Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը՝ www.kadrer.emis.am:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին և ցանկանում է համալրել բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը, կայքի միջոցով կարող է ներկայացնել առցանց դիմում։
Մուտք գործելով կայք՝ հայտատուն գրանցվում է՝ ստեղծելով իր օգտահաշիվը և մի քանի պարզ գործողություններով նախ լրացնում է դիմումը, ապա կցում պահանջվող փաստաթղթերը:
Կայքում հասանելի է թափուր աշխատատեղի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ աշխատավարձի չափ, ժամաքանակ և այլն։
Ստացված դիմումների հիման վրա ԿԳՄՍ նախարարությունում ձևավորվում է ամբողջական, մշտապես լրացվող, ավտոմատացված տվյալների բազա, որի ուսումնասիրությունից հետո նախարարությունը պայմանագրի կնքման համապատասխան առաջարկություն է ներկայացնում թափուր հաստիքին առավելագույնս համապատասխանող հայտատուին։
Հայտատուն ավտոմատացված կերպով իր օգտահաշվում անմիջապես տեսնում է առաջարկը և համաձայնում կամ մերժում այն։ Աշխատանքի երեք առաջարկ չընդունելու դեպքում՝ տվյալ հայտատուի դիմումները նախարարության կողմից չեն դիտարկվի հաջորդող երեք տարիների ընթացքում։
Կայքը հնարավորություն է տալիս մեկ վայրում իրական ժամանակում տեսնել բարձրլեռնային և սահմանամերձ համայնքների դպրոցներում առկա ուսուցչական բոլոր թափուր հաստիքները, որոնք տվյալ պահին մրցութային կարգով համալրված չեն։
Կայքի գործարկումը թույլ է տալիս էականորեն նվազեցնել վարչարարությունը, կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև թափուր աշխատատեղերի դիտարկման համար ծախսվող ժամանակը։ Ծրագրի նպատակը բարձրլեռնային և սահմանամերձ համայնքների դպրոցներում առկա թափուր աշխատատեղերի համալրումն է որակյալ մասնագետներով, ինչպես նաև դպրոցում կրթության որակի ապահովումը։
Ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին համապատասխանող և բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը համալրել ցանկացող անձինք արդեն իսկ կարող են կայքի միջոցով ներկայացնել առցանց դիմում: