Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեղեկություններն իրացվել են Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ: Արդյունքում` առաքանին ստանալուց հետո, Երևանի Հրաչյա Քոչար փողոցից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 1 մասնատված և 46 ամբողջական հաբեր:
Նույնանման 19 հաբ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ներմուծված մեկ այլ առաքանուց, որը թիրախավորվել էր Մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում:
Երկու դեպքերով՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն: Կատարվում է քննություն: