կարևոր
784 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-26 21:55
Հասարակություն

Ինչպե՞ս ստեղծվեց «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը. պատմում է ստեղծագործական թիմը

Ինչպե՞ս ստեղծվեց «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը. պատմում է ստեղծագործական թիմը

Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա ռազմական և քաղաքական գործիչ, գրող, նորանկախ Հայաստանի վառ կերպարներից մեկին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված ֆիլմը:

Սա հայկական ֆիլմարտադրության մեջ նոր գեղարվեստական աշխատանք է՝ հիմնված իրական փաստերի վրա: Այն գալիս է պատմելու Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ներկայացնելով սպարապետի կյանքի բոլոր կարևոր կողմերը։ Ֆիլմում Վազգեն Սարգսյանը ներկայացված է ոչ միայն որպես ռազմական ու պետական գործիչ, այլև որպես մարդ, որդի, հորեղբայր, սիրող մարդ ու գրող։

Սյուժեն ընդգրկում է նրա կյանքի բոլոր փուլերը՝ զուգահեռ կապ ստեղծելով երկրի նորագույն պատմության կարևոր իրադարձությունների հետ։ Ստեղծագործական թիմի համոզմամբ՝ նա պայքարել է հաղթանակի համար, սակայն ժամանակ չի ունեցել անձնական երջանկություն գտնելու։ «Վերջին սպարապետը» հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր կարևորվում են Հայրենիքի և նրա հաղթական պատմության մասին հիշողությունը։

Ֆիլմի պրոդյուսեր, Վազգեն Սարգսյանի եղբոր դուստր Նոնա Սարգսյանը նշում է, որ «Վերջին Սպարապետը» վերնագիրը պարզապես ընդգծում է, որ Վազգեն Սարգսյանը ապրել է 20-րդ դարում և չի տեսել 21-րդ դարը, ուստի այն ստացել է այդ անվանումը։

Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը: Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնա Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը (Արամիս Տատու), որը նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է: Հերոսի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը կերտել է հայտնի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ:

Գլխավոր դերակատար Խորեն Լևոնյան. «Այս ֆիլմի համար ներդրել եմ ամբողջ ուժ ու եռանդս՝ փորձելով որևէ կերպ չնմանակել սպարապետին։ Մենք քննարկեցինք և հասկացանք, որ մեկին մեկ վերարտադրելը ճիշտ չի լինի։ Արդյունքում ձևավորվեց այն կերպարը, որ կտեսնեք ֆիլմում։ Կարծում եմ՝ այս մոտեցումը ամենաճիշտն էր։ Դիտումից հետո, հնարավոր է, նոր ասուլիս անցկացնենք՝ ավելի հանգիստ քննարկման համար»։

Ֆիլմի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիս-քննարկմանը ներկա էր նաև ֆիլմի սցենարիստ, դոցենտ, Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը, ով կարևոր համարեց խոսել Վազգենի մասին ոչ միայն որպես ռազմական գործչի, այլ նաև անհատի, ով մեծ սեր ուներ դեպի գրականությունը։

«Ավագ սերունդը լավ է հիշում Վազգեն Սարգսյանին, բայց երիտասարդների պատկերացումները նրա մասին դեռ սահմանափակ են։ Բացի պետական ու ռազմական գործիչ լինելուց, նա նաև գրող էր, սակայն նրա գրական ժառանգությունը լայն հանրության շրջանում քիչ է հայտնի։ Ուրախ եմ, որ այս ֆիլմը հնարավորություն կտա տարբեր սերունդներին բացահայտել ու նրա գրականությունը, որը նրա էության անբաժան մասն էր։ Նրա ստեղծագործությունները ոչ միայն արտացոլում են իր աշխարհայացքը, այլև խորապես կապված են նրա մտածողության, մարդկանց ու հայրենիքի հանդեպ վերաբերմունքի հետ»,-նշում է սցենարիստը։

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի գաղափարը սկսել է քննարկվել դեռ  2023 թվականի վերջերին, երբ Նոնան առաջին անգամ նշել է իր այդ մտադրությունը։ Այդ ժամանակվանից սկսել են աշխատել, և աստիճանաբար ձևավորվել է պատմությունը։

«Նոնայի հետ  հանդիպեցինք առաջին փուլերից, երբ կազմում էինք ստեղծագործական թիմը՝ Նոնան, Խորեն Լևոնյանը, Բարգատյանը, Մարջանը և ես։ Հետո մենք սկսեցինք ձևավորել մեր թիմը, քննարկել նպատակներն ու գաղափարները: Սա ֆիլմ է ոչ միայն սպարապետի, այլ մեր բոլորիս մասին, մեր ինքնության և արժեքների»,-հավելում է ֆիլմի տնօրեն Արմենուհի Ստեփանյանը։

Սպարապետի մոր՝ Գրետա մայրիկի կերպարում հանդես եկող դերասանուհի Մարջան Ավետիսյանը խոսեց իր կերպարի խոցելիության և ֆիլմում առանձնահատուկ տեղ ունենալու մասին։

«Այս դերը մեծ պատասխանատվություն է կրում, քանի որ Գրետա մայրիկը կարևոր կերպար է ոչ միայն իր ընտանիքի ու Վազգեն Սարգսյանի, այլև հայկական ինքնության տեսանկյունից։ Նա պարզապես մայր չէր՝ նա բոլորի մայրն էր»,- նշում է դերասանուհին։

Շատերն են նկատել Խորեն Լևոնյանի արտաքինի նմանությունը Վազգեն Սարգսյանի հետ, որը կարելի է տեսնել նույն իսկ ժպիտում։ Դերասանական աշխատանքը հեշտ չի եղել, բայց հնարավորինս մանրակրկիտ վերարտադրվել են կերպարի դետալները։ Թեև ֆիզիկապես նմանություն չկա, սակայն կարևոր էր փոխանցել նրա հոգեկան ապրումները, ընտանիքի, որդու և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սերը. Ֆիլմի ստեղծագործական կազմի կարծիքն է դերերի ու կերպարների մասին։

Սյուզի  Դավթյան