կարևոր
14176 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-20 19:38
Արցախ Քաղաքական

Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ․ Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ․ Գեղամ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում։ Իր ելույթում, մասնավորապես, ասել է

«Հանձնաժողովին ներկայացված իմ գրավոր վկայության մեջ ես ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ փաստեր և մանրամասներ։

Ես այսօր ելույթ կունենամ և որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ, որն իր և իր ընտանիքի օրինակով տեսել և իր վրա զգացել է Ադրբեջանի կողմից համակարգային կերպով վարված ցեղասպանական քաղաքականության հետևանքները, վախի և ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո բռնությամբ տեղահանվել իր հայրենիքից, և որպես Օմբուդսման, որը, իր առաքելության բերումով դարձել է մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործությունների վկան և փաստագրողը։
Երբ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը կեղծ էկոլոգիական պատճառներով շրջափակեց Լաչինի միջանցքը, ես երեք ամիս չկարողացա վերադառնալ տուն, ես մարդու իրավունքների պաշտպան էի, որը չէր կարողանում գնալ այն ժողովրդի մոտ, որի իրավունքները պետք է պաշտպաներ։ Երեք ամիս անց ես կարողացա վերադառնալ Արցախ անտառային ու լեռնային ճանապարհներով՝ այնպիսի ճանապարհներով, որոնցով անցնելը խիստ վտանգավոր էր։

Հեռվից շրջափակման իրական դժոխքն այդքան շոշափելի չէր, որքան տեղում, երբ քո աչքերով ես տեսնում այդ աղետի հետևանքները։ Երբ իմ աչքերով տեսա, թե ինչպես են մարդիկ, այդ թվում 30 հազար երեխաներ, ցուրտ պայմաններում առանց գազի, էլեկտրականության պարբերական անջատումներով, ամենօրյա հացի փնտրտուքներում, փորձեցի առավել շատ պատմել աշխարհին՝ հույս ունենալով ջարդել անտարբերության այն պատը, որ ստեղծվել էր Արցախի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Բայց ապարդյուն։

Ես տեսել եմ սովահար աչքերով ինձ նայող մանուկների և նրանց տառապող ծնողներին։ Ես տեսել եմ դեղորայքից զրկված քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց և ամենօրյա հացի համար պայքար տվող տարեցների և հաշմանդամների։ Ես տեսել եմ բազմամարդ հացի հերթեր, և այդ հերթերից դատարկաձեռն տուն վերադարձող մարդիկ։ Ես լսել եմ արցախցի բժիշկներին, որոնք անընդհատ ահազանգում էին հղիների մոտ թերսնման և վիժման դեպքերի մասին։
Միևնույն ժամանակ ես տեսել եմ իրենց իրավունքների համար ամեն օր պայքարող մարդիկ, որոնց միակ նպատակը սեփական հողում արժանապատիվ ապրելն էր։

Եվ գնալով այդ դժոխքը ավելի էր սարսափելի դառնում։ Հունիսի 15-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից ամբողջության կտրեց Արցախը արտաքին աշխարհից։ Անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախ եկող հումանիտար փոխադրումները դադարեցվեցին Ադրբեջանի պահանջով։ Օրեցօր տեղում եղած պաշարները սպառվում էին, իսկ նոր մատակարարումներ չէին իրականացվում։

9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա սեպտեմբերի 19-ին՝ մեկ տարի առաջ այս օրը։ 24 ժամ շարունակ ռմբակոծություններն ու հրետակոծությունը չէին դադարում, Ադրբեջանը ավերում էր ամեն ինչ, կտրում համայնքների միջև ճանապարհները՝ չթույլատրելով անգամ մահացածների դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ Ադրբեջանական հարձակումներից խուսափելու համար մարդիկ անտառային ճանապարհներով տեղահանվում էին իրենց տներից և փորձում ապաստան գտնել Ստեփանակերտում։ Ստեփանակերտի փողոցները լցվել էին բռնի տեղահանվածներ, որոնք ուղղակի գիշերում էին փողոցներում, առանց պատշաճ սննդի կամ հագուստի։

Սեպտեմբերի 24-ից սկսած ֆիզիկական ոչնչացման իրական վտանգի ներքո Արցախի ամբողջ բնակչությունը լքեց Արցախը։ Անհուսության և քաոսի մատնված մարդիկ, որոնք թողնում են իրենց տները՝ չիմանալով ինչ է սպասվում իրենց։ Ֆրիդոմ հաուսը այդ իրադարձությունները որակում է որպես էթնիկ զտում, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան՝ որպես ցեղասպանություն։
Մենք բռնի տեղահանվեցինք մեր հայրենիքից բոլորի աչքի առաջ, բոլորի։ Ռուս խաղաղապահների աչքի առաջ, որոնք 2020 թվականին եկել էին խաղաղություն ապահովելու Արցախում, Ամերկայի միացյալ նահանգների աչքի առաջ, որը հարձակումից մի շաբաթ առաջ հայտարարում էր, որ չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա նոր հարձակումը, Եվրոպական Միության աչքի առաջ, որը ամենաբարձր մակարդակով իրավունքներ և անվտանգություն էր բանակցում Ադրբեջանի հետ։

Քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, որը իր անտարբերությամբ նայեց, թե ինչպես է հազարամյակների բնիկ հայ ժողովուրդը արամախիլ արվում Արցախից, մաքուր հայկական հողից, որը բռնապետ Ստալինի որոշմամբ է բռակցվել Ադրբեջանին։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի աչքի առաջ, որի կայացրած որոշումները Ադրբեջանն անտեսում էր՝ մնալով անպատիժ։
Բռնի տեղահանությունից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ապրել տառապանքների մեջ՝ ամեն օր տեսնելով, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում մեր տները, գետնին հավասարեցնում մեր բնակավայրերն ու սրբավայրերը, մաքրում հայկական հետքը Արցախից, բանտարկված պահում մեր գերիներին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Եվ ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվում շարունակվող հանցագործությունների համար, այլ իրավունք է ստանում կազմակերպելու COP29-ի նման հեղինակավոր միջոցառում։ Արդյո՞ք սա է քաղաքակիրթ մարդկության պատասխանը Ադրբեջանին գործած հանցագործությունների համար։

Հարգելի գործընկերներ,

Այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների, որոնք հաղթահարելու համար ես առաջարկում եմ հետևյալը՝

- Ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար պատշաճ միջազգային աջակցություն։ Սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի Հանրապետության կողմից բռնի տեղահանված անձանց տրամադրող աջակցությունը բավարար չէ՝ հասցեագրելու տեղահանվածների կարիքները, ինչի հետևանքով հազարավոր տեղահանվածներ ապրում են չքավորության մեջ՝ բախվելով սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների, որոնցից կառանձնացնեի բնակարանային ապահովման և արժանապատիվ աշխատանքի խնդիրը։

- Թիրախային պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիաների և դրանց ընթացքում գործած միջազգային հանցագործությունների համար։ Ադրբեջանի անպատժելիությանը պետք է վերջ դրվի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

- Ջանքեր պետք է գործադրվեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման համար։ Մենք ականատես ենք լինում, որ բացառապես իրավական գործիքակազմով հնարավոր չէ հասնել արդյունքի և միայն ուժեղ միջազգային ճնշմամբ է հնարավոր պարտադրել Ադրբեջանին ազատ արձակել ապօրինաբար պահվող անձնանց և տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց վերաբերյալ։

- Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ նաև կանխելու համար Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հանրային ու մասնավոր սեփականության ոչնչացումն ու յուրացումը։

- Անհրաժեշտ է ստեղծել միջազգային համապատասխան հարթակ, որտեղ կհասցեագրվի Արցախի ժողովրդի հավաքական, արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրացման հնարավորությունները՝ կատարելու համար ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը։ Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերն այսօր բացակայում են, ինչը անթույլատրելի է։ Ավելին, Մարդկանց խեղված ճակատագրերի, խախտված իրավունքների և հանցագործների խրախուսման վրա ստեղծված խաղաղությունը չի կարող արդար, կայուն և արժանապատիվ լինել»։