Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Եթե նկատի ունենանք Միջին Արևելքում՝ Գազայում, Լիբանանում ու Սիրիայում, կատարված իրադարձությունների հաջորդականությունը, ապա կարող ենք ասել, որ աշխարհաքաղաքական նոր քարտեզ է գծվում։ Տարածաշրջանում մրցապայքարը ազդեցության գոտիների երաշխավորման, միջնորդավորման տարբեր ուժերի միջև են, նկատվում է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի մրցակցությունը։ Ի տարբերություն Սիրիայի, որտեղ ազդեղության ուժն Անկարան է, Լիբանանում տեսանելի է, ԱՄՆ-ի հովանավորչությամբ, Սաուդյան Արաբիայի աշխույժ դերակատարությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լիբանանում հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Նրա փոխանցմամբ՝ Լիբանանում կառավարությունը դեռևս չի ձևավորվել, նախագահն ընտրվել է, վարչապետը՝ նշանակվել, կառավարության հարցով բանակցում են։
«Հիմնականում քննարկումները շիա համայնքի հետ են, ոչ պաշտոնական լրատվություն կա, որ հիմնական խնդիրը լուծված է, ֆինանսների նախարարության շուրջ էր հանգուցալուծումը եղել։ Հիմա նաեւ քրիստոնեական որոշ շրջանակներ նախարարական պաշտոնների և թեկնածումների շուրջ պայմաններ են առաջ քաշում», – ասաց վերլուծաբանը՝ ավելացնելով, որ Լիբանանում խորը տնտեսական ճգնաժամ է, նաև պետական հիմնարկները չեն գործում, փուլ առ փուլ հանգուցալուծումներ են սպասվում։
Ոչ պաշտոնական լրահոսի համաձայն, ինչպես նշեց մեր գործընկերը, բանակցությունների ընթացքում առաջ քաշված խնդիրների մեծ մասը հանգուցալուծվել է և կառավարության ձևավորումը շատ չի ուշանա։
«Շատ է խոսվում միջազգային և արաբական աջակցության մասին, բայց այդ բոլորը լինելու են որոշ պայմանների դիմաց։Քաղաքական խնդիրն անշուշտ հատկապես պատերազմից հետո, իրանյան ազդեցության թուլացման վկայությունն է», – ասաց Գանտահարյանը։
Վերլուծաբանը փաստ արձանագրեց, որ Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը, 60 օրյա ժամկետը լրացել է եւ իր ուժերը պետք է դուրս բերի լիբանանյան տարածքներից,սակայն դեռ չի արել։ «Սա խնդիր է և լուրջ խնդիր, որովհետև նաև կառավարության հայտարարության մեջ դիմադրության առկայության անհրաժեշտության մասին հարց պետք է լինի, դա պահանջելու է հատկապես շիա համայնքը», – ասաց Շահան Գանտահարյանը՝ ավելացնելով, որ խոստումներ կան նաեւ միջազգային օժանդակության, եւ դիվանագիտական ակտիվ այցեր են սկսվել, բայց կոնկրետ օժանդակությունները կլինեն , եթե բավարարվեն պայմանները։ «Դա, կարծում եմ, չի լինի կտրուկ, կլինի փուլային և պարզ է նաև ավելի մեծ քաղաքական հաշվարկով»: