կարևոր
4882 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-26 22:35
Աշխարհ Քաղաքական

Բրյուսելում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը․ հայտնի է՝ ինչ են կողմերը քննարկել

Բրյուսելում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը․ հայտնի է՝ ինչ են կողմերը քննարկել

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարի հրապարակած հաղորդագրության մեջ, հանդիպմանը կարճ ժամանակով մտքերի փոխանակման նպատակով միացել է նաև Միշելը։

«ԵՄ-ն մասնակիցներին հրավիրել է մտքեր փոխանակելու տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ։

Եվրամիությունն ուշադիր հետևում է այս բոլոր իրադարձություններին և ամենաբարձր մակարդակով մասնակցում է քաղաքացիական բնակչության համար ռազմական գործողությունների հետևանքների մեղմմանն ուղղված աջակցությանը: ԵՄ-ն այս համատեքստում վերահաստատել է անցած շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ իր դիրքորոշումը:

Հիքմեթ Հաջիևը խոսել է Ադրբեջանի կողմից տեղի բնակչությանը մարդասիրական օգնության անվտանգության ապահովման ծրագրերի մասին: ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկության և հասանելիության, ինչպես նաև Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում ղարաբաղահայությանը։

Հանդիպումը նաև հնարավորություն է տվել մասնակիցների միջև կարծիքների ինտենսիվ փոխանակում իրականացնել երրորդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման արդիականության վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում:

Մասնակիցներն ի գիտություն են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու իրենց ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Այս կապակցությամբ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպմանը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի առաջմղման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան, անվտանգությունը, կապը, հումանիտար հարցերը և խաղաղության ավելի լայն պայմանագիրը: Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։

ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի կողմից ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն տարածքային ամբողջականությանը և միմյանց ինքնիշխանությանն իրենց հանձնառությունը հրապարակայնորեն հաստատելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը` tert.am