կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 15:17
Աշխարհ

«Քուրդիստանի դանակը»` Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում. Ռուսաստանը պե՞տք է խանգարի բացահայտ կամ մասնակի ռուսատյաց ռեժիմների տապալմանը

«Քուրդիստանի դանակը»` Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում. Ռուսաստանը պե՞տք է խանգարի բացահայտ կամ մասնակի ռուսատյաց ռեժիմների տապալմանը

Թուրքիայում հակաքրդական ջարդերի հերթական ալիքն է: Կառավարությունն իշխանությունից հեռացրել է երկրի հարավարևելյան շրջանների` Իգդիրի, Սղերտի, Քուրթալանի,  Բայքանի և Ալթընովայի տեղական ղեկավարությանը: Որպես կանոն` նրանք քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ են, և նրանց մեղադրում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը աջակցելու մեջ. ըստ yerkir.am-ի` Regnum-ում հրապարակած հոդվածում գրում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Անցյալ տարվա մարտին կայացած տեղական ընտրություններում 65 մունիցիպալիտետներից 45-ում հաղթեց ԺԴԿ-ն: Ի պատասխան` Անկարան որոշեց փոխարինել հաղթողներին  կառավարության աջակցությունը վայելողներով: Սակայն վերջիններս տեղի բնակչության, հիմնականում` քուրդ,  աջակցությունը չեն վայելում և համարյա չեն վերահսկում իրադարձությունների ընթացքը: Իսկ ավելի վաղ Թուրքիայի հարավարևելյան քաղաքներում քաղաքապետերի փոխարինման առաջին ալիքը տեղի ունեցավ` 2016-ին` դեռևս սահմանադրական  հանրաքվեից` խորհրդարանականից նախագահական կառավարման անցնելուց առաջ: Այն ժամանակ հիմնական ընդդիմադիր` Ժողովրդահանրապետական կուսակցության փոխանախագահ Ֆաիզ Օզթրաքն ասաց, որ «պաշտոնանկ արված քաղաքապետերն իրենց պաշտոնը ստացել էին օրենքով սահմանված պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում, և եթե նրանց հանդեպ կան լուրջ հանցանշաններ ու ապացույցներ, թե աջակցում են ահաբեկիչներին, ապա այդ գործով պետք է զբաղվի և վճիռ կայացնի դատարանը, այլ ոչ թե ՆԳՆ-ն»: Սակայն մինչ օրս որևէ դատական գործընթաց տեղի չի ունեցել»,- գրում է նա և համոզված է, որ ապագայում էլ տեղի չի ունենա:

Ըստ Տարասովի` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մաքուր պարտություն է կրել քրդական հարցում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ` իրադրությունը հասցնելով ծայրահեղ վիճակի, երբ հասունացել է երկրի դաշնայնացման հարցը: Սակայն ԱԶԿ-ի ղեկավար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռիսկ չարեց խաղարկել այդ սցենարը և իրադրությունը 180 աստիճանվ փոխեց` քրդերին մեղադրելով ՔԱԿ-ին պաշտպանելու և երկրի տարածքային ամբողջականությունը քայքայելու մեջ: Բայց, ըաստ քաղաքագետի,  ուշացավ, քանի որ Թուրքիայի ներքաշումը սիրիական ճգնաժամի մեջ առաջին պլան դուրս բերեց արդեն սիրիական քրդերի խնդիրը: Երբ Սիրիայի քաղաքական բեմում  իր մասին հայտարարեց «Քուրդիստանի դեմոկրատական միությունը», որը, Անկարայի պնդմամբ, սերտորեն կապված է  ՔԱԿ-ի հետ, ակնհայտ դարձավ, որ, թուրք փորձագետներից մեկի խոսքով, «Սիրիայում շարունակվեց ոչ թե թուրքերի, այլ քրդերի պատմությունը, որոնք, հակառակ Անկարայի սպասումներին, ակտիվ աջակցություն գտան ԱՄՆ-ում և մի շարք արևմտյան գործընկերների կողմից»:

«Այսօր այլևս ոչ ոք գաղտնիք չի դարձնում այն, որ ավելի իրատեսական է իրադարձությունների զարգացում սպասել Թուրքիայի հարավ-արևելքում` սիրիական կամ իրաքյան սցենարներով: Ի դեպ, Եվրոպան քրդերի վիճակը Թուրքիայում դիտարկում է  քրդական հարցի ընդհանուր համատեքստում: Էրդողանը բաց է թողել քրդերի մասնակցությամբ ունիտար պետություն ստեղծելու պատմական շանսը, որտեղ քրդական ծագմամբ քաղաքացիներին, ինչպես և մյուս թուրք քաղաքացիներին կտրվեն սահմանադրությամբ երաշխավորված նույն իրավունքները, և նրանք ակտիվորեն կմասնակցեն երկրի քաղաքական, մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքին: Ուշագրավ է, որ արևմտյան որոշ փորձագետներ համարում են, որ  եթե նման պետություն ստեղծվեր,  Թուրքիան «կփոխեր իր անվանումը և կդառնար «Անատոլիայի Հանրապետություն»»,- նշում է Տարասովը:

Քուրդ հետազոտողների համաձայն` իրենց ժողովուրդը Թուրքիայի 80 միլիոնանոց բնակչության ավելի քան 20 տոկոսն է: Տարասովը համոզված է` լուծել քրդական հարցն այնպես, ինչպես դա արեց Ստամբուլը 1913-1915 թվականներին հայերի հետ, այսօր անհնար է,  նաև չեն աշխատում թուրքական իշխանությունների մշտական պնդումները, թե «ՔԱԿ-ի դեմ պայքարը համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի մի մասն է»:

«Ավելին` բոլոր կանխանշաններով, տարածքներում, որոնք կարող են հայտնվել քրդերի վերահսկողության տակ, կսկսվի «այլածին» դիտարկվող թուրք կան թյուրքական բնակչության արտաքսում: Թուրքական Գլխավոր շտաբի գնահատականով` «քրդերի անջատողականության մեծացման վտանգը կպահպանվի երկար ժամանակ, և եթե ուժային ղեկավարության թուլացման գործընթացը շարունակվի, իսկ քուրդ անջատողականները փորձեն օգտվել ստեղծված իրադրությունից, բանակը կարող է միջամտել իրադարձությունների ընթացքին»: Դա կանխատեսում է: Փաստ է այն, որ հենց Էրդողանի և նրա համախոհների քաղաքականությունն է քրդերի հիմնախնդիրը դուրս բերել մարգինալ աշխարհաքաղաքական իրվիճակից, և իրադարձությունների նման ընթացքը «ընկալում ու աջակցություն է ստանում դրսում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից»,- գրում է Տարասովը և շեշտում, որ դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ հասկանալի է, որ Անկարայի` քրդական շրջաններում իրավիճակը ամբողջությամբ վերահսկելու  անկարողությունը լրջորեն սահմանափակում է նրա ազատությունն արտաքին քաղաքական գործողություններում և կարող է դիտարկվել որպես տարածաշրջանում անկայունության գլխավոր գործոններից մեկը:

Անկարան ներկայումս հատուկ գործողություն է իրականացնում երկրի հարավ-արևելքում, կռվում է սիրիական Իդլիբում և հարվածներ հասցնում Իրաքի հյուսիսում գտնվող`ՔԱԿ  ռազմաբազաներին: Հակամարտությունը վաղուցվանից ձգձգվող բնույթ է ստացել և կանխանշում է Իրաքի ու Սիրիայի փլուզումը, իսկ քրդական ինքնավարության ի հայտ գալը թուրքական սահմաններին մոտ, ըստ ռուսաստանցի քաղաքագետի, հենարան կլինի Թուրքիայում քրդական անջատողականության աճի համար: Թուրքական բանակի ենթադրյալ ներխուժումը Իրաքի հյուսիս կկանգնեցվի ամերիկացիների կողմից,  Սիրիայի հյուսիս` Մոսկվայի ու Դամասկոսի կողմից:

«Այսպիսով` քրդերով բնակեցված տարածքները Մերձավոր և Միջին Արևելքում դառնում են ոչ միայն էթնիկ, այլ նաև միջկառավարական հակասությունների թնջուկներ: Դա թուրքական քաղաքականության ու դիվանագիտության տապալում է: Ինչ վերաբերում է կատարվողին Ռուաստանի վերաբերմունքին, ապա նա գործողությունների երկու «գայթակղիչ» ծրագիր ունի: Առաջինը` ոչ մի բանի չխառնվել և թողնել, որ իրադարձությունները բնական ճանապարհով զարգանան: Անկարայի հետ այդ ուղղությամբ գործել  միայն պայմանով, որ Թուրքիան կկատարի որոշակի համաձայնություններ, կամ չխանգարել ԱՄՆ-ին` ամբողջությամբ խաղարկել իր «քրդական խաղը»: Կարծիք կա, որ քրդերը, որոնք կարող են օգուտ քաղել Սիրիայում պատերազմից, մտադիր են  մասնատել բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են` Իրաք, Իրան, Թուրքիա, Սիրիա, Ադրբեջան և Անդրկովկասի մյուս երկրները: Ինչո՞ւ Ռուսաստանը պետք է խանգարի բացահայտ ռուսատյաց և մասնակի ռուսատյաց ռեժիմների տապալմանը: Ի դեպ, որոշ արևմտյան փորձագետներ կանխատեսում են, որ կարող է փոխվել նաև Ադրբեջանի անվանումը, դրա փոխարեն  ի հայտ գա «Արանի հանրապետությունը»: Թող ի հայտ գա: Ինչո՞վ է դա սպառնում Մոսկվային: Չէ՞ որ մենք չենք «Քուրդիստանի դանակի» սայրին հավասարակշռություն պահողը»,- գրում է Տարասովը:

Ըստ նրա` տարածաշրջանն իսկապես փլուզվում է, ներկայումս գլխավորը  պղտոր առվակների` դեռևս  հզոր հոսքի չվերածված պոտենցիալը գրագետ գնահատելն է: «Թուրքիայի անկանխատեսելիությունը, բազմապատկված տարածաշրջանում քրդական պոտենցիալի «ահաբեկչական» ընկալմամբ, պետք է կատարի իր պատմական առաքելությունը: Սիրիայում պատերազմի, Մերձավոր Արևելքում «արաբական գարնան» սկսմամբ Էրդողանի հարաբերականորեն ռացիոնալ կառավարման ժամանակաշրջանի վրա խաչ է քաշվում: Առջևում մեծ վերաբաժանումն է»,- եզրափակում է ռուսաստանցի քաղաքագետը: