կարևոր
748 դիտում, 9 ժամ առաջ - 2025-01-09 15:24
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով ՄԻԵԴ վճիռը կհրապարակվի 6 ամսից. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով ՄԻԵԴ վճիռը կհրապարակվի 6 ամսից. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատների քննությունը հասել է «կոմունիկացիայի փուլ»,- Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2019թ–ի դեկտեմբերի 7-ին և 1 տարուց ավելի գտնվել է կալանքի տակ։

«Գանգատների գերակշիռ մեծամասնությունը վերաբերում էին պարոն Քոչարյանին կալանավորելու հետ կապված որոշումներին։ Դրանց մի մասը ՄԻԵԴ-ում միացվել է մեկ վարույթում, և հիմա արդեն անցել ենք, այսպես կոչված` «կոմունիկացիայի փուլ»։ Դա այն փուլն է, երբ, Եվրոպական դատարանը, գտնելով, որ չկան գանգատներն անընդունելի ճանաչելու հիմքեր, դրանք ուղարկում է ՀՀ կառավարությանը և ներկայացնում խնդրի հետ կապված հարցադրումներ», - պարզաբանեց փաստաբանը։

Կառավարությանը դիրքորոշումն ու փաստարկները ներկայացնելուց հետո Քոչարյանի փաստաբանները ևս հնարավորություն կստանան ծանոթանալու դրանց և ներկայացնելու իրենց դիրքորոշումը, ապա նաև կներկայացնեն փոխհատուցման չափի մասին պահանջ ու հիմնավորում։

Դիմող կողմի պահանջի մասին ևս կառավարությունը կներկայացնի իր դիրքորոշումը, որից հետո ՄԻԵԴ–ը կհրապարակի վճիռը։ Այս ամբողջ գործընթացը, Հայկ Ալումյանի խոսքով, կարող է տևել մոտավորապես 6 ամիս։

Փաստաբանը հիշեցնում է, որ ՀՀ կառավարությունը գանգատի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է ներկայացներ դեռ 2024թ–ի դեկտեմբերին, բայց ՄԻԵԴ–ից լրացուցիչ ժամանակ է խնդրել։

«Դատարանը կառավարությանը տրամադրել է լրացուցիչ ժամկետ` մոտավորապես 1 ամիս։ Ամեն դեպքում, մոտ ժամանակներս կառավարությանը տրված լրացուցիչ ժամկետը լրանում է, և կառավարությունը պետք է իր առարկությունները ուղարկի Եվրոպական դատարան։ Դատարանն էլ դրանք կուղարկի մեզ»,– նշեց Ալումյանը։

Հարցին, թե արդյոք արդեն որոշվել է, թե Ռոբերտ Քոչարյանը ՀՀ կառավարությունից փոխհատուցման ինչ գումար է պահանջելու, փաստաբանը պատասխանեց, որ սովորաբար այդ հարցը որոշվում է ՄԻԵԴ–ի համանման վճիռների օրինակով։

«Մենք սովորաբար նայում ենք, թե նույն բնույթի խախտումների համար ինչքան է ՄԻԵԴ–ը գնահատել ոչ նյութական վնասները, և բարոյական վնասի չափը ներկայացնում ենք այնպես, որ շատ շեղում չլինի արդեն գոյություն ունեցող պրակտիկայից, քանի որ անիմաստ է դառնում. ՄԻԵԴ–ը, միևնույն է, իր պրակտիկայից չի շեղվելու, ինչքան էլ որ ներկայացվի։ Կան գործեր, որոնցով դատարանը 1 օրվա համար մինչև 400 եվրո հատուցման չափ է սահմանել, երբ Կոնվենցիայի (Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիա-խմբ.) 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է ճանաչված եղել (առանց օրինական հիմքի ազատությունից զրկելը– խմբ.)։ Կան 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետի խախտման հետ կապված գործեր, որոնցով հատուցումներն այդքան բարձր չեն (ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք, կալանավորման օրինականությունը վիճարկելու իրավունք– խմբ.)։ Մենք պնդում ենք, որ ոչ միայն 3-րդ և 4-րդ կետերի խախտում է եղել, այլև 1-ին կետի։ Ուստի, կախված նրանից, թե մենք ինչ արդյունքի կհասնենք, դրանից կախված՝ նաև հատուցման չափն է տարբեր լինելու»,– պարզաբանեց Ալումյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2019թ–ի դեկտեմբերի 7-ին և 1 տարուց ավելի գտնվել է կալանքի տակ։ «Մարտի 1-ի գործ» պայմանական անունն ստացած քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով։

2021թ-ի մարտին ՍԴ-ի որոշմամբ տվյալ հոդվածը որակվել էր Սահմանադրությանը չհամապատասխանող, ինչի արդյունքում Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, գործը` կարճվել։

Բայց 2024 թվականի հուլիսին Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվեց, որ մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։ Այս հիմքով Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած բողոքը, որոշում ընդունեց բեկանել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու դատարանի որոշումը և գործն ուղարկեց Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Նոր գործով Ռոբերտ Քոչարյանին ներկայացվեց մեղադրանք Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 2003թ–ին ընդունված քրեական օրենսգրքի այս հոդվածը համապատասխանում է գործող օրենսգրքի 441 հոդվածին։