կարևոր
295 դիտում, 1 ժամ առաջ - 2025-05-06 22:53
Հասարակություն

Գեղարքունիքի մարզում սահմամամերձ դարձած գյուղերը կարգավիճակ չեն ստանում․ Արման Ղազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

«Սիրելի հայրենակիցներ

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ օրերս հերթական անգամ այցելել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։

Բազմիցս եմ բարձրաձայնել մարզի սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի՝ օր-օրի ավելացող և խորացող խնդիրները։ Բարձրաձայնելու եմ մաև հետայսու, քանի դեռ այս խնդիրների վերաբերյալ պահպանվում է օրվա իշխանության անընդունելի վարքագիծը՝ խնդիրները ավելանում են առաջանցիկ, քան դրանց տրվող լուծումներն են։

2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Գեղարքունիքի մարզում փաստացի սահմամամերձ դարձան նաև Գեղամասար և Կախակն բնակավայրերը։ Սակայն այդպես էլ այս համայնքները չեն ստանում համապատասխան կարգավիճակ և, բնականաբար, նաև իրենց հասանելիք պետական աջակցությունը։

Այս բնակավայրերի մեր հայրենակիցները սոցիալական ավելացող խնդիրներից զատ, փաստացի ամեն օր ապրում են նենգ թշնամու ուղիղ նշանառության և պարբերական սադրանքների ներքո։ Մասնավորապես, Նորաբակ և Կախակն բնակավայրերը սնուցող՝ խմելու ջրի միակ աղբյուրակապերը գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ, որի հետևանքով հնարավոր չի ապահովել բնակչության անվտանգ և անխափան ջրամատակարարումը։

Ավելին, այս բնակավայրերի գյուղնշանակության հողերի զգալի մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ մշակել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն այդ հողերի համար ևս ընդհանուր կարգով և չափերով հաշվարկվում են հողի հարկն ու տույժերը։

Փաստորեն, նշված բնակավայրերը դարձել են սահմանամերձ՝ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ, առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ, սոցիալական, գյուղատնտեսական բազմաթիվ նոր խնդիրներ, սակայան կառավարությունը այդպես էլ չի տրամադրում անհրաժեշտ փոխհատուցող աջակցությունները։

Սահմանապահ այս բնակավայրերի բնակիչները՝ առանց պետական հասանելի աջակցության, բառիս բուն իմաստով միայնակ են մնացել իրենց հին ու նոր բազմաբնույթ խնդիրների առջև։

Նրանք օբյեկտիվորեն փաստում էին․ պետական և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչները տարիներ շարունակ նույնիսկ չեն այցելում իրենց համայնքներ՝ գոնե մարդկանց խնդիրներին ականջալուր լինելու համար։

Եվս մեկ անգամ պնդում եմ․ սա օրվա իշխանության անհետևողական, անպատասխանատու և փնթի վարքագիծ է, որի հետևանքներն ամեն օր իրենց ուսերին զգում են սահմանապահ բնակավայրերի մեր հազարավոր հայրենակիցները։

Հետևանքները դառնում են անդառնալի՝ բնակավայրերը դատարկվում են, սոցիալ-տնտեսական վիճակը դառնում է անտանելի, իսկ ժողովրդագրական պատկերը՝ ահագնացող»։