշխանություններից ազատվելը: Եվ դա մենք միասին անելու ենք, համոզված եղեք»,- այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ Արմենուհի Կյուրեղյանը:

Մանրամասն՝ տեսանյութում