կարևոր
559 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-13 11:50
Քաղաքական

Ի՞նչ կարող է անել Արփինե Սարգսյանը, որ չարեց Վահե Ղազարյանը․ «Հրապարակ»

Ի՞նչ կարող է անել Արփինե Սարգսյանը, որ չարեց Վահե Ղազարյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Այնպես չէ, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից ուզում են, որ երկնքից աստղեր իջեցնի, բայց նա կարող է շտկել Վահե Ղազարյանի որոշ սխալները, եթե իրավամբ մտահոգված է նախարարության օր-օրի ընկնող վարկանիշով։ Ինչքան ժամանակ էլ անցնի, ինչ իշխանություն էլ գա, միեւնույն է՝ կարմիրբերետավորների իշխանահաճո վայրագությունները խարանի պես մնալու են ներքին գործերի նախարարության պատմության մեջ։ ՔՊ-ական իշխանության դեմ մղվող ցանկացած պայքար, ամենափոքր բողոքի ակցիա անգամ ճնշվում է բերետավորների կողմից` ցուցարարների ծեծուջարդով։ 

Ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում շարքային քաղաքացուց մինչեւ ԱԺ պատգամավորի ծեծող բերետավորները, սակայն, օրենքով չեն պատժվում։ Օրենքը չի գործում այս ստորաբաժանման նկատմամբ` մի պարզ բացատրությամբ․ վարչապետի աթոռին սոսնձված Փաշինյանի հանձնարարությունն են կատարում՝ քաղաքացիներին ջարդելու, ընդդիմադիրներին լռեցնելու, ժողովրդին ահ ու սարսափի մեջ պահելու համար։ Անգամ զոհվածների ծնողներին Եռաբլուրից նվաստացնելով բերման ենթարկելու հարցում են աչքի ընկել կարմիրբերետավորները, որոնք առանձնակի դաժանությամբ աչքի ընկան Դիմադրության, Հայրենիքի փրկության շարժումների, ինչպես նաեւ՝ Սրբազան պայքարի օրերին: Նրանցից ամենադաժաններին մարդիկ ճանաչում են դեմքով, անուններով: Եվ նրանք մինչ օրս աշխատում են համակարգում ու շարունակում նույն եռանդով ծեծել քաղաքացիներին։ 

4 ամսից կլրանա հունիսյան դեպքերի մեկ տարին։ Այդ դեպքերից հետո մեկ տասնյակից ավելի ցուցարարներ մեղադրյալի կարգավիճակ ստացան, սակայն առայսօր ոչ մի ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի։ Ցուցարարների գործողությունների քննությունը Քննչական կոմիտեն շատ արագ՝ մեկ ամսում ավարտեց եւ 14 քաղաքացու մեղադրանք առաջադրեց՝ «խուլիգանության եւ զանգվածային անկարգության համար»։ Իսկ ոստիկանության գործողությունների մասով արդեն մեկ տարի է` քննությունն ընթանում է։ Վարույթն իրականացնող մարմինն այս պարզ հարցի պատասխանն անգամ չի կարողանում տալ՝ ո՞վ է հրամայել անզեն, խաղաղ ցուցարարների վրա «Զարյա 3» տեսակի արգելված նռնակներ նետել, եւ ինչո՞ւ մինչ օրս ոչ մի ոստիկան չի պատժվել։ Այս հարցի պատասխանը չի կարողանում տալ նաեւ հունիսյան անմարդկային դեպքերը Վահե Ղազարյանից ժառանգություն ստացած Արփինե Սարգսյանը։
Վերջին ասուլիսի ժամանակ այս մասին հարցին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանն ասել էր, թե հունիսյան դեպքերով քրեական վարույթներ կան, զուգահեռաբար եղել են նաեւ հարուցված ծառայողական քննություններ, որոնք, ըստ օրենքի, կասեցվել են, քանի որ եղել է զուգահեռաբար ընթացող քրեական վարույթ։ «Այդ բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում պետք է ստանան գնահատականներ՝ արդյոք դրանք իրավաչա՞փ են եղել, թե՞ ոչ, ովքե՞ր են տվել հրամաններ, ի՞նչ քանակությամբ է կիրառվել, եղել է բեկորայի՞ն, թե՞ անբեկոր»,- ասել էր նա։

Արդյո՞ք Արփինե Սարգսյանը, որ կանգնած է ոստիկանության բարեփոխումների հետեւում, անկեղծ է իր հայտարարություններում եւ գործողություններում, եթե այո, ապա ինչո՞ւ են այս քննություններն այդքան ձգձգվում, մտադի՞ր է հեռացնել կարմիր բերետավորներ Արթուր Ղազարյանին եւ Գեւորգ Մկրտչյանին, ովքեր հայտնի են պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծելու գործով եւ ոչ միայն։ ՆԳՆ-ում կարծում են, որ նրանց ճակատագիրը պարզ կդառնա ազգային գվարդիայի ձեւավորումից հետո։ 

Մինչ Արփինե Սարգսյանը մտածում է՝ ինչպես ազատվել Վահե Ղազարյանի թողած անփառունակ ժառանգությունից, Արթուր Ղազարյանը, օրինակ, ամրապնդում է իր դիրքերը։ Մեզ պատմեցին, որ սույն կարմիրբերետավորը եղբորը ՔՊ-ում աշխատանքի է տեղավորել։ Ղազարյանի եղբայրն աշխատում է ՔՊ-ական Արսեն Թորոսյանի մոտ` որպես հանձնաժողովի նախագահի վարորդ։ Մեկ այլ կարմիրբերետավորի կին էլ աշխատում է ՔՊ-ի տարածքային գրասենյակներից մեկում։ Մինչդեռ, ոստիկանության կանոնադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է՝ ծառայողը պետք է լինի անկուսակցական։ Երեք մարզերում ոստիկանապետ աշխատած եւ ոստիկանապետի պաշտոնից անմիջապես Լոռու մարզպետ նշանակված Արամ Ղազարյանի օրինակը լավագույնս նկարագրում է ոստիկանության այսօրվա վիճակը, այն, որ դա ոչ թե ապակուսակցական, ապաքաղաքական մարմին է, այլ հենց իշխանություններին կից կառույց։ 

Վերադառնանք մեր «կարմիր բերետներին»։ Պատահական չէ, որ ՆԳ նախարարության հատուկ նշանակության գումարտակի կարմիրբերետավորներին համեմատում են Օսմանյան կայսրության ենիչերիների էլիտար կորպուսի հետ։ Սրանք, ի տարբերություն բանակի այլ զորամիավորումների, վայելում էին թուրք սուլթանների համակրանքը եւ երբեմն էլ մասնակցում գահի համար մղվող պալատական կռիվներին։ Նրանք այնքան էին հզորացել եւ լկտիացել, որ համարձակվեցին ապստամբել Օսման 2-րդի դեմ, ձերբակալել եւ սպանել նրան։ Արդեն Մահմուդ 2-րդ սուլթանի օրոք էլիտար ստորաբաժանումը լուծարվեց, իսկ հազարավոր ենիչերիներ մահապատժի ենթարկվեցին։ «Թուրք» բառից չվիրավորվող Նիկոլ Փաշինյանը, հուսանք, ուսումնասիրել է Օսմանյան կայսրության պատմությունը եւ հասկանում է, թե իր սրած բիզը որտեղ կարող է հայտնվել։