|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այսօր ավարտվում են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի` համատեղ 6-օրյա զորավարժությունները: Պաշտոնապես տեղեկացվել էր, որ դրանցում ընդգրկված են եղել գրեթե բոլոր զորատեսակները՝ զրահամեքենաներ, հրետանային միջոցներ, ռազմական և տրանսպորտային ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության ուժեր, զենիթահրթիռային կայանքներ: Զորավարժությունների նպատակը պաշտոնապես համարվում էր երկու երկրների զինված ուժերի միջև կոորդինացման բարելավումը փորձի փոխանակման միջոցով, ռազմական ստորաբաժանումների միջև փոխգործակցության ապահովումը շտաբների համատեղ պլանավորմամբ օպերացիաների իրականացման համատեքստում ստորաբաժանումների կարողության բարձրացումը:
Ռուսական «Кавказский узел» համացանցային լրատվամիջոցին ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի տված պարզաբանումներից պարզ է դառնում, որ զորավարժություններն անցել են հայ-ադրբեջանական շփման գծից բավականին հեռու՝ երկրի արևելքում: Ներգրավված մարդային կոնտինգենտը մեկական գումարտակ է եղել, իսկ ռազմական տեխնիկայի ընդհանուր թիվը հասել է 100-ի: Ըստ փորձագետի՝ զորավարժության ընթացքում փորձարկվել են մարտի վարման ժամանակակից ձևերը, ենթադրյալ հակառակորդի պաշտպանական գծի ճեղքումը:
Առաջին անգամը չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում: Նմանատիպ միջոցառում նրանք 2014-ից անցկացնում են ամեն տարի: Առաջիկա հունիսի 4-14-ին Վրաստանում կանցկացվեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները: 2016թ., օրինակ, ևս երկու անգամ են համատեղ զորավարժություններ անցկացվել՝ մարտին և հունիսին` ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես առաջ և Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը գրեթե զուգահեռ: Չի կարելի բացառել, որ ապրիլյան հարձակումը ադրբեջանական զինուժն իրականացրել էր հենց դրան նախորդած համատեղ այդ զորավարժություններում մշակված սցենարով: Պատահական չէ, որ այդ հարձակմանը դեռ նախնական փուլում առաջինը Թուրքիան էր արձագանքել՝ ողջունելով ադրբեջանական զինուժի արձանագրած «հաջողությունները»:
Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները պլանային բնույթ ունեն և երկու երկրների ռազմական համագործակցության ամենակարևոր, թերևս` ստրատեգիական ուղղությունն են, հետապնդում են համատեղ ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար երկու երկրների զինուժերի փոխգործակցության մեխանիզմների մշակման նպատակ: Այս իմաստով զորավարժություններն ակնհայտորեն ուղղված են Հայաստանի դեմ. նախ՝ երկու երկրների զինված ուժերը համատեղ գործողությունների այլ պոտենցիալ թիրախ չունեն, երկրորդ՝ չկա այլ հակառակորդ, որի պաշտպանական գիծը ճեղքելու անհրաժեշտություն նրանք ունենան:
Զորավարժությունները չեն նշանակում, թե Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ առաջիկայում պատերազմ է պլանավորում Հայաստանի կամ Արցախի դեմ: Դրա նախադրյալները այս պահին չկան: Ադրբեջանի տնտեսությունն 90-ականներից հետո իր վատագույն ժամանակներն է ապրում, ավելի քան 30 տոկոսով կրճատվել է այդ երկրի ռազմական բյուջեն: Նման պայմաններում քիչ հավանական է թվում, որ Բաքուն կգնա ռազմական արկածախնդրության, որի տևողությունը պլանավորել չի կարող: Երկրորդ՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ջերմանում են: Դա նրանց ստիպում է զսպել բոլոր հնարավոր կոնֆլիկտային օջախները, որոնց ժայթքումը կարող է խաթարել առանց այն էլ լրջագույն ճաքեր տված փոխադարձ վստահությունը, համատեղ տնտեսական և էներգետիկ նախաձեռնությունները, համագործակցությունը Սիրիայում:
Չնայած սրան՝ ադրբեջանա-թուրքական զորավարժությունները զգուշանալու տեղիք են տալիս երկարաժամկետ հեռանկարում: Խնդիրը ոչ այնքան զորավարժություններն են, որքան դրանց ծավալների մեծացումն ու անցկացման հաճախակիությունը: Ադրբեջանական բանակում զորավարժությունները գրեթե ամենամսյա բնույթ են կրում: Հիշեցնենք, որ համատեղ այս զորավարժություններից ընդամենը 10-15 օր առաջ` ապրիլի 16-21-ին, ադրբեջանական զինուժը շփման գծին մոտ անցկացրեց հերթական խոշորամասշտաբ զորավարժությունը՝ մինչև 30 հազար զինծառայողների, 250 միավոր զրահատեխնիկայի, տարբեր տրամաչափի 200 հրթիռահրետանային կայանների ներգրավմամբ:
Նման ռեսուրսները հենց այնպես չեն վատնվում: Այս տենդենցը հետապնդում է ԼՂ հարցում Հայաստանին հոգեբանական և քաղաքական ճնշումների ենթարկելու նպատակ: Սակայն առաջին հերթին զորավարժությունների ինտենսիվացումը բարձրացնում է ադրբեջանական բանակի մարտունակությունը: Հակառակորդը վերանայումներ է կատարում՝ ապրիլյան ձախողումներից դասեր քաղելով, և սպասելու է ներքին ու արտաքին հանգամանքների այնպիսի դասավորության, որը հնարավորություն կտա գնալու ռազմական գործողությունների: Հայկական ուժերը հիմա տեխնիկական հագեցվածությամբ ավելի լավ են վերահսկում հակառակորդի շարժերը: Բայց խնդիրն այս դեպքում առաջնագծի ամրությունը չէ, այլ լայնածավալ ռազմական գործողություններին զորավարժությունների ընթացքում լավագույնս նախապատրաստվելու իրողությունը:
Մինչդեռ նման ինտենսիվությամբ զորավարժություններ հայկական զինուժը, համենայն դեպս` հրապարակային մակարդակով, չի անցկացնում: Արդյո՞ք պատճառը միջոցների սակավությունն է, դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ հակառակորդի պատրաստումների հաճախակիացման ֆոնին հնարավոր չէ այլևս բավարարվել ցանկացած դեպքում հաղթած լինելու պաթոսախառը ինքնահանգստացմամբ:
Հայաստանը, զինուժի կատարելագործման առումով, չունի այնպիսի օգնական, ինչպիսին Ադրբեջանի համար Թուրքիան է: «Ռուսաստանը երբեք Հայաստանի համար նման դեր չի խաղացել, ինչպիսին Թուրքիան` Ադրբեջանի համար»,- դեռ 2016թ. ապրիլին՝ քառօրյա մարտերից հետո, Deutsche Welle-ին խոստովանում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Թեև Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, նրա հետ համատեղ զորավարժություններ գրեթե չեն անցկացվում: Ռուսական 102-րդ ռազմաբազան ամեն կիսամյակ իր համար է առանձին զորավարժություններ անցկացնում, հայկական զինուժը՝ ավելի փոքր ինտենսիվությամբ՝ իր համար: Ե՛վ Թուրքիան է ամեն կերպ սպառազինում ադրբեջանական բանակը, և՛ ՀԱՊԿ-ում Հայաստանի, այսպես կոչված, «դաշնակից երկրները»՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Ապրիլին հայտնի դարձավ, որ Աստանան Բաքվին առաջարկել է մատակարարել իր արտադրության Arlan զրահամեքենաներ: Եվ չնայած այս իրողությանը՝ պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկն է:
Գևորգ Դարբինյան