կարևոր
856 դիտում, 2 օր առաջ - 2024-12-02 11:56
Տարածաշրջան

Ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ․ ինչպիսին էր օրը երեկ Թբիլիսիում

Ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ․ ինչպիսին էր օրը երեկ Թբիլիսիում

Վաղ առավոտյան ցուցարաները լքել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան, նրանք ամբողջ գիշեր քարերով և այլ առարկաներով հարվածում էին ոստիկաններին, հատուկ ջոկատայիններին և խորհրդարանի շենքին, կրակում էին նրանց վրա պիրոտեխնիկայով, բարիկադներ տեղադրում և կրակ վառում, սակայն ի պատասխան այդ ամենի՝ ոստիկաններն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Բողոքի ակցիան սկսվել էր Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի մոտ, կիրակի երեկոյան ժամը 19:00-ին և ավարտվել՝ երկուշաբթի վաղ առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում։

ՆԳՆ-ն երեկ բերման է ենթարկել 24 մարդու։ Այսպիսով, չորս օրվա ընթացքում մայրաքաղաքում մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար վարչական կարգով ձերբակալվել է 224 ցուցարար: Քրեական գործի նախաքննության շրջանակներում ևս երկու անձ բերման է ենթարկվել։ Քննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 29-ին նրանցից մեկը հրկիզիչ խառնուրդ է նետել խորհրդարանի շենք՝ շենքերից մեկում հրդեհ բռնկելով, իսկ երկրորդը պիրոտեխնիկայով վիրավորել է ոստիկանի։ Ձերբակալվածները համապատասխանաբար 17 և 21 տարեկան են։ Վերջինս նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։ Նրանց սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Ներքին գործերի նախարարությունը որոշել է անվտանգության ուժեր տեղակայել խորհրդարանի գլխավոր մուտքի մոտ, որը նայում է Ռուսթավելի պողոտային, այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են նպատակաուղղված վնասել շենքը։

«Դեկտեմբերի 1-2-ին ակցիայի մասնակիցների բռնի գործողությունների հետևանքով տուժել է ներքին գործերի նախարարության 21 աշխատակից։ Իրավապահների մոտ նկատվել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, և նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն», - ասված է անցած գիշեր տարածված հայտարարության մեջ:

Նոյեմբերի 28-ից սկսած բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ՆԳՆ 113 աշխատակից, որոնցից չորսը դեռևս գտնվում են կլինիկաներում։

Ինչպես երկու օր առաջ հայտարարել Է Վրաստանի պետանվտանգության ծառայությունը, վերջին օրերին զարգացող իրադարձությունները ցույց են տվել, որ ծրագրված ապակառուցողական գործընթացները տեղի են ունենում փաստական հանգամանքների համաձայն, որոնք պետական ​​անվտանգության ծառայությունը բացահայտել է իշխանության բռնի տապալման գործի հետաքննության շրջանակներում:

Հ․Գ․ Տեղին է հիշել և համեմատել Հայաստանում, սույն թվականի հունիսի 12-ին, Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները, որտեղ ցուցարարները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ ժամանակ ոստիկանները ցուցարարների նկատմամբ կիրառեցին լուսաձայնային նռնակներ, որոնց թիվը զգալիորեն շատ էր նախորդ անգամների համեմատ։ Բացի այդ, Հայաստանում խաղաղ անհնազանդության օրերին օրական 300-400, նույնիսկ` 450 բերման ենթարկվածներ են եղել, որն իհարկե Վրասատանի հետ անհամեմատելի է, ինչպես վերևում նշվեց չորս օրում վարչական կարգով ձերբակալվել է 224 ցուցարար։ Սա է Նիկոլ Փաշինյանի խոստացած «ժողովրդավար» Հայաստանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին:

 

Նյութը պատրաստեց՝ Կարինա Մնեյանը