Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը Կրեմլում իր հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ասել էր, որ Մոսկվան ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասով «Իզվեստիա»-ն հարց է ուղղել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, թե այս տարի պայմանագիր կնքելու հնարավորություն կա՞:
«Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան և շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ տեսնի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա», - ասել է Կոպիրկինը:
Նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է՝ հաշվի առնելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախորդած իրադարձությունները։
«Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն իրենք՝ բանակցող կողմերը», - նշել է դեսպանը։
Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ իրենք ուրախ են, որ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ են տեղի ունեցել, ինչը հնարավորություն է տվել օգտակար ազդակ հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը։