Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողը ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում այցելեց «Թուրքիայի տանը» գտնվող Էրդողանին: Այստեղ «Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ1»։
Վաղուց երազած, սիրելի խաղալիքը ստացած երեխայի երջանկությամբ Էրդողանի գիրքը սրտին հպած, անթաքույց հրճվանք ապրող Փաշինյանը արդյո՞ք կիսում է «արդար աշխարհի» վերաբերյալ Էրդողանի տեսակետները (մեր համոզմամբ` այո), թե՞ գաղափար անգամ չունի «արդար աշխարհի» թուրքական երազանքների մասին, որտեղ հայ ժողովրդի համար տեղ չկա:
Շատ է խոսվել «թուրքական երազանքի»` պանթյուրքիզմի մասին, «Իսկ պանթյուրքիզմը, ինչպես բազﬕցս խոսել ենք այդ մասին, ծայրահեղ ազգայնամոլական գաղափարախոսություն էր, ըստ որի՝ ենթադրվում էր, որ Թուրքիայի տիրապետությունը պետք է տարածվեր Բաքվից «ﬕնչև թուրքերի նախահայր Էրթուղրուլի ծննդավայրը, ﬕնչև գորշ գայլի հայրենիքը՝ Սինցզյանի անապատները2»:
Երկար կանգ չառնելու համար պանթյուրքիզմի վրա, որի մասին մի քանի անգամ խոսելու առիթ ունեցել ենք, նշենք միայն, որ այն իրականացվելու էր երեք փուլով, և Էրդողանը` Փաշինյանի օգնությամբ կարծես թե իրագործում է պանթյուրքիզմի երկրորդ փուլը, ինչը ենթադրում է, որ «պետք է միավորվեին օղուզ թյուրքերը՝ օսմանյան թուրքերը, Հյուսիսային Պարսկաստանի ու Այսրկովկասի թյուրքալեզու մահմեդականները և թուրքմենները: Այս փուլը ենթադրում էր արևելահայության ամբողջական կամ մասնակի բնաջնջում. Արևելյան Հայաստանից նվազագույնը գրավվելու էին Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջևանը, Զանգեզուրը և Արցախը, որպեսզի կապ ստեղծվեր կովկասյան թյուրքերի (1936 թվականից` ադրբեջանցիներ) հետ: Ըստ այդմ էլ. «Կյանքի էր կոչվում ոչ միայն «Թուրքիան` թուրք-օսմաններին» կարգախոսը, այլև թրքախոս ժողովուրդներին իրենց ենթարկելու, Անդրկովկասը զավթելու, Միջին Ասիայի, Ռուսաստանի, Պարսկաստանի հսկայածավալ տարածքներն Օսմանյան կայսրությանը կցելու կարգախոսը3»:
Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, մի՞թե Փաշինյանն այս ամենի մասին չգիտի: Մենք ենթադրում ենք, որ գիտի, և ինքնակամ լծվել է թուրքական երազանքներին համապատասխան «ավելի արդար աշխարհի» ստեղծմանը. այդ մասին է վկայում այն ամբողջ ավերը, որը նա գործեց Հայաստանում, վերջին տարիներին, Արցախի օտարումը Հայաստանից, ինչպես նաև այն անթաքույց հրճվանքը, որով կրծքին էր սեղմել թուրքական «արդար աշխարհի» մասին Էրդողանի գիրքը:
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի նվեր ստացած թուրքական երազանք «արդար աշխարհի» համապատկերի վրա, շատ ցայտուն երևում է հայկական խայտառակությունը, որի կարկառուն դեմքը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, թուրքական գաղափարների հետ իր համերաշխությամբ ու հայոց պատմությունը (պատմական Հայաստանը) հայ ժողովրդից օտարելու քաղաքականությամբ, որը թուրքական երազանքի «օրորոցն» է, հայկական երազանքի գերեզմանը:
Իսկ հայկական երազանքը, դարավոր խարխափումներից հետո, կարծես վերջապես իր ձևակերպումն էր ստացել 1988 – ին, երբ ցեղասպանություն վերապրած մշեցի, սասունցի և վանեցի տատ ու պապերի պատմություններով դաստիարակված սերունդը վճռականորեն տեր կանգնեց իր հայրենիքի մի հատվածին և մարտի դաշտում իր վրեժը կիսով չափ լուծեց թուրքի կովկասյան ցեղատեսակից: Հաջորդ 30 տարիների ընթացքում կարծես թե հայկական երազանքը ձևակերպվում էր երկու ուղղություններով` արցախյան հարցի հայանպաստ լուծում` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, հայոց ցեղասպանության ճանաչում և Թուրքիայի կողմից հատուցում:
Հայկական երազանքի «իրավական հիմնավորումը» 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն էր, որը սահմանում է.
