կարևոր
265 դիտում, 13 ժամ առաջ - 2025-01-21 16:08
Աշխարհ

Արեւմտյան վերլուծական կենտրոնները քննարկում են Մերձավոր Արեւելքում Իրանի ռազմավարության տապալումը

Արեւմտյան վերլուծական կենտրոնները քննարկում են Մերձավոր Արեւելքում Իրանի ռազմավարության տապալումը
Տասնամյակներ շարունակ Իրանը մեթոդաբար դաշինքների տարածաշրջանային ցանց է կառուցել՝ Պարսից ծոցից Միջերկրական ծով իր ազդեցությունն ընդլայնելու ռազմավարության շրջանակներում։ Սիրիան Ասադների ընտանիքի իշխանության ներքո այստեղ ծառայել է որպես կենսական օղակ, որը կապում է Թեհրանն իր լիբանանյան «Հըզբոլլահին» եւ ապահովում Իրանի հենարանը Պատմական Լեւանտում: Այսօր, սակայն, այս երբեմնի ահռելի առանցքը, որը խնամքով հյուսված է ավելի քան 40 տարի, կարծես թե քայքայվում է:

2024 թ-ի դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի տապալումը ջախջախիչ հարված է հասցրել Թեհրանի տարածաշրջանային հավակնություններին, փաստում է Al Monitor-ը։ Այն, ինչ սկսվեց որպես համարձակ ռազմավարոթյուն, որը նախատեսված էր Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռությունը փոխելու համար՝ հօգուտ Իսրայելի, այժմ այնքան էլ համոզիչ չի թվում, քանի որ Իրանի ազդեցությունը թուլանում է, եւ նրա դաշնակիցները հարվածի տակ են: Ասադի հեռանալը նշանավորում է ոչ միայն նրա ռեժիմի ավարտը, այլեւ տարածշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտում խորը տեղաշարժ, որը ստիպում է Իրանին ամեն կերպ փորձել պահպանել իր դիրքերn ավելի ու ավելի թշնամական միջավայրում:

1980-ական թվականների սկզբից Սիրիան աշխարհագրական կամուրջ է ապահովել, որը Թեհրանին թույլ է տալիս զինել եւ աջակցել Լիբանանի «Հըզբոլլահին»՝ Իրանին տալով Իսրայելի վրա ազդելու ուղղակի լծակ: Այս գործընկերությունը սկսել է ձեւավորվել 1982 թ-ին Իսրայելի կողմից Լիբանան ներխուժման խորապատկերին, որը համընկել է Խորեմշհրի ազատագրմամբ իրան-իրաքյան 8-ամյա պատերազմի ընթացքում։ Իրաքի եւ Սիրիայի բաասիստական ռեժիմների միջեւ գաղափարական պառակտումը Իրանին թույլ տվեց ռազմավարական դաշինք կնքել Դամասկոսի հետ, ճնայած այն հանգամանքին, որ Ասադ ավագի աշխարհիկ ռեժիմը գաղափարապես մոտ չէր Թեհրանի աստվածապետական շիա ռեժիմին: 1980-ականներին Իրանի հետ ռազմավարական հարաբերւթյունները հավասարակշռվում էին ԽՍՀՄ-ի հետ ռազմաքաղաքական սերտ դաշինքով, սիկ 1990 – ականներին՝ Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների (առաջին հերթին՝ Ֆրանսիայի) հետ բարեկամական հարաբերություններով, սակայն 2000-ին Դամասկոսում Բաշար Ասադի իշխանության գալուց հետո իրավիճակը փոխվեց։ Իրանական ազդեցությունը սկսում է ականապատվել սիրիական արտաքին քաղաքական կուրսի մշակման ժամանակ, սիկ Իրանի հետ դաշինքը դառնում է սիրիական դիվանագիտության հիմնական գերակայությունը։ Երկկողմ կապերն աստիճանաբար ռազմական բաղադրիչ ձեռք բերեցին դեռեւս 2011 թ-ին զինված բախումներից առաջ: Իրանի Պահապանների ուժերը վարժական ճամբարներ ստեղծեցին Սիրիայում եւ Լիբանանում, ինչը «Հըզբոլլահը» դարձրեց Մերձավոր Արեւելքի ամենալուրջ ռազմական կազմակերպությոններից մեկը: Առաջին անգամ «շիական կիսալուսին» տերմինը հնչեցրել է Հորդանանի թագավոր Աբդալլան «Վաշինգտոն Փոստին» տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ զարգացող աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան ապակայունացնում է Պարսից ծոցի երկրները, եւ «նույնիսկ Սաուդյան Արաբիան դրանից իմունիտետ չունի», - նշել է թագավորը՝ ակնհայտորեն ակնարկելով արեւելյան նավթաբեր նահանգի շիաներին: Հազիվ թե պատահական է, որ շիաների սպառնալիքի մասին թեզը հնչեցրել է Վաշինգտոնի առավել հետեւողական դաշնակիցնրից մեկը հանդիսացող պետության ղեկավարը (Կուզնեցով Ա. Սիրիական ճգնաժամում Իրանի դերի մասին / / Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տարեգիրք 2007. 2014. № 2):

Ի դեպ, իրանա-սիրիական գործընկերությունը միշտ էլ անկայուն է եղել՝ կախված լինելով Սիրիայի քաղաքցիական պատերազմի ժամանակ ամենալուրջ փորձությանը բախված Ասադի ռեժիմի գոյատեւումից։ 2012 թ-ին ապստամբների ուժերը հասել էին Դամասկոսի ծայրամասեր, չհաստատված տեղեկությունների համաձայն, Բաշար Ասադը մտածում էր փախուստի մասին, sակայն Իրանի վճռական միջամտությունը, ի դեմս առաջին հերթին «Քուդս» էքսպեդիցիոն ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի, թույլ տվեց Սիրիայի նախագահին դիմադրել: Թեհրանը զգալի ռեսուրսներ է ծախսել՝ տեղակայելով «Հըզբոլլահ» - ի զինյալներին, իրաքցի աշխարհազորայիններին եւ նույնիսկ աֆղան ու պակիստանցի շիաների նորակոչիկներին: Այսպիսով, Իրանի միջամտությունը երկարացրեց Ասադի կառավարումը, սակայն դրան հաջովեց հասնել զգալի ֆինանսական, կազմակերպչական ծախսերի, հեղինակության վնասի եւ այլնի գնով: Հայտնի է՝բեկումնային պահը եկավ 2024ի վերջին. «զինված ընդդիմության» ջոկատները Թուրքիայի (եւ ոչ միայն) աջակցությամբ Իդլիբից սրընթաց հարձակման ընթացքում սկսեցին արագ գրավել խոշոր քաղաքները՝ չհանդիպելով գրեթե ոչ մի դիմադրության։ Ասադի հանկարծակի հեռանալն ապշեցրել է Թեհրանին, որը միլիարդավոր դոլարներ ու հազարավոր կյանքեր է ներդրել նրա ռեժիմի պահպանման համար։ Ռուսաստանում արգելված ՀԹՇ խմբավորման զինյալների կողմից Հալեպ – Համա – Հոմս – Դամասկոս գծի գրավումը, նախկին «հարավային ճակատ» եւ այլն, խաթարել է Թեհրանը «Հըզբոլլահի» եւ Լեւանտի ավելի լայն ցանցի հետ կապող լոգիստիկ զարկերակը: Իրանի ազդեցությունը Սիրիայում, որը խնամքով մշակվել է տասնամյակներ շարունակ, գոլորշիացել է գրեթե մեկ գիշերվա ընթացքում։ Ռուսաստանը, որը հաճախ հանդես էր գալիս որպես Ասադի ռեժիմի հովանավոր, նրա անձնական անվտանգությունը վեր է դասել Թեհրանի ռազմավարական շահերից, պնդում է Al Monitor-ը։

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նաեւ բացահայտեցին «Թեհրանի միությունների փխրունությունը», շարունակում է պարբերականը: Չնայած իրանցիներին հաջողվեց ստեղծել զինյալների խմբեր եւ ասիմետրիկ պատերազմական հնարավորություններ՝ նրանց համար հեշտ չէր այդ մարտվարական հաղթանակները վերածել կայուն քաղաքական եւ տնտեսական օգուտների: Առանց Ասադի՝ Պատմական Լեւանտի հողերի վրա ուժ նախագծելու Իրանի կարողությունն այժմ խիստ նվազել է։ Ասադի անկմանը նախորդող ամիսներին իսրայելացինրը հարձակվեցին «Հըզբոլլահի» ղեկավարության եւ ենթակառուցվածքների վրա, ինչը հանգեցրեց գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի եւ այլ բարձրստիճան պաշտոնյաների մահվան, ինչը զգալիորեն թուլացրեց շիա խմբավորումը՝ ստիպելով նրան պայքարել Լիբանանի քաղաքական եւ ռազմական լանդշաֆտում իր ազդեցությունը պահպանելու համար: Հիշեցնենք՝

«Հըզբոլլահի» դիրքերն ուժեղ էին Հալեպում եւ Սիրիայի մի շարք այլ շրջաններում, սակայն իսրայելցիների հարվածներից հետո իրավիճակը փոխվեց: Իրանի միությունների փլուզումը տեղի է ունենում տարածաշրջանում խորը աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին։ 2020 թ-ին ստորագրված «Աբրահամյան համաձայնագրերն» Իսրայելին մոտեցրել են արաբական մի քանի պետությունների, այդ թվում՝ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ՝ ձեւավորելով կոալիցիա, որը հակադրվում է իրանական ազդեցությանը։ Նույնը մասամբ կարելի է ասել Սաուդյան Արաբիայի մասին, չնայած 2023 թ-ի մարտին Պեկինի ակտիվ մասնակցությամբ Իրանի հետ Թագավորության հարաբերությունների մասնակի կարգավորմանը։ Պետք չէ անտեսել նաեւ աճող ներքին խնդիրները, որոնք կարող են վերածվել զանգվածային անկարգությունների հերթական ալիքի, որն ամեն կերպ փորձում են մոտեցնել եւ Ամերիկան, եւ Իսրայելը։

Սիրիայում Ասադի ռեժիմի անկումը շրջադարձային պահ է ոչ միայն Իրանի, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքի համար: «Դիմադրության առանցքը», որը ժամանակին Թեհրանին «ռազմավարական խորություն» էր ապահովում, այժմ մասնատված է՝ Իրանին թողնելով ավելի մեկուսացված, քան երբեւէ 1979-ի հեղափոխությունից հետո: Նույնիսկ Իրանի վաղեմի գործընկերները վերանայում են իրենց ռազմավարությունները։ Այսպես, «Ռուսաստանը, որը որոշիչ դեր է խաղացել Ասադին աջակցելու գործում, պատրաստակամություն է հայտնել առաջնահերթություն տալ սեփակն շահերին։ Թուրքիան, որը Իրանի տարածաշրջանային հակառակորդն է, իրեն որպես միջնորդ է դիրքավորել հետ Ասադական դարաշրջանում՝ աշխատելով Քաթարի եւ Պարսից ծոցի այլ պետությունների հետ՝ տարածաշրջանի ապագան ձեւավորելու համար»: Իհարկե, «Իսրայելի համար Իրանի դաշինքների թուլացումը զգալի հաղթանակ է ներկայացնում։ Նեթանյահուն Լիբանանի եւ Սիրիայի հակամարտությունները ներկայացնում է որպես Իրանի ազդեցւթյունը սահմանափակելու ավելի լայն արշավի մաս: Համակարգված թիրախավորելով իրանական դաշնակիցներին եւ ղեկավարությանը՝ Իսրայելը փոխել է տարածաշրջանի ռազմավարական հաշվարկը՝ ստիպելով Թեհրանին գործել պաշտպանությունում»։

Իրենց տարածաշրջանային ռազմավարության փլուզման ֆոնին Իրանի առաջնորդները բախվում են կոշտ ընտրության՝ հարմարվել Մերձավոր Արեւելքի նոր իրողություններին, կամ էլ ռիսկի դիմել մեկուսացման խորացման համար: Դաշնակիցներին զինելու եւ ռազմատենչ խմբավորումներին աջակցելու նախկին սցենարն այլեւս չի երաշխավորում հաջողություն տարածաշրջանում՝ իր արագ փոփոխվող դաշինքներով: Հարցն այն է, թե արդյո՞ք Իրանը կկարողանա վերանայել իր մոտեցումը, թե նրա երբեմնի գերիշխող ազդեցության առանցքը կշարունակի քայքայվել, սակայն ամեն դեպքում «պարզ է՝ Մերձավոր Արեւելքը թեւակոխում է մի նոր փուլ, որտեղ Թեհրանի՝ որպես կենտրոնական տերության դերը երաշխավորված չէ»:Իր հրապարակային հռետորաբանության մեջ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Ասադի անկումը բնութագրում է որպես ամերիկա-իսրայելական դավադրության մի մաս, որին աջակցում է հարեւան պետությունը, որի տակ, սըտ երեւույթին, նկատի ունի Թուրքիան: Սակայն «կուլիսներում Իրանի ղեկավարությունը շատ ավելի բարդ խնդիրների է բախվում, քան պարզապես դաշնակցի կորուստը»: Իրանական անանուն աղբյուրի խոսքով՝ Թեհրանում ուշադիր կշռադատում են այն տարբերակները, որոնք կոչված են զսպելու տարածաշրջանային դինամիկայի փոփոխության հետեւանքները, որոնք պետք է միաժամանակ լուծվեն»: Ներկա պահը 1979 թ-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր ամենաբարդ պահերից մեկն է. «ընդամենը մի քանի օրվա ընթացքում քաղքական քարտեզն արմատապես փոխվեց՝ սահմանափակ հնարավորությունների պայմաններում»: Մինչ Դամասկոսում փոփոխվող քաղաքական իրողության նկատմամբ Իրանի երկարաժամկետ ռազմավարությունը մնում է անորոշ, ցուցիչներից մեկը կլինի Հ»ըզբոլլահի» դերը Լիբանանում եւ ոչ միայն միջին եւ երկարաժամկետ հեռանկարում:

2024 թ-ի վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերը եւ Մերձավոր Արեւելքում ամերիկամետ կոալիցիան ինտենսիվացրել են հարվածները Եմենի տարածքում գտնվող օբյեկտներին, յադ թվում՝ անսար ալլահ շարժման կողմից օգտագործվող Հոդեյդա, Սալիֆ եւ Ռաս Իսսա նավահանգիստներին։ Մտահոգություններ է առաջացնում նաեւ Դոնալդ Թրամփի առաջիկա երդմնակալությունը։ Արաբական դիվանագիտական աղբյուրի կարծիքով՝ հազիվ թե Իրանը կարող է բարենպաստ պայմաններ ակնկալել հրեական իսթեբլիշմենթի հետ սերտորեն կապված քաղաքական գործչից. Տարածաշրջանային անկայունության ներուժը միշտ մտահոգիչ է եղել։ Բայց հիմա այդ խաղաքարտը հանվել է սեղանից»։ Թրամփը կձգտի ԱՄՆ-ի համար լավագույն գործարքին՝ Իրանին թողնելով վատագույնը»։

Ամեն դեպքում, խաղադրույքները բարձր են, եւ ռազմական առճակատումը կարող է խորը փոփոխություններ առաջացնել Իրանի միջուկային դոկտրինում, եւ հազիվ թե պատահաբար նոյեմբերի 23-ին Կումայի (Փարդիսանի շրջան) իմամներից մեկը հրապարակավ դիմեց ռահբարին՝ կոչ անելով չեղարկել ֆեթվան, որն արգելում է Իրանին միջուկային զենք արտադրել, պահել եւ կիրառելՓորձագետների կարծիքով՝ Վելայաթ-է ֆակիհ պետական կառավարման համակարգի տեսության եւ պրակտիկայի համաձայն դա տեսականորեն հնարավոր է եւ կդառնա կարեւոր խորհրդանշական քայլՄիաժամանակ գործարկվել են ուրանի հարստացման կատարելագործված ցենտրիֆուգներ, ինչը, ըստ մեջլիսի ղեկավար Ղալիբաֆանի, պատասխան էր «Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի» դեմ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի ընդունման ծրագրերին։ Արեւմտյան վերլուծական կենտրոնների տվյալների համաձայն, եթե 2013ին իրանցիների մոտ 80 տոկոսը դեմ էր ատոմային զենք ունենալուն, ապա այսօր նույն մասն աջակցում է միջուկային զսպման զարգացմանը: Նման արմատական փոփոխությունը վկայում է ինչպես տրամադրությունների փոփոխության, այնպես էլ Արեւմուտքի կողմից ճնշումներին եւ սպառնալիքներին միանգամայն միանշանակ արձագանքի մասին։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի