Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղարշապատի առաջին գրադարանը, այսինքն՝ այսօրվա քաղաքային կենտրոնական գրադարանը հիմնվել է 1921 թվականին Վաղարշապատի գավառի լուսավորության բաժնի վարիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի ջանքերով, որի անունով էլ հետագայում կոչվել է: Առաջին գրադարանավարուհին եղել է «պարոն Սեթի Գայանեն»՝ Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, ճանաչված մտավորական Սեթ Հարությունյանի դուստրը: Նա Դրաստամատ Կանայանի զարմուհին էր, որի նշանածը, ըստ տարեց վաղարշապատցիների վկայության, 1920 թվականի մայիսյան ապստամբության ժամանակ բոլշևիկներին հարելու համար Դրոյի հրամանով գնդակահարվել էր: Որոշ տեղեկությունների համաձայն՝ զարմուհու նշանածին զորավարն անձամբ ինքն է գնդակահարել: Դժբախտ հարսնացուն այլևս չի ամուսնացել, ողջ կյանքում, սև շորեր հագած, նվիրվել է իր աշխատանքին:
Խորհրդային իշխանության վերջին տասնամյակում Էջմիածնի գրադարանների կենտրոնացված համակարգում գործում էր 50 գրադարան, որից 10-ը՝ շրջկենտրոնում: Համակարգն ուներ 500 հազար գիրք և 55 հազար ընթերցող: Կես միլիոնի հասնող գրքային ֆոնդն իրողություն էր, ընթերցողների թիվն ու դուրս տրված գրքերի քանակը (գրքատածք)՝ կեղծիք:
Կոմիտասի անվան շրջանային մշակույթի պալատում գործող N 1 մասնաճյուղ գրադարանը դադարեցրեց իր գործունեությունը պալատի տնօրինության ջանքերով՝ ազատվող տարածքն ավելի արդյունավետ օգտագործելու պատճառաբանությամբ: Մշակույթի պալատի դիմացի բարձրահարկ շենքի առաջին հարկում տեղավորված կենտրոնական գրադարանի մանկական մասնաճյուղի և Վռամ Կոստանյան փողոցի բարձրահարկի առաջին հարկում գործող գրադարանի զբաղեցրած տարածքները գայթակղիչ էին իբրև առևտրական տարածքներ և շուտով դարձան խանութներ: Մանկական բաժինն ու մյուս գրադարանը հանգրվանեցին գործունեությունը դադարեցրած մանկապարտեզում: Մանկապարտեզում տեղավորվեց նաև Արագածի զանգված թաղամասի գրադարանը, որը նախկինում գործում էր նկուղային, այնուհետև՝ առաջին հարկում: Զվարթնոց թաղամասի մշակույթի տանը գործող գրադարանը դադարեց գոյություն ունենալուց: Հիմնական տուժողները հարևանությամբ գտնվող՝ Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոցի աշակերտներն են, որոնք ստիպված են հասնել այլ թաղամասերում գտնվող գրադարաններ: Զվարթնոցի և Արագածի զանգվածի գրադարանների գրքային ֆոնդերը միացվեցին:
Կենտրոնական գրադարանի հին շենքը չորս բնակարանոց բնակելի շենք է, որը հարմարեցվել էր գրադարանի համար: Այսօր այդ շինության միայն առաջին հարկն է օգտագործվում իբրև գրապահոց: Երկրորդ հարկ տանող աստիճանավանդակները վթարային են:
1980-ական թվականների կեսերին գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենի և գործկոմի մշակույթի բաժնի վարիչի ջանքերն իզուր չանցան, և կենտրոնական գրադարանի հարևանությամբ կառուցված բնակելի շենքի առաջին հարկի մի մասը հատկացվեց գրադարանին, որը, սակայն, հարմարավետ չէ, միջանցքների տարածքն ավելին է, քան սենյակներինը: Այդ սենյակներից մեկն էլ 1920-ական թվականներին սեփականաշնորհվեց մասնավոր անձի:
Իշխանափոխությունից առաջ «Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ղեկավարում էր նախկին քաղաքապետԿարեն Գրիգորյանի կինը, որի՝ իր ղեկավարած ոլորտից անտեղյակ լինելու մասին բանահյուսական բնույթի զրույցներ կան, որոնց հետին թվով անդրադարձն անիմաստ ենք գտնում: Միայն նշենք, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ որոշ ակտիվիստների, իբրև վարձատրություն, հարազատներին աշխատանքի տեղավորելու համար ազատել էին աշխատանքային պայմանագրերի ժամկետը դեռևս չլրացած վաստակաշատ գրադարանավարների, որոնցից մեկի՝ Աշխեն Տերտերյանի կազմակերպած մշակութային միջոցառումները մինչև այսօր հաճույքով են հիշում քաղաքի բնակիչները: Այդ միջոցառումների թվում է ընթերցողների հետ Հովհաննես Շիրազի հանդիպումը, որից տեսագրություն է պահպանվել:
2018 թվականի նոյեմբերից «Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենը Հասմիկ Մելքոնյանն է, որը ոլորտի մասնագետ է և 2005 թվականից աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնում՝ որպես գրադարանավար-մասնագետ, իսկ 2012 թվականից, երբ կենտրոնը տեղափոխվեց այլ շենք՝ վերանվանվելով «Վաչե և Թամար Մանուկյան մատենադարան», աշխատել է որպես գլխավոր մասնագետ:
Նոր տնօրենի մուտքն աղմկալից չի եղել: «Հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելու ենք՝ օգնելու մեր աշխատակազմին նոր մասնագիտացումների մեջ հմտանալու համար՝ կարճատև դասընթացներ, հեռակա ուսուցում, օգնում ենք տիրապետել համակարգիչներին: Կրճատումներ չեն եղել, որևէ աշխատակից դուրս չի մնացել: Մեր նպատակն է ստեղծել գիտա-ինֆորմացիոն կենտրոն հանդիսացող գրադարան՝ լավագույն մասնագիտացված աշխատակազմով: Այս պահին զբաղված ենք գրքային ֆոնդի ստուգմամբ, վերադասավորմամբ: Շուտով կանցնենք գրացուցակների և քարտարանների հետ աշխատանքներին, պատրաստվում ենք թվայնացման գործընթացին»,- պատմեց տնօրենը:
2019 թ. գրքային ֆոնդը համալրվել է 3500 միավոր գրականությամբ՝ նվիրատվության շնորհիվ՝ անհատներից, Հայաստանի ազգային գրադարանից, ԳԱԱ գրադարանից, Մաշտոցի անվան ու «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարաններից: Ոչ մեծ գումարի գրքեր են ձեռք բերվել գրախանութներից: Պարբերական մամուլ չեն ստանում, նույնիսկ՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը:
Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանի օրը, Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, որին հրավիրված էին նաև թոշակի անցած աշխատակիցները, քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ մեկ տարի անց գրադարանը կունենա նոր շենք կամ կհիմնանորոգվի հին երկհարկանի մասնաշենքը, հետո զգաստանալով ավելացրեց, որ իր պաշտոնավարման ժամկետում գրադարանի շենքային պայմաններն անպայման կբարելավվեն: Տնօրեն Հասմիկ Մելքոնյանը լավատես է:
Իսկ գունաթափ պատուհաններով և կոտրված ապակիներով երկհարկանի հին շենքը կենտրոնական փողոցում տպավորություն է փչացնում՝ առանձնանալով հարևանությամբ գտնվող մյուս շինություններից:
Մնացական Պետրոսյան
ՀՅԴ Էջմիածնի Կոմիտեի ներկայացուցիչ