կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 18:43
Հասարակություն

Իշխանության բնութագրիչներից մեկը խոստումների և արդյունքների ահռելի տարբերությունն է. Թադևոս Ավետիսյան

Իշխանության բնութագրիչներից մեկը խոստումների և արդյունքների ահռելի տարբերությունն է. Թադևոս Ավետիսյան

Իշխանության բնութագրիչներից մեկը մանիպուլյացիան է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը ռեկորդային թվեր է արձանագրել աշխատատեղերի ավելացման մասով:  

Տնտեսագետն անդրադարձավ նաև էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանում արձանագրվել է ամենացածր գնաճը և ամենաբարձր տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների համեմատ։

«Իշխանությունները վերցնում են ոչ լիարժեք պատկեր արտահայտող, իրենց համար ձեռնտու թվեր և փորձում հանրությանը գցել մոլորության մեջ։ Ականատես ենք լինում նրան, որ իշխանությունն անընդհատ ձախողում է իր տված խոստումները, դրանք վերածվում են պարզ ստի, որն էլ հետագայում փոխարինվում է ավելի մեծ ստով։ Ինչ վերաբերում է այն ցուցանիշներին, որ 2021 թ. համար կան, այստեղ մանիպուլյացիան հետևյալն է. ԵԱՏՄ երկրների հետ համեմատելիս չեն ասում, որ այդ երկրները հաղթահարել են նախորդ տարվա տնտեսական անկումը։ Նրանք դուրս են եկել այդ ճգնաժամից, քանի որ անհամեմատ փոքր անկում են ունեցել 2020 թ.՝ 2021 թ. հետ համեմատած։ Իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է։ Օրինակ` Հայաստանում 2021 թ.  7.4% տնտեսական անկում գրանցվեց, որը մոտավորապես երկու անգամ բարձր էր, քան այլ երկրներում, իսկ տնտեսական աճը 2021 թ. ընդամենը 5.8% էր: Հետևաբար, մենք չենք վերականգնվել։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա, այո՛, գուցե ԵԱՏՄ երկրների գնաճը որոշակի տոկոսով ավելի է, բայց այդ երկրները, պայմանավորված գնաճով, սոցիալական աջակցության ծավալներն են մեծացրել։ Օրինակ` Ռուսաստանում գնաճը 8% է, կենսաթոշակների ավելացումը՝ 8.5%։ Իսկ ՀՀ-ն չի չեզոքացրել գնաճի հետևանքները։ Երրորդ` հարևան Վրաստանում արձանագրվել է տնտեսական աճ, բայց, միևնույն ժամանակ, գնաճն է որոշակիորեն ավելի Հայաստանից։ Այդ տնտեսական աճը նշանակում է` մարդկանց եկամուտը ավելացել է ավելի արագ, քան գներն են ավելացել. սա դրական երևույթ է, քանի որ տնտեսությունն աճում է առաջանցիկ, քան գները, և սա բերում է մարդկանց կյանքի որակի բարձրացման,  սոցիալական խնդիրների բարելավման։ Իսկ ՀՀ-ում ճիշտ հակառակն է՝ ավելի է գնաճը, քան մարդկանց եկամուտը»,- ասաց տնտեսագետը։

Ըստ Թադևոս Ավետիսյանի` իշխանությունն իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ խոստացել էր երկնիշ տնտեսական աճ, աղքատության էական կրճատում, բայց աղքատությունն աճում է։ Խոստումների  ֆոնին՝ դժվար է բացատրել տոտալ տապալումը։

Հիշեցնենք` իշխանությունները մերժեցին «Հայաստան» խմբակցության՝ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից 100.000 դրամ դարձնելու մասին նախագիծը։ Նախագծի հիմնավորումն այն էր, որ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը այսօր 73 400 դրամ է։ Սպառողական գներն աճել են 7.2%-ով, իսկ սննդամթերքը՝ 11.7%-ով։ Հարց է առաջանում` նվազագույն աշխատավարձը բարձրացնելու անհրաժեշտություն իսկապե՞ս չկա։ Ըստ Թ. Ավետիսյանի` դրա անհրաժեշտությունն անզեն աչքով տեսանելի է։

«Եթե նախորդ օրվա գնումները համեմատեն հաջորդ օրվա գնումների հետ, ապա այդ գնաճը տեսանելի է։ Դա արձանագրված է նաև պաշտոնական վիճակագրությամբ։ Վտանգավոր է` էապես ավելի արագ աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, դա շարունակվում է նաև 2022 թ.։ 2021 թ. ամփոփ 11.5% էին սննդամթերքի գները բարձրացել, իսկ 2022 թ. հունվարին, 2021 թ. Համեմատ, առաջանցիկ աճ կա։ Էլ ավելի արագ տեմպով աճում են հենց առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Սա իր հերթին բերում է մարդկանց իրական եկամուտների բարձրացմանը. օրինակ` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021 թ., 2020 թ. Համեմատ, աճել է մոտավորապես 21-22%։ Սրա հետևանքով նվազելու է կյանքի որակը, և կաճի աղքատության մակարդակը։ Մարդկանց նվազագույն աշխատավարձն ավելի քիչ է աճել, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը: Սրան գումարենք այն, որ չեն աճել կենսաթոշակը, նպաստը։ Այսպիսի իրավիճակում, ինչպես նորմալ երկրներում, գնաճին համահունչ ավելացվում են հատկապես անապահով խավերին վճարվող սոցիալական աջակցության գումարները, որպեսզի մարդիկ էլ ավելի վատ չապրեն, քան ապրում են։ Մեզ մոտ հակառակն է, միշտ պնդում եմ՝ ինչ այս իշխանությունը եկել է իշխանության, հայ մարդը հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը»,- ասաց տնտեսագետը։

Օրեցօր աճող արտագաղթը, գնաճը, աղքատություն ծնող այլ գործոններ վերջապես կհանգեցնեն նրան, որ հասարակությունը կընդվզի, իսկ արդյո՞ք իշխանությունը կարող է զսպել ընդդեմ թանկացումների դժգոհությունները. Թադևոս Ավետիսյանի կարծիքով` կկարողանա այնքանով, որքանով հանրությունը դեռ վստահում և հավատում է իշխանության ստերին։

«Մի օր սուտը վերջ է ունենում, ճիշտ է, ստի ոտքը ոնց որ շատ երկարեց Հայաստանում, բայց դա չի կարող շատ երկար տևել. Մարդիկ, ի վերջո, օբյեկտիվ նայելու են ստեղծված իրավիճակին, տեսնելու են` ինչ էին խոսք տվել, և ինչ կա իրականում, կտեսնեն այն ահռելի տարբերությունը, որը օր օրի ավելի է դժվարացնում իրենց կյանքի որակը։ Խնդիրները միայն սոցիալական և տնտեսական չեն, քանի որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում ունենք հետևողական ձախողումներ, խոստումների և արդյունքների ահռելի տարբերություն։ Սա է փաստը»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

                                                                                                             Լենա Կարապետյան