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`
արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը,
գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում,
ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից,
կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը,
հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա,
զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները,
խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
Հ Ռ Չ Ա Կ Ո Ւ Մ Է
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան:
Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
2. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ:
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունն իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա:
Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո:
Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
5. Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ:
Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը:
Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:
8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսվարման սկզբունքները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսա-վարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
9. Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում ապահովում է`
խոսքի, մամուլի, խղճի ազատություն.
օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում.
բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:
10. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ` փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակման համար4»:
Տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ քաղաքական օրակարգը պետք է ձևավորվեր Անկախության հռչակագրի գաղափարների շրջանակներում, սակայն 2018 թ. «հայկական երազանքը» սահուն կերպով վերածվեց հայկական խայտառակության:
Նախ, կասկածի տակ դրվեց արցախյան պատերազմում տարած հաղթանակի կարևորությունը, 2018 թ. նոյեմբերի 26-ին Սասուն Միքայելյանի շուրթերով իշխանությունը հայտարարեց` 2018 թ. հեղափոխությունն ավելի կարևոր հաղթանակ էր, քան Արցախյան ազատամարտում հաղթանակը. «Մեր նորագույն պատմության մեջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որն անհնարին էր, որը ձևավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, որ հնարավոր չի հաղթել։ Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը5»։
2019 թ. սեպտեմբերին Fox LA-ի թղթակցին տված հարցազրույցում «ժողովրդի վարչապետը» հայտարարեց «ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կողմից6»- բոլորի համար էլ պարզ էր, որ հնչեցված միտքն անհեթեթություն է, որովհետև Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար չէր կարող ընդունելի լինել` Արցախը Ադրբեջանին բռնակցելու ու հայ բնակչության էթնիկ զտում կատարելու, հայերի ունեցվածքին տիրանալու Ադրբեջանի ժողովրդի նպատակը, և զավթիչ ադրբեջանցիների համար չէր կարող ընդունելի լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Կարճ ժամանակ անց հաղթանակի արժեզրկման արշավին միացավ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը` «Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի7» – մինչդեռ հայ որդեկորույս մայրերն արժանապատվորեն կրելով իրենց վիշտը, գտնում էին, որ իրենց որդիներին զոհաբերել են հանուն հայկական մեծ երազանքի` անկախ ու ազատագրված Արցախով սկզբնավորվող միացյալ Հայաստանի:
Այնուհետև, հերթը պետք է հասներ Հայաստանի Անկախության հռչակագրին, և սեփական ձախողումների համար մեղավորներ նշանակելու սովոր Փաշինյանը, այս անգամ էլ մեղավոր նշանակեց Անկախության հռչակագիրը, 2023 թ. օգոստոսի 23-ի «ուղերձում» նշելով. «Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով8»- հետաքրքիր է, այդ ի՞նչն է «խորը քննելու» փաշինյանական ձախողակ կառավարությունը. հռչակագրի ա՞յն կետը, որ «Հայաստանի Հանրապետությունը ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը»: Չէ՞ որ եկած-չեկած փաշինյանական իշխանությունը թիրախ է դարձրել ՀՀ հիմնն ու զինանշանը, կամ ասենք գուցե «ժողվարչապետի» սրտով չէ, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ». դրա՞ համար է նա կասկածի տակ դնում Հայաստանի նախորդ 33 տարիների անկախությունը նշելով. «Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն9»: Ասել է թե, մինչև փաշինյանական գոյություն չունեցող «խաղաղության օրակարգը» Հայաստանն անկախություն չուներ, և 1991-2021 թթ. Հայաստանի բոլոր իշխանություններն ու ներկայացուցչական մարմինները ապօրինի՞ էին….
