կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 16:54
Հասարակություն

Հայկ Մարությանին լրջանալու կոչ ենք անում. Արա Ռոստոմյան

Հայկ Մարությանին լրջանալու կոչ ենք անում. Արա Ռոստոմյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության` Երևանի քաղաքային կոմիտեն, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները Երևանի քաղաքապետարանի առջև այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել։

ՀՅԴ Երիտասասարդական միության կենտրոնական վարչության նախագահ  Արգիշտի Գևորգյանն ակցիայի սկզբում ասաց, որ քաղաքապետին և իշխող խմբակցությանը հիշեցնում են տված խոստումները։ «Քաղաքապետն իր թիմի հետ Երևանը կանաչապատելու, աղբահանությունն ավելի լավ որակով կազմակերպելու, տրանսպորտի հարցը լուծելու և մի շարք այլ խնդիրներ կարգավորելու խոստում էր տվել, սակայն երևանցու կյանքում այս 9-10 ամիսների ընթացքում որևէ դրական տեղաշարժ չի նկատվել», - նշեց նա։

ՀԵՄ միության կենտրոնական  վարչության անդամ Լուսինե Քարամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նույնպես ընդգծեց` առայժմ զգուշացնում են քաղաքային իշխանություններին, որ հետևողական են լինելու այս խնդիրների լուծմանը ու ամեն բան անելու են, որ քաղաքապետարանը քայլեր ձեռնարկի բարձրաձայնված խնդիրները լուծելու, իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումներն իրականացնելու համար։ «Կարծում եմ` 9-10 ամիսը բավական չէր այդ խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար, բայց բավական էր ինչ-ինչ ծրագրեր առաջ բերելու, քայլեր ձեռնարկելու ու դրական տեղաշարժեր նկատելու համար։ Եթե խնդիրները չլուծվեն, նմանատիպ ակցիաները հաճախակի են դառնալու»,- նշեց նա:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանն էլ լրագրողների հետ զրույցում վերահաստատեց նախորդ բանախոսների խոսքը: «Խոստումները, որ հնչել էին նախընտրական քարոզարշավի ժամանակ, չեն կատարվել, մենք տեղաշարժ չենք տեսնում։ Տասն ամիսը բավական քիչ ժամանակ է, որ տեսնենք վերջնարդյունքները, բայց Երևանի բնակիչները փոփոխությունների հեռանկար անգամ չեն տեսնում։ Այդ առումով մենք այսօր ուզում ենք Երևանի քաղաքապետին հիշեցնել իր խոստումները, նաև` լրջանալու կոչ անել, որ հետայսու ձեռնամուխ լինեն բարձրացված խնդիրների լուծմանը»,- նշեց նա։

Մասնավորեցնելով Երևանի առջև ծառացած խնդիրները` Ռոստոմյանը թվարկեց` նախ`աղբահանության վիճակը չի՛ լավացել, ու թեև քաղաքապետարանի կողմից  ստեղծվել է այդ հարցով զբաղվող  համայնքային հիմնարկ, և հատկացվել է 2 մլրդ ավելի բյուջե, բայց անցել է մեկ ամիս, իսկ աղբահանության ոլորտում փոփոխություն չի նկատվում։

«Վերելակների հարցը ևս չի լուծվել, գոնե մեկ վերելակ չի փոխվել, բայց նախընտրական քարոզարշավիի ժամանակ ներկայացվում էր, թե դրանք անպայման պետք է փոխվեն։ Կանաչապատ տարածքների մասով` բոլորդ տեսնում եք Սարալանջի փողոցի շրջակայքը, որ գրեթե ամեն օր հրդեհվում է։ Մարտ ամսին քաղաքապետի մամուլի քարտուղարը ներկայացրեք այն պատկերը, թե ինչպիսին է լինելու Սարալանջը` կանաչապետ, ծառապատ: Ինչ խոսք, անչափ գեղեցիկ պատկեր էր, բայց այսօրվա դրությամբ տարածքն ամբողջությամբ  այրված ու չորացված է»,- ներկայացրեց Ռոստոմյանը։

Նա նաև հստակեցրեց, որ այսօրվա ակցիան շարունակությունն է մայիսին Ազատության հրապարակում տեղի ունեցած ակցիայի։ Շեշտեց` սա առաջին դեղին քարտն է` քաղաքապետին, որով քաղաքային իշխանություններին լրջանալու կոչ են անում։

«Ակնկալում ենք, որ հետայսու փոփոխություններ կլինեն։ Բոլորս երևանցիներ ենք ու չենք ցանկանա, որ Երևանը ձախողի: Դեղին քարտը ցույց ենք տալիս որպես նախազգուշացում։ Եթե նրանք ցանկություն ունենան համագործակցելու, մենք պատրաստ ենք որոշակի ծրագրեր ներկայացնել»,- հավելեց Արա Ռոստոմյանը։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջավ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` փորձելով ինչ-ինչ տվյալներ ու թվեր ներկայացնել, թե այս ամիսներին ինչ գործ են արել ու ինչ են պատրաստվում անել։

Քաղաքապետի, տեղակալների, բոլոր վարչությունների պատասխանատվությունն իր վրա վերցրած ու բոլորի փոխարեն խոսել փորձող Կարապետյանին ակցիայի մասնակից, ՀՅԴ քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը կոնկրետ հարցադրում-հակադարձում ուղղեց։ «Քանի՞ հուշարձան եք լվացել այս տարի, ինչքա՞ն գումար եք հատկացրել հուշարձանների լվացմանը, ավելին` հուշարձանների պահպանության ու խնամքի համար տրամադրվող` բյուջեի 80 տոկոսը կրճատել եք։ Արմեն Տիգրանյանի արձանը տեսե՞լ եք, Վարդան Մամիկոնյանի, Գայի արձանները տեսե՞լ եք։ Դուք հավաքել եք 80 տոկոս քվե, ժողովրդի կողմից ունեք մեծ վստահություն, բայց պատասխանատվությունից խուսափում եք։ Վերելակ էր ընկել, պատասխանտվությունից դարձյալ խուսափեցիք` մեկնաբանելով, թե այն մասնավորի է պատկանել։ Իսկ ո՞վ պետք է վերահսկեր այդ վերելակը։ Դուք ամեն ինչից խուսափում եք։ Աղբը չեն հավաքում,  «Սանիթեքն» է մեղավոր, վերելակն ընկնում է, մասնավորն է մեղավոր»,- ընդգծեց նա։