Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հայկական կինոարատադրությունը «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմով զարկ է տալիս Սպորտային դրամայի մեկնարկին, որը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։ Ռեժիսոր-սցենարիստ Աննա Հարութունյանը (հայտնի է Աննա Մաքսիմ) էկրանավորել է Հայաստանի ծանրամարտի թագուհի, Եվրոպայի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքը՝ անցած ուղին։ Ֆիլմում Նազիկի կերպարը մարմնավորում է հենց ինքը՝ Աննա Հարութունյանը։
«Նազիկ Ավդալյանի օրինակով կարելի է անդրադառնալ այն 3 կարևորագույն հարցերին, որի մասին պետք է մտածի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Այս ֆիլմով փորձում ենք ցույց տալ՝ ինչ տեսակի մարդ է հայը, ինչերի է ունակ նա: Կարծում եմ՝ ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսի մեծամասնությունն իրեն կտա հետևյալ հարցերը՝
- ի՞նչ կարող եմ ես անել,
- ի՞նչ եմ անում դրա համար,
- որքանո՞վ է իմ քայլը նպաստում ՀՀ բարօրրությանը»,- նշում է դերասանուհին։
Ֆիլմի պրեմիերայից առաջ մեկնարկած ասուլիսին ներկա էր նաև հենց ինքը՝ Նազիկ Ավդալյանը: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը նշում է, որ հանդիսատեսի հետ միասին ինքն էլ առաջին անգամ է տեսնելու ֆիլմը։
«Իհարկե, մարդիկ տարբեր են, և նրանց ընկալումները ևս ֆիլմի վերաբերյալ պետք է տարբեր լինեն, բայց հուսով ենք, որ կարող ենք տեղ հասցնել այն հիմնական գաղափարը, որի նպատակին ձգտում է ծառայել «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը»,- նշեց Նազիկ Ավդալյանը։
Սպորտային դրամայի նկարահանման ընթացքում դերասանական կազմը համալրել են ճանաչված և սիրված դերասաններ՝ Սոս Ջանիբեկյանը, Արտաշես Ալեքսանյանը, Դավիթ Հակոբյանը, Բաբկեն Չոբանյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը և այլք։
Խոսելով դերասանական կազմի ընտրության մասին՝ ռեժիսոր-սցենարիստը նշում է. «Գեղարվեստական արժեք ստանալու համար անհրաժեշտ էր հավաքելու նման մեծ աստղաբույլ. ընտրությունն իհարկե կատարվել է Նազիկի հետ ունեցած համաձայնության արդյունքում, և ընտրության պարագայում հաշվի է առնվել ոչ միայն նրանց հայտնի լինելն ու տաղանդը, այլ նաև նրանց՝ մեր գաղափարներին և պատկերացումներին մոտ լինելը»։
Արդյո՞ք ֆիլմի միջոցով անձնական կյանքի հանրայնացումը մտավախություն չի ներշնչում՝ Նազիկ Ավդալյանը պատասխանում է, որ իր համար իր անցած ուղին շատ կարևոր նշանակություն ունի, և կան դեպքեր, որի մասին անգամ հարազատ մարդիկ չգիտեն։
Ֆիլմում ծանրամարտուհու մարզչին մարմնավորած դերասանը՝ Արտաշես Ալեքսանյանը, իր խոսքի առանցքային հատվածում կարևոր համարեց նշելու՝ այս ֆիլմը կդառնա միջոց ճանաչելու սպորտային աշխարհում ունեցած մեր լեգենդին, որի նպատակային և աշխատասեր լինելը պետք է վարակիչ օրինակ դառնա բոլորի համար։
«Սցենարը գրվել է իրական հերոսների հետ ունեցած հանդիպման ընթացքում, և նույնիսկ եղել են արտահայտություններ, որոնք ինձ համար դարձել են թևավոր խոսքեր»,- պատմում է Աննա Հարութունյանը։
Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով մարմանավորում է Նազիկ Ավդալյանի կողակցի կերպարը, նշում է, որ ֆիլմում պատկերված է ոչ միայն մեդալի հակառակ կողմը, այլ նաև իր հերոսի։
Ավելի քան 2 տարի տևած նկարահանումները հնարավորություն տվեցին այսօր էկրան բարձրացնելու իրական կերպարի իրական պատմությունը։
«Եթե մեկ տողով փորձեմ ամփոփել այն զգացողությունները և ապրումները, որը հիմա ունեմ ես՝ կասեմ միայն՝ շնորհակալ եմ»,- եզրափակում է իր խոսքը Աննա Հարութունյանը (Աննա Մաքսիմը)։
Սյուզի Դավթյան