կարևոր
7234 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-03 22:53
Աշխարհ Քաղաքական

Արցախի հարցում Արևմուտքը բացի կոչերից, ոչինչ չարեց․ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ

Արցախի հարցում Արևմուտքը բացի կոչերից, ոչինչ չարեց․ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ

Արցախում հայության բռնի տեղահանման և էթնիկ զտման ֆոնին աշխարհում՝ մեծությամբ երկրորդ պետությունը փորձում է իր ազդեցությունը մեծացնել Հարավային Կովկասում՝ Հայաստանում բացելով տարածաշրջանում իր առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը։ Մեր երկրում դեսպանություն բացելու հրատապության իրական շարժառիթի, Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունների հարցում Կանադայի որդեգրած քաղաքականության, տեղի հայ համայնքի՝ իրավիճակի վրա ազդելու փորձերի և այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանի հետ։

Պարոն Գարագաշյան, Ձեզ համար տարօրինակ չէ՞ Կանադայի կառավարության՝ Հայաստանում հրատապ դեսպանություն բացելու նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ Կանադան խուսափում էր նման քայլի դիմելուց։

Մենք 30 տարուց ավելի է Կանադայի կառավարությունից պահանջում էինք Հայաստանում իր դեսպանատունը բացել՝ նպատակ ունենալով խորացնել հայ-կանադական հարաբերությունները, սակայն նախքան 2020թ․ պատերազմը Կանադայի իշխանությունները պարզաբանում էին, թե իբր Հայաստան-Ադրբեջան հակամարտության ֆոնին ճիշտ չէ նման քայլի գնալը, և եթե մտադրություն ունենան, ապա դեսպանատուն կբացեն տարածաշրջանային չեզոք երկրում՝ Վրաստանում։ Գործընթացն արագացավ 2020թ․ Արցախյան պատերազմից և դրան հաջորդած ռուս-ուկրաինական հակամարտության սրացումից հետո, երբ Կանադան նույնպես ամբողջությամբ որդեգրեց Ռուսաստանի դեմ արևմտյան արտաքին քաղաքականությունը։ Մոսկվայում Կանադայի դեսպանատան գործունեության կասեցումից հետո՝ Ռուսաստանին հակակշռելու նպատակով, ինչպես նաև օգտագերծելով հայ-ադրբեջանական պատերազմից հետո այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Կանադան արագացրեց Հայաստանում դեսպանատուն բացելու գործընթացը։

Կանադայում հայ համայնքը ակտիվ դերակատարում է ունեցել Արցախյան հիմնահարցի բարձրացման, մեր ժողովրդի շահերի պաշտպանության հարցում։ Արցախում Ադրբեջանի գերիշխանության ամբողջական տարածման, ինչպես նաև հայության բռնի տեղահանման ֆոնին կարելի՞ է արձանագրել, որ իրավիճակի վրա ազդելու ձեր ջանքերն անհաջողությամբ պսակվեցին։

2020թ․ պատերազմին և դրան հաջորդած ժամանակահատվածում մենք ճնշում գործադրեցինք՝ պահանջելով Կանադայի կառավարությունից գործուն քայլեր ձեռնարկել Արցախում հայության անվտանգության ապահովման, արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախի մշակութային կոթողների պահպանման և այլ կարևորագույն հրատապ խնդիրների լուծման հարցում։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ հանդիպումների ընթացքում մենք նշել ենք, որ Կանադայի դեսպան նշանակելուց ավելի կարևոր են արցախահայության իրավունքներն ու շահերը։ Կանադան, լինելով Արևմտյան օղակի անդամ, պնդում էր, որ չի կարող լուրջ ազդեցություն ունենալ այս գործընթացների վրա՝ արդարանալով, թե իրենք «միջին քաշի ուժ են» և իրենցից շատ բան կախված չէ։ Կանադայի իշխանությունները տարածաշրջան՝ Արևմուտքի «ներթափանցման» ալիքի տակ հրատապ իրենց ներկայությունն ամրապնդեցին Հայաստանում։ Դեսպանատուն բացելու միջոցով այդ երկրի իշխանությունները փորձում է նաև գոհացնել հայ համայնքին, մինչդեռ իրենք էլ լավ գիտեն, որ մեզ համար օրակարգում Արցախն է ու հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար գործուն քայլեր ձեռնարկելը։ Հայ համայնքն ուրախ է, որ Կանադան ներկայացվածություն է ունենում Հայաստանում, սակայն ստեղծված իրավիճակում դեսպանության ներկայությունը խորհրդանշական բնույթ է կրելու և դրանից ամենևին էլ պետք չէ ոգևորվել։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ եթե ցանկանում եք դեսպանատուն բացել, մի արեք այդ քայլն ընդդեմ Ռուսաստանի, այլ արեք հանուն Հայաստանի։

Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերներին։

Թերները փորձառու դիվանագետ է, քաջատեղյակ է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից, շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, սակայն որպես արևմտյան երկրի դիվանագետ, բնականաբար ինքը ևս շարունակելու է Արևմուտքի խոսույթն առաջ քաշել։ Մենք ուշի ուշով հետևելու ենք բոլոր զարգացումներին, հաշվի ենք առնելու դեսպանի՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նրա՝ նախկինում հայտնած դիրքորոշումները և հետևողական ենք լինելու, որ դեսպանատան գործունեությունը միտված լինի ի շահ մեր երկրների։

Արդյոք Կանադան ունե՞ր լծակներ՝ զսպելու Ադրբեջանի ռազմական նկրտումները և կանխելու Արցախի հայաթափումը։

Հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Կանադան չափազանց զգուշավոր քաղաքականություն է վարում։ Դեռևս օգոստոսին մենք Կանադայի արտաքին գործերի նախարարին հայտնել ենք, որ եթե ցանկանում են իրավիճակի վրա ազդեցություն ունենալ և խնդրի հարցում ինչ-որ բան փոխել՝ չպետք է սահմանափակվեն դատապարտող կոչերով, այլ պետք է կոնկրետ սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ այն դիտարկելով ոչ թե միջազգային իրավունքի համատեքստում բարձրացված հարց, այլ առաջնորդվեն Կոսովոյի օրինակով՝ «Անջատում հանուն փրկության» սկզբունքով։ Փաստացի մեր խոսքն ազդեցություն չունեցավ և Կանադան խնդիրը դիտարկեց աշխարհաքաղաքական շահերի բախման համատեքստում՝ մասնակցելով Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագրին՝ հարկ եղած դեպքում Արցախը հայաթափելու և մարդկանց այսօրվա իրավիճակին հասցնելու գնով։ Մենք այդ ամենի վրա, մեղմ ասած, թքած ունենք և երբ ընտրությունները մոտենան, Կանադայի հայերն իրենց դիրքորոշումը ցույց կտան։

Այս օրերին միջազգային լրատվամիջոցները ողողված են գաղթական դարձած արցախցիների հուզիչ լուսանկարներով և տեղահանության մասին վկայող վերնագրերով, մինչդեռ փաստն այն է, որ Արևմուտքի աչքի առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպանություն իրականացրեց և բռնի տեղահանեց աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքին։ Ի՞նչ կասեք այս մասին։

Իրավացի եք, Արցախի հարցում Արևմուտքը բացի կոչերից, ոչինչ չարեց։ Այժմ Արևմուտքը՝ այդ թվում Կանադան, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախահայության շահերի պաշտպանության հարցում ցուցաբերած անգործությունը փորձում է կոծկել Հայաստանին հումանիտար օգնությա նպատակով գումարներ ուղարկելով։ Սա նման է մարդու մահից հետո նրա հոգեհանգստին մասնակցելուն, լաց լինելուն և հանգուցյալի հարազատներին նվիրատվություն անելուն։

Մեր ժողովրդի համար պատմական այս ծանր շրջափուլում ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կանադայի հայ համայնքը պատերազմից հետո ստեղծված աղետի հետևանքները մեղմելու, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Այս օրերին հանգանակություններ ենք անում արցախահայությանն օգնելու համար, Տորոնտոյում հայերի մասնակցությամբ բողոքի ցույցեր տեղի ունեցան, սակայն սրանով չենք սահմանափակվելու։ Հեռանկարում մենք նպատակ ունենք լուրջ ազդեցություն ունենալ Կանադայի քաղաքական որոշումների վրա։ Այսօր պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան այստեղ շուրջ մեկմիլիոնանոց համայնք ունի, անգամ Կանադայի փոխվարչապետն է ծագումով ուկրաինացի։ Կանադայում այսօր ավելի քան 100.000 հայ է ապրում, որոնք տասնամյակների ընթացքում հասցրել են լուրջ դերակատարում ունենալ երկրի տնտեսության և այլ ոլորտներում։ Ճիշտ է, հայերն այսօր ներկայացված են Կանադայի քաղաքային և տեղական իշխանության մարմիններում, տարբեր պետական կառույցներում, սակայն դա բավարար չէ արդյունքի հասնելու համար։ Այսօր, առավել քան երբևէ պետք է մեր ներուժն օգտագործենք և գալիք տասնամյակներում որոշիչ ազդեցություն ունենանք Կանադայի քաղաքական կյանքում՝ փորձելով տվյալ երկրի քաղաքական որոշումները ծառայեցնել ի շահ մեր պետության և ժողովրդի։

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Աղբյուրը՝ NEWS.am