կարևոր
2842 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-14 16:56
Քաղաքական

Ծախսվող պետական միջոցները չեն հասնում նպատակին և փոշիանում են․ Արման Ղազարյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի ելույթը․

«Գյուղատնտեսությամբ զբաղվող բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ ենք ստանում շարունակաբար չլուծվող խնդիրների և իրենց աշխատանքի առարկայական դժվարությունների մասին։

Խնդիրներն ունեն բազմակողմանի բնույթ՝ գյուղատնտեսական ծախսերի աճից մինչև իրացման անբավարար հնարավորություններ, ինքնարժեքից ցածր գին, բնական աղետներից մինչև անվտանգային խնդիրներ, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում։

Հիմա ներկայացնեմ թարմ թվային որոշակի պատկեր։

Մասնավորապես, Գեղարքունիքի մարզում 1 հեկտար կարտոֆիլ մշակելու համար ծախսվում է միջին հաշվով 3 միլիոն 400 հազար դրամ գումար, և սա էլ՝ ոչ էլիտար սերմացու ցանելու պարագայում։ Նույն 1 հեկտարից ստացվում է շուրջ 25-ից 30 տոննա բերք, որի այսօրվա վաճառքի շուկայական արժեքը կազմում է միջինը շուրջ 3 միլիոն դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ կարտոֆիլի մշակումը նույնիսկ չի ծածկում իր վրա կատարված ծախսերը, չհաշված գյուղացու ընտանիքի ներդրած աշխատանքը։ Սա էլ այն դեպքում, երբ հաշվի չեն առնված բնական աղետների հնարավոր հետևանքները։

Այս տարածաշրջանում նույն մտահոգիչ թվային պատկերն է նաև մեկ այլ հիմնական մշակաբույսի՝ կաղամբի մշակման առումով։ Մասնավորապես, 1 հեկտար կաղամբ մշակելու համար ծախսվում է միջինը 2 միլիոն 800 հազար դրամ։ Եթե անգամ առավելագույնս՝ 50 տոննա բերք ստացվի, ապա ներկա շուկայական գներով իրացման ամբողջական եկամուտը կկազմի շուրջ 3 միլիոն դրամ։ Այսինքն՝ կաղամբի իրացումից ստացվող համախառն եկամուտը հազիվ ծածկում է դրա մշակման վրա կատարված ծախսերը։ Չնայած սրան, հատկանշական է, որ նախորդ տարի կաղամբի 1 կգ-ի գինը ընդամենը 20 դրամ էր, և նույնիսկ այդ գնով կար իրացման դժվարություններ։ Հետևանքը եղավ այն, որ հազարավոր տոննա բերքը փչացավ գյուղացու պահեստում։

Ընդ որում, հայտնի է, որ այս տարածաշրջանում այլ մշակաբույսերի զանգվածային արտադրության իրական արդյունավետ պայմաններ չկան։

Հետևաբար փաստ է նաև, որ իշխանության կողմից բազմիցս բարձրաձայնվող գյուղատնտեսական աջակցությունը ոչ միայն համարժեք չի առկա և ավելացող խնդիրների լոիծմանը, այլև՝ ստացվում է, որ ծախսվող պետական միջոցները չեն հասնում նպատակին և փոշիանում են»։