Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանն այսօրվա նիստում քննարկեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի առաջադրման հարցը: Ֆինանսների նախկին նախարարին այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նրա թեկնածությունը հաստատվել էր նաև գլխադասային հանձնաժողովում: Նախկին նախարարը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հարցի քննարկման ժամանակ ասաց, որ պարոն Ջանջուղազյանը մինչև վերջերս զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, ապա հարցրեց. «Արդյո՞ք չկա շահերի բախում այն հանգամանքում, որ, ստանձնելով այս քննարկվող պաշտոնը, ինքը, ըստ էության, ինչ-որ տեղ պետք է աուդիտ անցկացնի այն բյուջեի կամ այն համակարգի նկատմամբ, որը վերջին երեք տարիներին անձամբ ղեկավարել է»։
Հիմնական զեկուցող ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն արձագանքելով՝ ասաց, որ հարցն ունի երկու կողմ. «Առաջինը, ենթադրում եմ, դա մասնագիտական էթիկայի դաշտում է, ընդհանրապես անաչառության դաշտում է։ Ինչ վերաբերում մյուս հատվածին, նշեմ հետևյալը. ըստ էության, պարոն Ջանջուղազյանը գրեթե մեկ տարի է այդ պաշտոնին չէ, հետևաբար այդ առումով նաև որոշակի ժամանակահատված է անցել, այսինքն այնպես չէ, որ մենք այդ պաշտոնից անձին տեղափոխում ենք մեկ այլ պաշտոն»։
Արմեն Գևորգյանն ասաց, որ իրականում կասկածի տակ չդնելով Ա. Ջանջուղազյանի գիտելիքն ու ունակությունները` պարզապես Հաշվեքննիչ կառույցում գործառույթն է լրիվ ուրիշ, ինքը պետք է սխալներ բացահայտի, խնդիրներ տեսնի այն աշխատանքում, որը նաև ինքն է ժամանակին կատարել։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ Ատոմ Ջանջուղազյանը 1999 թվականին դեռ եղել է գլխավոր գանձապետը, այնուհետև տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ նախարարի տեղակալ, նախարար, ապա հարցրերց՝ արդյոք պարոն Ջանջուղազյանը նախկին է, թե՞ ներկա։ Պապոյանն արձագանքեց` թեկնածուն և՛ նախկին է, և՛ ներկա, և՛ ապագա:
Ատոմ Ջանջուղազյանի` Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրությունը կկայանա վաղը` փակ գաղտնի ընթացակարգով: