կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 10:07
Քաղաքական

Իշխանությունները լրջանալու փոխարեն ավելի են «ջրիկացել»․ Իշխան Սաղաթելյանը՝ Հրայր Թովմասյանի դեմ Փաշինյանի ներկայացրած փաստի մասին

Իշխանությունները լրջանալու փոխարեն ավելի են «ջրիկացել»․ Իշխան Սաղաթելյանը՝ Հրայր Թովմասյանի դեմ Փաշինյանի ներկայացրած փաստի մասին

Դեռևս 9 ամիս առաջ մայիսին՝ հանրահավաքի ժամանակ ենք մեր հիմնական ուղերձը հղել իշխանություններին, որ պետք է լրջանան, այդ ուղերձն ուժի մեջ է և, ցավոք, այս ժամանակահատվածում, լրջանալու փոխարեն ավելի են «ջրիկացել», արդյունքում ունենք այն, ինչ կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ներկայացրած ապացույցը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում, վարչապետի գրառումների արձագանքին՝ Սաղաթելյանն ասաց. «Ինձ համար շատ մտահոգիչ է այն հեգնանքը, ծաղրանքը, որը կա, բայց դրա անմիջական մեղավորը ու պատասխանատուն երկրի իշխանություններն ու անձամբ վարչապետն է, որովհետև երբ իրենք այդ բառապաշարով ու տոնով խոսում են իրենց ընդդիմախոսների, իրենց կարծիքը չկիսողների հետ, սա ունենում է նաև իր հակառակ էֆեկտը, ինչի արդյունքում այսօր ունենք այդ մթնոլորտը: Այս իրավիճակն արդեն անլրջության բոլոր սահմաներն անցնում է, ու իրոք մտահոգիչ է»:

Խոսելով այն մասին, որ երեկվանից  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իշխանական շրջանակների կողմից տարածվեց մի լուսանկար, որում, իբր ՍԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել, սակայն իրականում լուսանկարում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էր, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդ անհաջող «ստոպկադրի» օգտագործումը նախ ցույց տալու համար, թե դա Թովմասյանն է, ապա Արծվիկ Մինասյանի վրա ուղղորդելը ստորություն ու սրիկայություն է, ապա հավելեց. «Այդ կադրի օգտագործումը, ընդհանրապես  մարդկանց ծաղրելու, մարդկանց գլխին սարքելու գործելաոճը, սուտն ու կեղծիքը այսօր իշխանության աշխատանքի հիմնական գործիքներից մեկն է: Ով ճանաչում է Արծվիկ Մինասյանին՝ լավ գիտի նրա արժանապատվությունն ու թասիբը, այնպես որ, այդ սուտն ու կեղծիքը, մեկ էլ ուրիշ բառ կա, քառասուն օր է, հետևաբար, դրա վրա հենվելով՝ երկար չեն կարող գնալ, անհրաժեշտ է լրջանալ ու գործ անել»:

Հարցին՝ այդ գրիչի մասին հրապարակումն իրո՞ք այն փաստն էր, որով վարչապետն ապացուցեց, թե ՍԴ նախագահն իր ծառայություններն է առաջարկել, Սաղաթելյանն ասաց. «Ամեն ինչ այնքան պարզ ու հստակ է. գիտակից մարդու համար այս ամեն ինչն այնքան հասկանալի ու պարզ է, որ ավելորդ մեկնաբանությունների ու լրացուցիչ գնահատականի կարիք չկա, շատ հստակ է այս ամեն ինչը ու ծիծաղելի է ամեն ինչ այդ մակարդակի իջեցնելը, կարմիր գծեր կան, որոնք պետք է չանցնել»: