կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-23 21:06
Քաղաքական

Պահն է լրջանալու ու ազգովին համախմբվելու. Բենիամին Պչաքճյան

Պահն է լրջանալու ու ազգովին համախմբվելու. Բենիամին Պչաքճյան

Այսօր Ազատության հրապարակում #Լրջացեք #ՀանունԵրկրի կարգախոսով` Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ  Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյան: Ելույթը ներկայացնում ենք ստորև` ամբողջությամբ:

Նախորդ ապրիլ-մայիսին տեղի ունեցած համաժողովրդական շարժումը բուռն արձագանք ունեցավ նաեւ Սփյուռքում։ Ակնկալիքն այն էր, որ հասունացել է անցյալի հոռի երեւույթները մերժելու, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր էջ բացելու, համազգային օրակարգ ձեւավորելու` երկար սպասված ժամանակը։ Սփյուռքը մեծ ոգեւորությամբ ընդունեց շարժման հայտարարված նպատակները ու իր պատրաստակամությունը հայտնեց մասնակից դառնալու գործընթացին։

Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ մեկ տարի անց կա որոշակի հիասթափություն, չիրականացված ակնկալիքներ, տագնապ, անհասկացողություն եւ անորոշություն երկրի ապագայի նկատմամբ։ Անցյալի սխալները սրբագրելու եւ առաջ գնալու փոխարեն զարմանալի է Սփյուռքի նախարարության լուծարումը եւ փոխարինումը անորոշ դրվածքով։ Սփյուռքի կառույցների տեսակետների անտեսմամբ` առաջարկված տարբերակը անհասկանալի է։

Բաժանարար գծերը, այլամերժության մթնոլորտը այսօր փորձում է տարածվել նաեւ Սփյուռքի տարբեր հատվածներում։ «Սեւ ու սպիտակ», «հեղափոխական ու հակահեղափոխական» պիտակավորումները պառակտում ու ջլատում են մեր ուժերը։ Համահայկական օրակարգերը՝ Հայ դատ, Արցախ, հայոց պետականության ամրապնդում եւ զարգացում՝ սրանք են, որ մեզ կարող են միավորել։ Այս օրակարգերի շուրջ միավորումն է, որ անցնող տարիներին հաղթանակներ եւ ձեռքբերումներ է պարգեւել մեզ։ Այդ միավորումն է, որ մեզ ավելի ուժեղ է դարձրել, ավելի ինքնավստահ՝ մեծացնելով մեր համազգային դիմադրողականությունը։ Իբրեւ արդյունք` այսօր ունենք զույգ հայկական պետականություններ, հզոր ու մարտունակ բանակ։

Անշուշտ, բաժանարար գծեր կարող են լինեկ, բայց այդ բաժանարար գծերը ներազգային ճակատում պետք է ճիշտ հասցեագրվեն։ Սպիտակ են նրանք, ովքեր համազգային մեր իղձերն ու նպատակները վեր են դասում հատվածական շահերից: Սպիտակ են նրանք, ովքեր, ձեռքբերումները պահպանելով եւ սխալները սրբագրելով, նոր հաղթանակներ են կերտում: Սպիտակ են նրանք, ովքեր իրենց ներդումը համազգային պայքարում չեն պայմանավորում իշխանության մեջ լինել-չլինելու հանգամանքով: Սպիտակ են նրանք, ովքեր համահայկական ներուժի համախմբման ու նպատակային ուղղորդման հավատացողներն են։

Սեւերը նրանք են, ովքեր փորձում են անհանդուրժողականություն սերմանել, միասնականը տրոհել, երկփեղկել, տարբերությունների վրա շեշտադրելով` ընդհանրությունները անտեսել։ Սեւ են նրանք, ովքեր փորձում են խաթարել մեր արժեհամակարգը` հայության ազգային նկարագրին անհարիր կեղծ արժեքներ ներմուծելով։ Սեւ են նրանք, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար մեր սրբություններն ու համազգային ձեռքբերումները փորձում են նսեմացնել ու արժեզրկել։ Սեւ են նրանք, ովքեր ունակ են քանդել, բայց ոչ` արարել ու կառուցել։ Վերջապես, սեւ են նրանք, ովքեր փորձում են սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջեւ:

Հայաստանաբնակ մեր հայրենակիցների ակնկալիքներից մեկը տնտեսության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կենսամակարդակի բարձրացումն է։ Արտաքին ներդրումների ապահովումը այս նպատակները իրագործելու համար հիմնական երաշխիքն է։ Սակայն, անհրաժեշտ է ու նախապայման՝ ներքաղաքական կայունությունն ու կանխատեսելի եև հստակ տնտեսական քաղաքականությունը։ Պարբերական ցնցումները եւ լարված իրավիճակները վստահություն չեն ներշնչում ներդրողների համար։

Դաշնակցությունը` իր համահայկական կառույցով, Հայ Դատի գրասենյակներով եւ ուղեկից միություններով, անկախ նրանից՝ իշխանություն է, թե` ընդդիմություն, գործել է ու պիտի գործի ի շահ Հայաստանի պետականության հզորացման, Արցախի անվտանգության ապահովման, միջազգային ճանաչման ու հայության համազգային նպատակների իրագործման։

Ազգովի համախմբվելու եւ լրջանալու պահն է։ Ժամանակ կորցնելու ու սխալվելու իրավունք պարզապես չունենք։