կարևոր
418 դիտում, 2 ժամ առաջ - 2025-02-01 16:58
Քաղաքական

Հայաստանի նախկին, ներկա ու ապագա կարգավիճակը կամ լրջանալու ժամանակը․ Էդուարդ Աբրահամյան

Հայաստանի նախկին, ներկա ու ապագա կարգավիճակը կամ լրջանալու ժամանակը․ Էդուարդ Աբրահամյան

Ինձ հաճախ են հարցնում․ քննադատում ես, բա ի՞նչ ես առաջարկել ու առաջարկում։ Փակ ֆորմատով, թե պաշտոնյա եղած ժամանակ, և թե դրանից հետո եղել են առաջարկներ իմ և իմ մասնագետ կոլեգաների կողմից։ Այդ առաջարկների որոշ արտացոլանքներ առկա են դեռևս 2021 թ․ հուլիսին հրապարակված իմ այս հոդվածում։ Արժէ կրկին հիշեցնել։

Ինձ համար ամենացավալին այն է, որ այս իմ գրառման վերաբերյալ ինձ մասնագիտական ու պրակտիկ կիրառման հարցեր էին ուղղում ավելի շատ ադրբեջանցիները, քան հայերը։

2021։ Հայաստանի նախկին, ներկա ու ապագա կարգավիճակը կամ լրջանալու ժամանակը

Դոկտորական թեզիս հիմնական ակադեմիական նորույթն ու առանցքը, որը որոշակի լուծում է փորձում տալ ոչ արևմտյան փոքր պետությունների դասակարգման հիմնախնդրին՝ «Փոքր Տերության Վարքագիծ», կամ «Փոքր Ուժի Վարքագիծ» (Small Power Сonduct) տեսական հայեցակարգն է։

Այն վերաբերում է գիտական դիսկուրսի արդյունքում ճանաչված ոչ տիպիկ վարքագիծ դրսևորող փոքր պետություններին, որոնք, իմ կողմից մշակված ինդուկտիվ-համակարգային տեսական կոնցեպտի համատեքստում, իրենց արտաքին քաղաքական դիրքավորման մեջ և պետական շահի հետապնդման պարագայում, հիմնականում կամ ամբողջությամբ հենվում են սեփական ուժային կարողության հաշվին գործող արտաքին ռազմավարության վրա` նպատակ ունենալով հօգուտ իրենց փոխել կամ վերաձևակերպել իրենց տարածաշրջանային միջավայրը։

Այդ թվում, այն փոքր պետությունները, որոնք ոչ միայն ունակ են գեներացնել տարածաշրջանային ազդեցություն պարունակող/հետապնդող դիրքավորում, այլ նաև ներգրավված են «ուժային խաղ»-ի մեջ, օրինակ՝ հակըննդեմի բալանսավորում սպառնալիք համարվող հարևան մեծ տերության նկատմամբ, կամ երկարաժամկետ ռազմա-քաղաքական մրցակցություն նմանտիպ հավակնություն ունեցող նույն դասի օպոնենտ փոքր պետության հետ։

ա) Փոքր Տերության/Ուժի տեսական կոնցեպցիայի առաջնային տարբերակվող հատկանիշը կայանում է այդ պետության նյութական ու ոչ նյութական ուժի վրա արտաքին քաղաքական գործիքակազմ ձևավորելու ունակություն ունենալու մեջ։

Ենթադրվում է, որ այն կարող է գեներացնել և անհրաժեշտության դեպքում կիրառել թե՛ նյութական թե՛ ոչ դասական քաղաքական ազդեցությունից բխող ուժ՝ պաշտպանելու իր արտաքին շահերը: Այստեղ կարևոր է արձանագրել, որ, կիրառելով զինված ուժերն ու պաշտպանական-անվտանգային ռեսուրսի կարողությունները որպես արտաքին քաղաքական գործիք, փոքր պետությունն իր վրա է վերցնում անվտանգային բնույթի պարտավորվածություններ՝ ինքնուրույն մարտահրավեր նետելով այդ պահին գործող տարածաշրջանային կարգին, միևնույն ժամանակ առաջ մղելով իր առաջարկած ռեգիոնալ աշխարհակարգի մոդելը, որն առավելագույնս սպասարկում է սեփական ազգային շահը։

Օրինակ՝ Հայաստանը մինչև սեպտեմբերի 27-ը իր առանցքային ռազմավարական շահն էր համարում Արցախի և ՀՀ քաղաքացիների անձնագիր ունեցող արցախահայության անվտանգության համապարփակ երաշխավորումն ու ապահովումը։ Փոքր պետությունների դասական գրականության տեսանկյունից դիտարկելու դեպքում, այս բնույթի մարտահրավերն արդեն իսկ փոքր պետության համար ոչ տիպիկ դրսևորում է։

բ) Փոքր Տերության/Ուժի վարքագիծ դրսևորող փոքր պետությունը ձգտում է բարձրացնել սեփական արտաքին ազդեցությունը միջազգային համակարգի նկատմամբ և մեծ պետությունների տարածաշրջանային ռազմավարությունները դարձնել իր շահերին առավելապես համապատասխան։ Ձգտելով ավելի մեծացնել սեփական արտաքին քաղաքական կշիռը գերտերությունների աչքերում ՝ Փոքր Տերությունը ձգտում է իրականացնել մի այնպիսի քաղաքական խաղ, որպեսզի կարողանա ազդեցություն պրոյեկտել գերտերությունների կամ միջին տերությունների՝ Փոքր Տերության միջավայր հանդիսացող տարածաշրջանի նկատմամբ և նրանց ռազմավարության վրա։ Հիմնական նպատակը՝ սեփական պետության և գերտերության տարածաշրջանային շահերը համադրել այնպես, որ մեծ տերության ռազմավարության իրականացումն այդ տարածաշրջանում մեծամասամբ հենվի այդ Փոքր Տերության վարքագիծ ունեցող պետության տեսլական-օրակարգը սպասարկելու վրա՝ մեծ տերության համար ստանձնելով հստակ դերակարարություն տվյալ ռազմավարության մեջ։ Մեր տարածաշրջանում նման երկիր դառնալու նկրտում ունեն թե Ադրբեջանը, և թե Վրաստանը (ազնվազն 2006-2013 թթ․)։

գ) Փոքր Տերությունը ունի հավակնություն լինել իր միջավայրում կամ տարածաշրջանում օրակարգ թելադրող (agenda setter), ինչին, դասական տեսությունների համաձայն, վերջինս ընդունակ չէ։

դ) Փոքր Տերությունն ընդունակ է ռազմա-քաղաքական դիմակայության մարտահրավեր նետել կամ ընդունել` հասնելու պետական շահերի իրագործման այդ թվում այլ պետության հետ ռազմա֊քաղաքական մրցակցության ու օպոնենտային դիմակայության միջոցով կամ բազմաբնույթ (այդ թվում նաև ռազմա-քաղաքական) մրցակցության ճանապարհով։ Պարզ ասած, փոքր պետությունը դառում է Փոքր Տերություն, երբ այն նախաձեռնում կամ ներքաշվում է ուժային խաղի մեջ մեկ այլ հարևան (փոքր) պետության հետ, որը կարող է ունենալ ռազմա-քաղաքական հակամարտության կամ համակարգային ռազմավարական մրցակցության տեսք։ Ուժային խաղի մեջ այն իր ռազմավարության մեջ կիրառում է դասական զսպում (deterrence), ավելի մարտունակ և նորարարական լինելու դեպքում՝ ակտիվ զսպում և կանխատեսում (active deterrence and providence) մոտեցումներ` իր կանխարգելիչ հարվածի (pre-emptive strike), և նախահարձակ հարվածի (preventive strike) կոնցեպտուալ սկզբունքների վրա հիմնված քաղաքական իրավունքի ձևակերպմամբ։

