կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-27 19:37
Քաղաքական

Իշխանությունը երկար ճանապարհ ունի լրջանալու համար

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վերջին հանրահավաքում իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց և լրջանալու կոչ արեց։

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ցավոք, վերջին հանրահավաքից հետո, դատելով իշխանության վարքագծից, ինչպես նաև այն օրակարգից, որը բերվում է հանրային քննարկման, դեռևս լրջանալու մասին խոսելը վաղ է։

«Դա երևում է նաև իշխանության առանձին ներկայացուցիչների անբարտավան տոնից, որին հաճախ ականատես ենք լինում։ Այդ մեծամտությունը, ժողովրդի անունից անընդհատ խոսելը, ժողովրդի վստահությունը չարաշահելը, համակարգերը չպատկերացնելով, չհասկանալով մի այնպիսի աշխարհացունց հայտարարություն անելը, խոսում է այն մասին, որ իշխանությունը երկար ճանապարհ ունի լրջանալու համար։ Որովհետև առանձին դեպքերում իրենց մասնագետ համարող ԱԺ առանձին պատգամավորներ խոսում են երևույթների մասին, որով կամ մանիպուլացնում են կամ իսկապես չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։Ու անընդհատ մենք վայրիվերումների մեջ ենք՝ իբրև երկիր, իբրև պետություն։ Եվ այս ամենը ոչ միայն լրջանալու, այլև խոհեմության նվազագույն պաշար հավաքելու անհրաժեշտություն է թելադրում»։

Հարցին, թե օրերս հարցազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե այնպես չէ, որ նրանք չգիտեին, որ Աբխազիան զավթվել է իրենց ներկայությամբ, կամ Օսիան զավթվել է, իսկ Ստրասբուրգում էլ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկում՝ ՌԴ ԵԽԽՎ ետ վերադարձին , արդյոք դա կարող է ազդել ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա, նա նշեց, որ ավելի լավ կլինի արտաքին քաղաքականության մասով մասնագետ խոսի.

«Եթե ընդհանուր գնահատական տամ շատ վտանգավոր կարող է լինել և նոր օջախներ բացել մեր արտաքին ճակատում։ Սա կարծում եմ՝ իշխանության համար ամենակարևոր ուղղություններից մեկը պետք է լիներ և լրջանալու բանաձևի ներքո նախապես լուրջ դասընթաց անցկացնի մեր այն պատգամավորների, անձանց շրջանում, որոնք ներկայացնում են Հայաստանը՝ անկախ նրանից, թե նրանք ի պաշտոնե Հայաստանի անունից կարող էին արտաքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններ անել, թե ՝ ոչ։ Շատ կարևոր է նաև համահայկական ռեսուրսի ճշգրիտ գնահատումը և ներառումն այս ամենի մեջ։ Ցավոք մենք տեսնում ենք, որ չունենք համախմբման օրակարգ։ Նորից արհեստական ինչ-որ հարցեր են բերվում, որոնք ավելի շատ հեռացվում են մեկը՝ մյուսից, քան թե փորձ է արվում ՀՀ անվտանգությունն ավելի ամրապնդել։ Նման անզգույշ հայտարարությունները կարող են Հայաստանի համար լրացուցիչ ճակատ բացել երրորդ երկրի կողմից, այլև՝ անկայունություն մտցնել տարածաշրջանում։ Կարծում եմ՝ սա պետք ՝ խորապես ըմբռնեն»,-շեշտեց Մինասյանը՝ հավելելով, որ մարդիկ, ովքեր ունեն պաշտոնատար դիրք, դրան համապատասխան պետք է իրենց խոսքը կառուցեն, որպեսզի չվնասեն երկրի թե՛ արտաքին իմիջին, և ամենակարևորը՝ անվտանգության համակարգերին։