Գուցե Փաշինյանին դուր չի գալիս Հռչակագրի այն կե՞տը, որով սահմանվում է, որ պետականության կրողը հայ ժողովուրդն է, չէ՞ որ Փաշինյանն իրեն ու իր կառավարությանն է համարում ժողովուրդ: Դրա մասին է վկայում, նրա զավեշտալի «ուղերձը»՝ հղված 2024 թ. օգոստոսին. «Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումներն ու ընկալումներն այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են, և ինձ համարձակություն կվերապահեմ պնդելու՝ դարձել ավելի խորը եւ համապարփակ:
Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձեւեր են, բոլորովին ուրիշ հարթություններ, և մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձևերը՝ հենց այսօր, հենց հիմա9». այսինքն՝ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարծիքը հարցնելու, իրեն «ժողովրդի վարչապետ» հռչակածը պնդում է, որ Անկախության ու պետականության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները, ոչ թե հաղթած պետությունն է, ազատագրված հայրենիքը, ուժեղ ու մարտունակ բանակը, ազգային ավանդույթներն ու հայոց պատմությունը, ոչ թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու Թուրքիայի կողմից հատուցման հասնելու նպատակն է, այլ ապաշնորհ կառավարման, դավաճանության ու կոլաբորացիոնիզմի պատճառով պատերազմում պարտվելը, հայաթափված Արցախը, Ադրբեջանին հանձնված Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի գյուղերը, Թուրքիայի շահերին համապատասխանեցնելով՝ հայոց պատմությունը կեղծելը և համաշխարհային լուրջ վերաձևումների համապատկերում ու համաշխարհային պատերազմից մեկ քայլ հեռավորության վրա` հեծանիվ քշելն ու կազմաքանդված բանակը անտարբերության մատնե՞լը:
Իսկապես, որ փաշինյանական կառավարման տարիներին կարելի է միայն մեկ անուն տալ՝ հայկական խայտառակություն:
Իսկ միգուցե Փաշինյանի խնդիրը Հռչակագրի 11-րդ կե՞տն է «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին». չէ՞ որ թուրքական երազանքների «ավելի արդար աշխարհում» հայոց ցեղասպանության և դրա համար Թուրքիայի կողմից հատուցման մասին խոսք չկա, և «նախկինների» «կախյալ» Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելով՝ տասնամյակներ շարունակ փշի պես խրված է Թուրքիայի կոկորդը: Անկախության հռչակագրի հենց այդ կետն էլ այդքան անհանգստացնում է Փաշինյանին, ում համար, վախենալու է նաև Հռչակագրի նախաբանը.
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
Հ Ռ Չ Ա Կ Ո Ւ Մ Է
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»: Հայ ժողովրդի միասնական կամքի, իղձերի, ինքնորոշման իրավունքի, ԼՂԻՄ մարզային խորհրդի որոշման մասին հիշատակումը, իհարկե, միայն Ադրբեջանի շահերով առաջնորդվող և նրա երբևէ գոյություն չունեցող «տարածքային ամբողջականության» մասին ցնորքներով առաջնորդվող Փաշինյանի համար` վտանգավոր է ու սարսափազդու, էլ չենք խոսում Առաջին Հանրապետության ավանդույթների մասին, չէ՞ որ այդ Հանրապետության տարածքը ավելի քան 70.000 քառ կմ էր` ներառյալ Արցախն ու Նախիջևանը, ինչի մասին Փաշինյանն իհարկե վախենում է խոսել, որովհետև իր համար միակ ընդունելի քարտեզը, ինչ որ անհայտ քարտեզ է, որը մեկ 1971 թ. է, մեկ 1973 թվի, մեկ 1975 թվի, դե իսկ Միացյալ Հայաստանի մասին էլ խոսք լինել չի կարող, որովհետև պատմական Հայաստանը վտանգավոր է Փաշինյանի, Էրդողանի և Ալիևի համար:
Հասել ենք շատ կարևոր ու վճռորոշ մի հանգրվանի, երբ հայ ժողովուրդը, նրա ռազմական ու քաղաքական, ինչու՞ չէ, նաև հոգևոր շրջանակները, պետք է շատ լուրջ որոշում կայացնեն, շարունակե՞լ հանդուրժել հայկական խայտառակությունը, և դրա հետևանքով զոհաբերվել թուրքական երազանքների «ավելի արդար աշխարհի՞ն» թե ազատվել իր խայտառակությունից՝ աշխարհին ցույց տալով, որ հազարամյակների պետականության ավանդույթներ ունեցող, պատվախնդիր, քաջարի մարտիկներ ու ստեղծագործ միտք ունեցող հայ ժողովուրդը, (որի նորօրյա պետականությունն իր հազարամյակների պետականությունների պատմական ու քաղաքական ժառանգորդն է և հարյուրավոր սերունդների 800 -ամյա երազանքը) ոչ մի կապ չունի թուրքական երազանքի նորօրյա առաջամարտիկ Փաշինյանի և նրա թուրքասեր աշխարհաքաղաքացիների կառավարության հետ:
Հայ ժողովուրդն ունի ընտրության միայն երկու տարբերակ՝ վահանով կամ վահանի վրա….
Անի Մելքոնյան