Օրինակ՝ Հայաստանը 1992 թ-ից ի վեր գործում էր որպես Արցախի անվտանգային պրոտեկտոր՝ իր միջավայրը իր պետական-ռազմավարական շահերին համապատասխանեցնելու բացահայտ հավակնությամբ։ Շուրջ 27 տարի այդ վարքագծային առաձնահատկության շնորհիվ, Հայաստանը գիտակցաբար կամ անգիտակցաբար դիրքավորվել էր որպես Փոքր Տերություն՝ ձգտելով տարածաշրջանում հաստատել իր պատկերացրած ուժային բալանսը, որը շատ թե քիչ հաջողվում էր պահպանել մինչև 2020թ․նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը։

Այդ ընթացքում Հայաստանը ընդունեց Ադրբեջանի՝ իրավիճակի հետ չհամակերպվելու փաստը և ընդունեց վերջինիս նետած ռազմա-քաղաքական համակարգային մրցակցության մարտահրավերը։ Թուրքիայի և Ադբրեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը չստիպեց Երևանին փոխել միջազգային հարաբերություններում իր դիրքավորումն ու փորձեց առաջ մղել տարածաշրջանային դասավորվածության սեփական օրակարգը՝ չնայած շատ ամփույթ, առանց խելամիտ ռազմավարության՝ իներտ ու պասիվ։

Նույնը փորձեց անել Վրաստանը 2008 թ-ին, սակայն Ռուսաստանի միջամտության պատճառով՝ տապալեց։

Նույնը արեց Ադրբեջանը 2011 թ-ի Կազանից հրաժարվելուց հետո, հետևողականորեն նախապատրաստվելով 2020 թ-ի սեպտեմբեր 27-ին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պրակտիկորեն հասատատեց իր տեսականորեն Փոքր Տերություն լինելու կարգավիճակը։

Հայաստանն ու Ադրբեջանը, այս պրիզմայի մեջ դիտարկելիս, իրենց միջև երկարատև ռազմա-քաղաքական դիմակայության արդյունքում կարող էին դասակարգվել որպես Փոքր Տերություններ, որոնք, համաձայն իմ տեսական հայեցակարգի, տարածաշրջանում իրականացնում էին ստորին մակարդակի փոքր պետությունների ուժային խաղ՝ տարածաշրջանում իրենց գործոնն ապահովելու և մեկը մյուսին խոչընդոտելու հասնել ստորին աստիճանի տարածաշրջանային ուժային գերակայության /lower level regional power dominance/։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ միայն Արցախի գոյությամբ էր հնարավոր Հայաստանին կառուցել Ադրբեջանին զսպելու մեխանիկա և ուժային բալանսի կոնֆիգուրացիա։

Ստորին աստիճանի Փոքր Տերությունների մրցակցային ռազմա-քաղաքական կոնֆիգուրացիան հիմնականում մնաց անփոփոխ, եթե հաշվի չառնենք հակամարտող ուժերի նախ 2016ի ապրիլյան պատերազմի ադրբեջանական դոմինանտության ակնհայտ հավակնության արտահայտումը և 2020 թ-ի հուլիսյան Թալիշ/Թովուզ միջադեպի մրցակցային պարադիգմայի շրջանակներում Հայաստանի դոմինանտության հավակնության դրսևորումը։

ե) Ի տարբերություն բազմաթիվ փոքր պետությունների, Փոքր Տերությունն իր առջև ունենում է օրակարգ՝ գեներացնել փափուկ ուժի գործիքակազմ՝ նպատակ ունենալով ազդել իրենից մեծ պետությունների կամ գերտերությունների իր տարածաշրջանի նկատմամբ նրանց վարվող արտաքին քաղաքականության ու առաջնահերթությունների պրոյեկտման վրա։

Եվ քանի որ ողջ Հայաստան-Ադրբեջան ռազմա֊քաղաքական մրցակցության գծային տրամաբանությունը հիմնված է եղել «խաղ զրոյական հաշվով» (zero-sum game) սկզբունքի վրա, հետևաբար Հայաստանի պարտությունն ու Ադրեբջանի հաղթանակը նույմպես չոր զրոյական խաղի արդյունք է և այդպիսին էլ ամենայն հավանականությամբ մնալու է մինչև Հայաստան պետության առնվազն մասնակի դեմոնտաժը, կամ վերջինիս ապակենսունակեցումը՝ մեծ ասիմետրիայի ֆիքսման պարագայում Ադրբեջանից ուղիղ համալիր-համակարգային ազդեցության տակ հայտնվելով։

Հայաստանի շահերը ոտնահարվեցին ու զիջվեցին ամբողջությամբ, Ադրբեջանի նկրտումները հիմնականում ամբողջությամբ բավարարվեցին ու շարունակվում են բավարարվել Հայաստանի կողմից ըստ էության վիճելի սահմանագծի հաշվին՝ ստիպելով Երևանին նահանջել դեպի խորհրդային ներքին տարածքային ադմինիստրատիվ բաժանարար գիծ, որոնք անկախ Հայաստանի պետական սահման գործնական առումով երբեք չի եղել և լենինյան Ռուսաստանի կողմից չի գծվել որպես հետագայում կենսունակություն ապահովող պետության սահման։

Այսպիսով, շոշափելի ռազմավարական առավելություններ է ստանում Ադրբեջանն ու հաստատվում տարածաշրջանում որպես ցածր մակարդալի ռեգիոնալ ուժային գերակա (lower level regional power dominant): Իսկ Հայաստանը լավագույն դեպքում հայտնվում է դասական թույլ չհաջողված պետության (weak failed state) կարգավիճակում, իսկ վատագույն դեպքում, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն ենթարկվել Ադրբեջանի պահանջներին` միկրո֊պետության, որի միակ ֆունկցիան միջազգային քաղաքականության մեջ սպասարկել այլ երկրի տարածաշրջանային-ռազմավարական օրակարգերը։ Հայաստանի համար` աննկարագրելի անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբանական հարված, որից դուրս գալու համար հետագայում առնվազն ներքին դիսկուրսներում ու էլիտայի կողմից մշակվող խորքային ռազմավարություններում չպետք է համաձայնվել այդ 2020թ-ի իրողոթյան հետ և ոչ դասական լուծումների և մտածելակերպի շնորհիվ զբաղվել Հայաստանի խորքային ինստիտուցիոնալ-համակարգային և հանրային մոդերնիզացիանով՝ դարձնելով երկիրը այս վատ պայմաններում ունակ գեներացնել ուժ ու կարողություններ, ու երբ պահը գա՝ փոքր տերության/ուժի հավակնություններով տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն վերադառնալու համար։

27 տարի անց Հայաստանը, որը ուժի միջոցով պաշտպանեց Արցախը, 1994 թ-ին փաստորեն ուներ ստորին աստիճանի միակ խաղացողի կարգավիճակ (ի տարբերություն բզկտված Վրաստանի և խարխլված Ադրբեջանի)․ այն ուներ շատ թե քիչ աշխատող համակարգ, որը կարճ ժամանակում, թեկուզ չգիտակցված տարածաշրջանում կարգ թելադրել այդ թվում ուժի միջոցով՝ ի տարբերություն երկու հարևանների (նաև Ռուսաստանի) ունենալով տարածքային ձեռքբերում։

Սակայն այս յուրահատուկ բարենպաստ իրավիճակը խելամտորեն չօգտագործվեց ու հաղթանակը ռազմադաշտում չկապիտալիզացվեց արտաքին ու տնտեսական քաղաքականության մեջ, չդարձավ մեծ ռազմավարություն։ Նույն կերպ մսխվեց ու չօգտագործեց ձեռք բերված աշխարհաքաղաքական արժեքն ու գրավչությունը` Հայաստանի արտաքին քաղաքական ազդեցությունն ու կշիռը մեծացնելու համար, նախագծելով և կիրառելով փոքր պետությունների համար հաճախ բնորոշ խելամիտ ռազմավարություններ։

Իրավամբ, միջազգային հարաբերությունների մետաֆիզիկան չի ներում հնարավորություններից օգտվել չցանկացողներին, լավ առիթները բաց թողնողներին։

Հետխորհրդային աշխարհակարգը համարձակ ու համառ փոքր պետությունների շրջանի սկիզբն էր։ Փոքր պետությունների յուրահատկությունն ի տարբերություն մեծերի նրանում է, որ նրանք ունեն մշտապես զարգացող իրականության ու կոնֆիգուրացիաներին արագ ադապտացվելու, ոչ ուղղահայաց ազդեցություն պրոյեկտլու և ասիմետրիկ մարտահրավերներ ստեղծելու հնարավորություն։ Այս հատկանիշը հնարավորություն է տալիս ժամանակակից փոքր պետություններին նախ կրճատել մեծ երկրների հետ դիսբալանսը և դառնալ գրավիչ վերջինների համար` քաղաքական ֆունկցիա կամ առևտուր (bargaining) իրականացնելու տեսանկյունից։

Բազմաբևեռ աշխարհակարգն էլ իր հերթին ժամանակակից փոքր պետությաններին դրդեց լինել հնարավորություն փնտրող կամ հնարավորություն ստեղծող, ու հատկապես հիմա` ասպարեզ եկող Չորրորդ Ինդուստրիալ Հեղափոխության դարաշրջանում։

Հետևաբար, նոեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես երկիր, որն ուներ մեծ պոտենցիալ միջազգային հարաբերություններում դիրքավորելու որպես Փոքր Տերություն։ Կապիտուլատիվ փաստաթղթի ստորագրման պահից Հայաստանը սկսեց դասակարգային լուրջ անկում արձանագրել՝ դառնալով խոցելի թույլ պետություն կամ ինչն ավելի վատ է՝ պոտենցիալ միկրոպետություն, որն ունակ չէ պրոյեկտել սեփական ազգային շահ, և դրա վրա հիմնված որևէ արտաքին քաղաքական ազդեցություն։

Ադրբեջանը, սակայն, հաստատեց իր Փոքր Տերություն լինելու կարգավիճակը` դաս տալով ոչ միայն մեզ, այլ նաև աշխարհի փոքր, միջին ու մեծ խաղացողներին։ Ճիշտ այնպես, ինչպես մենք 1994 թ-ին, թեկուզ և այն ժամանակ մեր պետականության ու արածի արժեքը լիովին չգիտակցելով, 15 խորհրդային երկրներից միակն էինք, որ ոչ միայն արագ ձևավորեց գոնե ինչ-որ մի կերպ գործող պետական համակարգ, այլ նաև ունակ եղավ ապահովելու սեփական պետական շահի սպասարկում ու իրականացում ռազմական ներուժի միջոցով։ Սակայն շատ հնարավորություններ չօգտագործվեցին, կամ բաց թողնվեցին հենց Հայաստանի իրար հաջորդող քաղաքական էլիտաների կողմից, որոնք հիմնականում կամ ունակ չէին պրոյեկտել սուվերեն պետական շահ՝ Փոքր Տերության տրամաբանության մեջ, կամ առաջնորդվում էին թույլ պետության հոգեբանությամբ ու մենթալիտետով։

Հայաստանը չձգտեց դառնալ էֆեկտիվ ինստիտուտների, ինովացիոն, մրցակցային պետություն իր տարբերակվող շահով ու դերակատարությամբ, ինչը բնորոշ չէ ներկա աշխարհակարգի հաջողակ փոքր պետություններին։ Ընդհակառակը՝ ձգտեց ինքնամեկուսացման ու պասիվ, ըստ էության կործանարար միավեկտորության ու երբեք չդարձավ «իր վրա ռիսկ ու մարտահրավեր վերցնող» ու ինքն իր համար «հնարավորություն ստեղծող» փոքր պետություն։ Այս դարաշրջանը փոքր պետությունների համար մտավոր ունակությունների+պրոֆեսիոնալ մաանագետների սինթեզից ստեղծված «խելամիտ ռազմավարություններն» են, որոնք Հայաստանում տարիներ շարունակ անլուրջ էին հմարվում։ Ինչ խոսք, ժամանակը դաժան պատժել գիտի ծույլին, վախկոտին, ապիկարին ու սեփական կեղծ գրագիտության հետևանքով ինքնավստահ մեծամիտին։

Վերադառնալով Ադրբեջանի իր Փոքր Տերության կարգավիճակի վերահաստատմանը՝ այն փաստորեն ձեռնոց նետեց առնվազն երեք հիմնական գերտերությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախկինում առաջ տարվող դիրքորոշմանն առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի և որ հիմնախնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։

Ընդդիմանալով սրան, Ադրբեջանը ոչ միայն զինվեց, բարձրացրեց իր երկրի արտաքին քաղաքական կարգավիճակն ու ազդեցությունը միջազգային համակարգի շրջանակներում, այլ նաև ձեռնարկեց երկարաժամկետ և բազմաքայլ քաղաքական առևտուր (soft bargaining), ձեռք բերեց դաշնակիցներ, ստեղծեց ռեսուրսներ և ասեց ոչ՝ կա ռազմական ճանապարհ։

Ադրբեջանը գնաց բավականին հավակնոտ ու ռիսկային քայլի դասական փոքր պետության համար։ Այն է՝ ծրագրեց ու սանձազերծեց լայնածավալ ու գերժամանակակից մարտարվեստին բնորոշ, իր ինտենսիվությամբ բարձր հարձակողական ռազմական գործողություններ, որն ի դեպ, 21-րդ դարի առաջին կոնվենցիոն պատերազմն էր։ Բաքուն շահագրգռեց այս հարցում ոչ միայն Թուրքիային, որն ուղիղ պլանավորման ու լոգիստիկ զգալի աջակցություն ցուցաբերեց, այլ նաև Ռուսաստանին, որն առնվազն դեմ չէր, որ իր դաշնակից Հայաստանը ջախջախվի ու զրկվի իր Փոքր Տերության վարքագիծ դրսևորող գործոնի կարգավիճակից։

Հիմնականում հաջողեց՝ մաքսիմալ օգտվելով հայկական կողմի անհեռատեսությունից ու ռազմավարությունից զուրկ պասիվ/իներտ գործելաոճից։ Ավելին, ի տարբերություն հայկական կողմի 1994 թ-ի մայիսին, Բաքուն նոյեմբերի 9-ին ռազմական հաջողությունը ամրապնդեց դիվանագիտական հաղթանակի արձանագրմամբ։

1990-ականներից սկսած, երբ ադրբեջանցիներին ասում էին` «դուք պարտվեցիք պատերազմում, իսկ հայերը՝ հաղթեցին», նրանք միշտ ուղղում էին` «պարտվեցինք ճակատամարտը, բայց ոչ պատերազմը»։ Դա էր իրենց այն փոքր լույսն ու հույսը, որ իրենք կանեն ամեն ինչ, որ մի օր մեզ ցույց տան ու պատժեն։ Ցուցադրեցին ազգային կամք, մտքի ճկունություն ու համառ հետևողականություն։

Հիմա, 2021 թ-ը մեզ համար առավել պատասխանատու տարի է։ Պետք է որոշենք` մենք պարտվեցինք պատերազմը, թե՞ ճակատամարտը։

Ներկա հակամարտային-մրցակցային բնույթ ունեցող աշխարհակարգի մեջ խաղացող պետությունների մեծ ընտանիքում մենք ունենք բարձրաձայն կամ լռելայն ընտրության երկու տարբերակ՝

- կամ գնում ենք թավշյա համակարգային կլիենտիզմի (վերջնական սաթելիտացում)՝ սպասարկելով Ադբրեջանի տարածաշրջանային օրակարգն ու տեսլականը, ինչի հիմքերն ըստ էության առավել ամրապնդվել են նոյեմբերի 10ի հայտարարության տեքստում։

