կարևոր
2179 դիտում, 7 ժամ առաջ - 2025-02-15 18:00
Հասարակություն

Տխրահռչակ դասագրքերի հեղինակները չեն ընտրվել ամբիոնի վարիչներ

Տխրահռչակ դասագրքերի հեղինակները չեն ընտրվել ամբիոնի վարիչներ

Փետրվարի 12-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում են եղել նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության և Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնների վարիչների ընտրության հարցերը, որոնք կարող էին սովորական գործընթաց լինել և հանրային հետաքրքրություն չներկայացնել, բայց այս դեպքը բոլորովին այլ է:

Բանն այն է, որ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի միակ թեկնածուն եղել է ոչ անհայտ մեկը՝ «Հայոց պատմություն» դպրոցական առարկայի 7-րդ դասարանի տխրահռչակ դասագրքի հեղինակը, նույն առարկայի  8-րդ դասարանի դասագրքի համահեղինակը: Թե ինչպիսի հակագիտական, կեղծարարական ու հակահայկական մեթոդներ են կիրառված տվյալ հեղինակի կողմից, և ինչպիսի հուժկու քննադատության արժանացավ Սմբատ Հովհաննիսյանը գրեթե ողջ պատմագիտական հանրույթի կողմից, բոլորին է հայտնի:

Այդուհանդերձ, Հայաստանի ու հայության դեմ դուրս եկած Փաշինյանի իշխանության գոյության պայմաններում աժմ էլ փորձ է արվում Սմբատ Հովհաննիսյանին և նմաներին բուհական ոլորտում նման կարևոր պաշտոնների առաջադրել: Թե ինչի համար՝ պարզ է բոլորին: Փաստենք, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անձամբ ներկա է գտնվել գիտխորհրդի նիստին, քվեարկել ու բարձր տրամադրությամբ հեռացել նիստից:

Բայց, ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ իշտահներիդ քացա՛խ. քվեարկության արդյուքնների ամփոփումից պարզվել է, որ Սմբատ Հովհաննիսյանն ստացել է 16 կողմ, 17 դեմ ձայն և չի ընտրվել ամբիոնի վարիչի պաշտոնում, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ է եղել ունենալ 21 կողմ ձայն:

Մեկ այլ ձախողում էլ տեղի է ունեցել Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչի ընտրության պարագայում: Թեկնածուներից մեկը եղել է Զարուհի Հակոբյանը, ով Սմբատ Հովհաննիսյանի հետ գրել է «Հայոց պատմություն» 8-րդ դասարանի դասագիրքը: Հիշեցնենք՝ սա մեծ աղմուկ հանած այն նույն դասագիրքն էր, որտեղ 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» էր ներկայացված, որի լուսաբանումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Օգոստոսի 15-ին դասագրքի տվյալ գլխի վերաբերյալ հայտարարություն էր տարածել անգամ ՌԴ արտգործնախարարությունը` ընդգծելով, որ գրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Դրանից հետո միայն տվյալ հատվածը փոփոխվեց։

Գիտխորհրդի թեժ նիստի արդյունքում տեղի ունեցած քվեարկության արդյունքում պարզվել է, որ Զարուհի Հակոբյանը ևս չի հաղթել. վերջինս անհրաժեշտ 21 կողմ ձայնի փոխարեն ստացել է 19, իսկ մյուս թեկնածու, նույն ամբիոնի հիմնադիր-վարիչ, այժմ ամբիոնի վարիչի  պաշտոնակատար Լևոն Չուգասզյանը (վերջինս ամբիոնը հիմնադրել է 1996 թ.) ստացել է 17 ձայն:

Ըստ մեր տեղեկությունների՝ այս ամենը փչացրել է ոմանց տրամադրությունն ու խառնել խաղաքարտերը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ հայտնի թեկնածուներին՝ Սմբատ Հովհաննիսյանին ու Զարուհի Հակոբյանին կողմ են քվերակել նաև այնպիսի պատմաբաններ, որոնք արտահայտվել են հայտնի դասագրքերի դեմ: Օրինակ, Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանին զանգահարեցինք՝ պարզելու համար՝ արդյո՞ք կողմ է քվեարկել Սմբատ Հովհաննիսյանին, թե՞ դեմ: Վերջինս չափազանց լարվեց մեր հարցից ու ասաց. «Չեմ ասի՝ ում եմ քվեարկել, բայց ում համար որ քվեարկել եմ, լավ եմ արել: Անջատե՛ք հեռախոսը»: Երկրորդ անգամ զանգահարեցինք Հայկ Ավետիսյանին՝ ճշտելու՝ արդյո՞ք շարունակում է Սմբատ Հովհաննիսյանի դասագիրքը աղբ համարել: Ամբիոնի վարիչն ուղղակի սպառնաց՝ ասելով. «Էլի դուք ե՞ք զանգում, էս համարով չզանգեք, թե չէ՝ կգամ ձեր խմբագրություն ու լավ չի լինի ձեզ համար, վսյո՛»:

Պարոն Ավետիսյանի այս բացահայտ սպառնալիքը, ագրեսիան ու լարվածությունը հետաքրքրիր բանի մասին են խոսում: Սա հատուկ նշում ենք, քանի որ նույն պատմաբանն ընդամենը մեկ տարի առաջ՝ 2023-ի նոյեմբերի 11-ին իր հարցազրույցում հայտնել էր, որ գիրքը չի ընթերցել, գործընկերներն են իրեն ներկայացրել գրքից քարտեզներ ու դրվագներ՝ մատնանշելով, որ այն անհասկանալի է շարադրված, եւ որ բազում անճշտություններ կան։ «Ժամանակ չեմ կորցնի այդպիսի աղբ կարդալու համար»,- ասել էր  Ավետիսյանը՝ փաստելով, որ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը, ինչպես նաեւ առաձին անհատներ իրենց բացասական գնահատականը հանրայնացրել են, և Հնագիտության և ազգագրության ամբիոնի կողմից առանձին արձագանքման կարիք չի տեսնում։   

Ինչպես գիտենք, իրենց քաղաքացիական դիրքորոշումների համար աշխատանքը կորցրել են մի շարք պատվարժան դասախոսներ: Այս առումով ուրախալի է, որ Մայր բուհում գտնվել են թե՛ դասախոսներ, թե՛ ուսանողներ, ովքեր մնացել են իրենց սկզբունքներին հավատարիմ և չեն քվեարկել Սմբատ Հովհաննիսյանի և Զարուհի Հակոբյանի օգտին:

Իհարկե, դժվար է կարծել, որ այս ամենն այսպես կթողնվի: Շատ մեծ է հավանականությունը, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքներից հետո վերստին կգումարվի գիտխորհրդի նիստ, որի արդյունքում Սմբատ Հովհաննիսյանը հավանաբար կստանա  անհրաժեշտ 21 ձայնը: Այստեղ հավանաբար կրկին կգործի զոռբայության մեթոդը, ինչը տեղի ունեցավ նույն Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած տխրահռչակ դասագրքի կիրառման պարագայում: Այդուհանդերձ, ու՞մ է պետք է նման ընտրվելն ու պաշտոնավարելը:

Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը, ում անունը նույն Հայկ Ավետիսյանը շատ է սիրում տալ իբրև ընկերոջ, ավելի քան մեկ տասնամյակ առաջ հայտնի խոսքեր էր ասել ԱԺ ամբիոնից, որոնք տիպիկ նկարագրում են իրավիճակը. «Դուք որ առանձին մի տեղ դնեք ձեր թեկնածությունը ու ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանի ոստիկանապետը ու դատախազը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն Ազգային Ժողովում չեք լինի, այլ դուք կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե՛րք: Դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մեկ ձայն հավաքել»։