կարևոր
3022 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-02 22:59
Քաղաքական

Հաջիևի հայտարարությունը զավեշտ է, Բաքուն անպատժելիությամբ փուլային ցեղասպանեց հայ ժողովրդին. հայտարարություն

Հաջիևի հայտարարությունը զավեշտ է, Բաքուն անպատժելիությամբ փուլային ցեղասպանեց հայ ժողովրդին. հայտարարություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ հանդես է եկել անիմաստ պահանջելով, որպեսզի «Հայաստանը ներողություն խնդրի Ադրբեջանից իր բարբարոսական արարքների համար»։ Զավեշտալի է, երբ նման հայտարարությամբ է հանդես գալիս մի երկրի բարձր պաշտոնյան, որը վերջին ավելի քան երեք տասնամյակների ընթացքում իրականացրել է փուլային ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ՝ ցեղասպանություն եզրի բոլոր բաղադրատարրերի ներկայացվածությամբ, և ոչ միայն ներողություն չի խնդրել իրականացված հանցագործությունների համար, այլև շարունակում է ժխտել այդչափ ակներև իրականությունը։ Արդյո՞ք Ադրբեջանը չէր այն պետությունը, որը նախապես կազմված ցուցակների հիման վրա, ամբոխների շրջանում հակահայկական տրամադրություններ հրահրելով հասավ Սումգայիթի, Բաքվի և այլ վայրերի հայության նկատմամբ լայնածավալ բռնությունների իրականացմանը, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ էթնիկ զտում էթնիկ և կրոնական ատելության հիմքով։ 

Արդյո՞ք Ադրբեջանը չէ այն պետությունը և արդյո՞ք Իլհամ Ալիևը չէ այն նախագահը, ով հերոսության դափնիներով պարգևատրեց Ռամիլ Սաֆարովին հայ սպային կացնահարելու համար։ Արդյո՞ք նման քայլերը արժանի չեն ոչ միայն ներողության, այլև խիստ պատժի և պատասխանատվության։ Սակայն վերջինիս փոխարեն տիրող անպատժելիությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին գնալ է՛լ ավելի խորը՝ պատերազմական հանցագործությունների՝ քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, արգելված զենքերի կիրառմամբ, 120 հազար էթնիկ հայերի միտումնավոր շրջափակմամբ և հումանիտար աղետի հարուցմամբ։

Մի՞թե Հիքմեթ Հաջիևը չի կարծում, որ Ադրբեջանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի Հայաստանից և հայ ժողովրդից այն բոլոր գործողությունների համար, որոնք միանշանակ կարելի է բնութագրել որպես մարդկության դեմ գործված հանցագործություններ։ Պատրաստ է արդո՞ք Հիքմեթ Հաջիևը՝ որպես ահաբեկչական երկրի նախագահի օգնական, կրել նման խոստովանությանը հաջորդող ողջ պատասխանատվությունը։

Հաջիևը դժգոհել է նաև միջազգային կառույցների, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունից։ Թերևս այս պարագայում ստիպված ենք կիսել Հաջիևի դժգոհությունը, որովետև եթե միջազգային կառույցներն ունենային բավարար կամք և գործիքակազմ, դժվար թե Ադրբեջանին հաջողվեր հասնել անպատժելիության նման մակարդակի։ Եթե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գործեր բավարար պատասխանատվությամբ, վերջինիս հովանավորության տակ գտնվող անձինք չէին կարող առևանգվել Ադրբեջանի կողմից և դառնալ բեմականացված դատավարությունների թիրախ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Հիքմեթ Հաջիևի անհիմն հայտարարություններն ու պահանջները։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և վերջինիս պաշտոնատար անձանց հանցանքի հետքերը մաքրելու նպատակով դրանք չնետել հակառակորդի կողմը և կատարել ինչպես միջազգային իրավունքի նորմերով ստանձնած, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով պարտադրվող քայլերը»։