- կամ էլ ընտրում ենք ֆունդամենտալ կերպարանափոխման, որակապես նոր մտածողության ու արժեհամակարգով ազգ դառնալու ճանապարհը, որի համար նորարարությունը, անընդհատ զարգացումն ու ոչ ստանդարտ լուծումները կդառնան մեր պետականության ինքնության մաս։ «Զարգացիր ու կրթվիր, կամ վերացիր» կարգախոսը պետք է դառնա նոր ազգային թրենդ։ Առաջնայինը սակայն ներկա <<քաղաքական էլիտա>> կոչվածի օր առաջ որակական փոփոխությունը կամ փոխարինումն է պրոֆեսիոնալ և հստակ տեսլական ու պետական հավակնությունների ձգտող էլիտայով՝ պահպանելով 2018 թվականի հեղափոխության ժամանակ առաջ քաշվող արժեքները։ Դրանից հետո, ազգային իրական ներուժի աուդիտ և ռեալ մոբիլիզացիային ուղղված ռազմավարություն, կարմիր գծերի հստակ ձևակերպում և իրական պրոակտիվ արտաքին քաղաքականության մշակումն է։ Ի վերջո, որպեսզի վերականգնենք ներ տարածաշրջանային օրակարգ թելադրող ու սեփական շահը առաջ տանող փոքր պետություն, որը Փոքր Ուժի/Տերության վարքագիծ է որդեգրում` պիտի պատրաստվենք պատժել օպոնենտին 15-20 տարի անց ու կրկին մեր օգտին փոխել տարածաշրջանի ռազմա֊քաղաքական պատկերը։ Լիովին այլ` նորարարական տրամաբանության մեջ։ Անակնկալի մեջ գցելով աշխարհին։

Այս տարբերակը պատուհան կբացի միջնաժամկետ հեռանկարում՝ տալով հնարավորություն կրկին հանդես գալ ռեգիոնալ քաղաքական աշխարհագրության Մեծ Խաղին դերակատար լինելու հավակնությամբ։

Իսկ հիմա մենք լավագույն դեպքում կարող ենք դասակարգվել որպես դասագրքային իմաստով թույլ պետություն, զրկված հնարավորություններից նույնիսկ պրոյեկտելու սեփական շահն ու ունակ լինելու միայն սպասարկել այլ երկրի (երկրների) իսկ մեր պարագայում նաև մեզ հաղթած իրեն Փոքր Տերության վարքագծի մեջ շարժվող Ադրբեջանին, որի ակնհայտ հավակնությունն է ձգտել էլ ավելի նոր բարձունքների՝ դառնալով հառնող Միջին Տերություն (Rising Middle Power)։ Այս առումով Մեղրու միջանցքը, որի համար ըստ որոշ տեղելությունների Բաքուն հատուկ կարգավիճակ է ուզում` մի կողմից վերջնականապես կվերացնի մեր հետագայում նորից սուբյեկտ դառնալու շանսը` մեր աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական օպոնենտին տալով հնարավորություն միջազգային ժամանակակից համակարգում հաստատվելու որպես հառնող Միջին Տերություն։

Բոլոր առումներով, ընտրությունը եղել ու մնում է մերը։ Մենք ենք ընտրել այսպիսի ելք։ Մենք էլ կընտրենք այս կամ այն` անպատիվ գոյատևման, կամ հավակնոտ վերակենդանացման ճանապարհը։

Որպես գիտնական, ունեմ այս իրավիճակից դուրս գալու իմ ոլորտին վերաբերող սցենարային քայլերի հերթականությունն ու ռազմավարությունը, բայց բնականաբար, այստեղ դրա մասին չեմ գրի։

 

Էդուարդ Աբրահամյան

Պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ստրատեգիական հետազոտությունների դեպարտամենտի գիտաշխատող,

Վաշինգտոնյան Կովկաս-Միջին Ասիայի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