կարևոր
2092 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-10 21:45
Հասարակություն

Դիմում եմ աշխատանքի տեսչությանը. կանխե՛ք բուհերի դասախոսների աշխատանքային իրավունքների ոտնահարումը․ Կյուրեղյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պագամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին
 

«Սիրելի հայրենակիցներ, օրվա իշխանությունների օրոք բազմաթիվ են դարձել դեպքերը, երբ բուհերում դասախոսների հետ չեն կնքվում աշխատանքային պայմանագրեր՝ զուտ նրանց ընդդիմադիր հայացքների համար:

Հանրապետության պետական բուհերում ոչ ցանկալի դասախոսներից ազատվելու գործընթացը սկսվել է շատ ավելի շուտ, երբ իշխանության նշանակած ռեկտորներն սկսեցին  անտեսել պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության մրցույթային կարգի  օրենսդրական պահանջը,  ինքնուրույն համալրել այդ կազմը:

Նրանք խախտել են «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի պահանջը, ՀՀ կառավարության 311-Մ հրամանի 3-րդ կետը, համաձայն որոնց  գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն:

Այսօր պետական շատ բուհերում արդեն 2-3 տարուց ավելի է, պրոֆեսորադասախոսական կազմի համալրման ընտրություն չի հայտարարվում:

Արդյունքում ռեկտորները փորձում են սահուն անցնել միանձնյա կառավարման համակարգի, անցանկալի դասախոսների հետ պայմանագրեր չեն կնքվում, մյուսների հետ էլ կնքում են որոշակի ժամկետով պայամանգրեր, դրանով իսկ դասախոսներին զրկելով անընդհատ ստաժ ունենալու, արձակուրդային ստանալու հնարավորությունից, նրանց պահում են աշխատանքային պայմանագիր կնքելու՝ իրենց ցանկությունից կախվածության մեջ, և որ ամենակարևորն է՝ խախտում են օրենքի  և կառավարության հրամանի պահանջները:

Նման իրավիճակ էր նաև Վանաձորի պետական համալսարանում: Այս ամռանը՝ ուսումնական տարվա ավարտին, բուհի 210 դասախոսներից համարյա 120-ի մոտ վաղուց ընտրության ժամկետներն արդեն անցել էին, նրանց աշխատանքային պայմանագրերը ժամկետանց էին և այդ մարդիկ հուլիսից ազատված էին աշխատանքից՝ սեպտեմբերին նորից ընդունվելու ակընկալիքով:

Միայն իմ համառ պայքարի արդյունքում ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը պարտադրեց ռեկտորին՝ հայտարարել ընտրություններ, որի արդյունքում այդ 120-ից 107-ը ընտրվեցին դասախոս 5 տարի ժամկետով, ինչպես պահանջում է օրենքը, մյուսների մոտ ընտրության մասնակցության տեխնիկական խնդիրներ առաջացան ընդամենը:

Դիմում եմ հանրապետության մյուս պետական բուհերի դասախոսներին: Բարձրաձայնեք օրենքի խախտմամբ ձեր բուհում ընտրություն չանցկացնելու մասին, թույլ մի տվեք, որ ռեկտորը չարաշահի իր լիազորությունները: Վաղը դուք կարող եք հայտնվել աշխատանքից ազատման վիճակում:

Հայտնում եմ ձեզ, որ պատրաստ եմ այդ հարցով միանալ ձեր պայքարին և հասնել արդյունքի, ինչպես դա եղավ Վանաձորի պետական համալսարանում:

Դիմում եմ ՊՎԾ-ին, որի գործունեությունը միտված է պետական հիմնարկներում կառավարության որոշումների, օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությանը:

Թույլ մի տվեք, որ բուհերի ռեկտորները շրջանցեն պրոֆեսորադասախոսական կազմի համալրման մրցույթային կարգով ընտրություն անցկացնելու օրենսդրական պահանջը և այն ձևավորեն իրենց նախասիրություններով:

Դիմում եմ աշխատանքի տեսչությանը. Կանխեք բուհերի դասախոսների աշխատանքային իրավունքների նման կոպիտ խախտումները»: