կարևոր
394 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-21 12:16
Հասարակություն

Վարդան Ղուկասյանին սնվելու հնարավորություն չեն տվել, նույնիսկ թույլ չտվեցին բաճկոնը փոխանցեմ․ փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

Վարդան Ղուկասյանին սնվելու հնարավորություն չեն տվել, նույնիսկ թույլ չտվեցին բաճկոնը փոխանցեմ․ փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

24 ժամ է անցել Վարդան Ղուկասյանի դեմ այս հարձակումից ու ձերբակալումից և այս ընթացքում նա անգամ հոգուստը չի փոխել. ես ցանկացա կուրտկան փոխանցել իրեն, որ հագուստ ունենա։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Այս բոլորը վատ վերաբերմունքի դրսեւորումներ են։ Դեռ չասենք, որ կտտանքների է ենթարկվել, բայց անմարդկային վերաբերմունք է դրսեւորվել։ Երեկվանից մինչև այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ, իսկ ինքն ունի շաքարային դիաբետ։ Մարդը չունի իր հագուստը, չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորություններից, չի կարողացել հագուստ փոխել։ Այդ ձերբակալությունը եղել է բացարձակապես ապօրինի, դրա անհրաժեշտությունը չի եղել, հիմնավորումն էլ է ապօրինի»,–ասաց նա։

Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենց տրվել է միայն դատարանի որոշման քաղվածքը. «Խոսք են տվել, որ այսօր երեկոյան կտան ամբողջական որոշումը, որ կարողանանք բողոքարկել։ Այստեղ գործ ունենք ակնհայտ պատվիրված, շինծու գործի հետ, որը նպատակ ունի Գյումրիին զրկել կառավարվելու հնարավորությունից և քաոս ստեղծել Գյումրիում։ Որևիցե փաստական հիմք, որը կհիմնավորեր հիմնավոր կասկածը, գոյություն չունի։ Փաստորեն, ընդդիմադիր քաղաքապետը ընտրվելուց մի քանի օր անց արդեն դատարանի որոշմամբ գաղտնալսվել է։ Մենք ունենք դատական ակտի մասին փաստագրված տվյալ։ Դատական ակտով նախատեսված է, որ Վարդան Ղուկասյանը իր բնակության վայրում կարող է ենթարկվել գաղտնալսման։ Հիմա ես կարող եմ ենթադրել, որ ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա, այդ թվում համայնքի ղեկավար, ունի դատական ակտ, որ կարող են իրենց բնակավայրերում իրականացնել օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Սա նշանակում է, որ այս իշխանությունը համատարած դատական ակտերով մտնում է մարդկանց անձնական կյանքի մեջ։Վարդան Ղուկասյանը դատարանում հայտարարել է, որ այս ամենը անհիմն է, սա ուղղակի քաղաքական հետապնդում է։ Նայելով տարեթվերին, տեսնում ենք, որ հրահանգը եկել է հոկտեմբերի 1-ից հետո, հրահանգը տրվել է ԱԺ դահլիճում և գործողություններն արդեն սկսվել են հոկտեմբերի 16-ին»,– ասաց փաստաբանը։