կարևոր
622 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-11-14 09:27
Հասարակություն

Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ»

Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ու նրա «իշխանական թիմի» համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են, անիմաստ կառույցներ: Դե, թանգարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «դարակազմիկ» մտքերը հայտնի են: Նա այն թանգարանները, որոնք քիչ այցելուներ ունեն, պահեստի հետ է համեմատել (սա ամենից անմեղ հիշեցումն է), նշել, որ եթե որևէ թանգարան քիչ այցելու ունի, պետք է նայել՝ առհասարակ պե՞տք է այդ թանգարանը, պե՞տք է այն ֆինանսավորել: Նորություն չէ՝ Փաշինյանի ու ՔՊ-ի «չափորոշիչները» փողն ու որկորն են միայն:

Հիմա այդ թանգարանատյաց վերաբերմունքը շարունակություն, ավելի ստույգ՝ նոր, կարելի է ասել՝ պետական քաղաքականության դրսևորումներ է ստանում: Օրերս էլ Փաշինյանի կարկառուն պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ եթե մարդիկ թանգարան չեն այցելում, ապա հարց է ծագում, թե ընդհանրապես ինչո՞ւ գոյություն ունի այդ թանգարանը: Հա, ու դա երևի քիչ համարելով՝ քպական պաշտոնյան ասում է, թե կոչ են անում թանգարանների ու նաև գրադարանների աշխատակիցներին, որ իրենք սեփական եկամուտները գեներացնեն ու այդ «գեներացման» հաշվին բարձրացնեն իրենց աշխատավարձերը:

Սա դեռ «ժուռնալն» էր: Բանն այն է, որ գրադարանավարների ու թանգարանային աշխատողների՝ առանց այդ էլ «նիհարագույն» աշխատավարձի վրա խնայող փաշինյանական պաշտոնյան գանգատվում է, թե չինովնիկները շատ ցածր աշխատավարձ են ստանում, ակնարկելով, որ պետք է այն էլի բարձրացնել:

«Եկամուտների գեներացման», իսկ մարդավարի ասած՝ «գլխներիդ ճարը տեսեք»-ի հայեցակարգը, իրոք, հետաքրքիր է: Սա մոտավորապես «աղքատությունը ձեր գլխում» է գաղափարախոսության ուղիղ շարունակությունն է: Այսինքն, թանգարաններն ու գրադարանները պետք է անցնեն ինքնաֆինանսավորման, իսկ ավելի լավ կլինի՝ փակվեն, որպեսզի պետբյուջեից փող չգնա այդ «անիմաստ կառույցների» վրա, ու փաշինյանական գերպարգևավճարվող չինովնիկները ավելի շատ «վարձատրվեն»: Դե, ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը, գիտությունների ակադեմիան: Կարելի է միայն մի թանգարան թողնել, այն է՝ 2018 թվականի իշխանազավթման թանգարանը (հիշում եք, երևի, նման գաղափար քպականներն ունեին): Իսկ մնացած ամեն ինչ փակել: Կարևորը՝ քպական պաշտոնյաները հարուստ, «չաղ ու բախտավոր» լինեն...